Լինենք զգոն, բայց չխառնվենք իրար: Բոլորս այսօր կենտրոնացած ենք Վրաստանում տեղի ունեցած ցավալի աղետի վրա կամ Իսլամական պետության առաջխաղացման վրա, բայց մոռացել ենք Պերմյակովի կատարած սպանդի մասին: Իհարկե, դա արհեստավարժ իրավապահների գործն է, բայց դիտարկենք մի տարբերակ: Այսօր հաղորդագրություն տարածվեց, որ առավոտյան Գյումրիում՝ Մայր Հայաստան արձանի մոտ, հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դի, որը, նախնական տեղեկատվությամբ, ռուսական ռազմաբազայի զինծառայողի դի է: Ես չեմ ասում, որ սա հաստատ է, հաստատ կասեն միայն իրավապահները, բայց դիտարկենք այն տարբերակը, որ դա կապ ունի Պերմյակովի գործած ոճիրի հետ: Հնարավոր է, որ սա Պերմյակովի կատարածի շարունակությունն է: Պետք է ուշադիր լինենք, որովհետև հնարավոր է, որ այս սպանությունը հենց նույն ուժերի կազմակերպածն է, որի նպատակը կրկին հայ-ռուսական թշնամանք հրահրելն է. չհաջողվեց Պերմյակովի գործածով դա անել, ուզում են ռուս զինվորի սպանությամբ դա անել: Կրկնում եմ, որ սա զուտ տարբերակ է, և իրավապահները կտան գնահատական, բայց չպետք է բացառել կապը երկու դեպքերի մեջ. լինենք զգոն և չտրվենք սադրանքի, չնայած որ այս տարբերակի ճշմարտացի լինելու դեպքում թիրախը ռուսաստանյան հասարակությունն է, հնարավոր է, որ այնտեղ հակահայ տրամադրություններ առաջանան:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.mkrtchyan.378/posts/466683053513325?pnref=story&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել