Newsline.am-ը գրում է.
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը և գաստրոէնտերոլոգ-թերապևտ Աննա Մարտիրոսյանը մտահոգություն հայտնեցին ամռան ընթացքում սննդամթերքի անվտանգության և մարսողական խնդիրների հետ կապված հարցերի շուրջ:
Արմեն Մարտիրոսյանը մասնավորապես նշեց, որ ամռանը հատկապես մեծանում է տարբեր սննդային թունավորումների ռիսկը, որին նպաստում է փողոցային առևտուրը:
«Փողոցային առևտուրը միջնադարյան ձև է սպասարկում կազմակերպելու տեսանկյունից: Ես չեմ պատկերացնում մի հայ մարդ, որ հաց կգնի ասֆալտի վրայից: Սա ունի բարոյական, էսթետիկական, բայց ամենակարևորը` անվտանգության խնդիր: Եթե չկա հոսող ջուր, սանհանգույց, և մարդիկ տվյալ վայրում սնունդ են պատրաստում կամ վաճառում, ինչպես այն կարող է անվտանգ լինել»,- ասաց Սպառողների միության նախագահը:
Արմեն Պողոսյանն անդրադարձավ մանկապարտեզներում տեղի ունեցած թունավորման դեպքերին:
«Ո՞րն էր Արմավիրի մարզում մանկահասակ երեխաների թունավորման պատճառը: Ես մինչ այժմ չունեմ դրա պատասխանը:Կիսաավազակային կազմակերպություններ կազմակերպում են մանկապարտեզների խոհանոցների սերտիֆակացումը, իսկ որոշ անհայտ կազմակերպություններ էլ մատակարարում են սնունդ: Արդյունքում երեխաները հայտնվում են հիվանդանոցում: Երևանի 3 մանկապարտեզներում հավից թունավորվեցին երեխաները, սակայն պատասխանատուները հայտարարում են, որ մատակարարը սնունդը թողել է մանկապարտեզում և գնացել: Սա ուղղակի անհավանական է»,- շեշտեց Սպառողների միության նախագահը:
Նա խորհուրդ տվեց ամռանը հագնել բաց գույնի հագուստ, խմել թան, մրգահյութ և չչարաշահել ջրի օգտագործումը:
Գաստրոէնտերոլոգ-թերապևտ Աննա Մարտիրոսյանը ևս նշում է, որ հատկապես ամռանը թունավորումները շատ լուրջ խնդիր են, բացի դրանից, բարձր ջերմաստիճանը խոչընդոտում է մարսողությանը:
«Հատկապես կաթնամթերքի, մսամթերքի, հավկիթի պարագայում պետք է մշտապես հաշվի առնել, որ այս մթերքները պիտի պահվեն սառնարանում, ընդ որում սուպերմարկետների բաց սառնարանները ոչ միշտ կարող են ապահովել բավարար ջերմաստիճանը: Հատապտուղները պետք է օգտագործել բավարար լվանալուց հետո, հիգիենայի հետ կապված՝ պետք է մշտապես լվանալ ձեռքերը»,- նշեց Աննա Մարտիրոսյանը:
Նա խորհուրդ տվեց գունավոր գազավորված ըմպելիքները փոխարինել ջրով և տնային պայմաններում պատրաստված ըմպելիքներով: