Երբեմն այն կարծիքն եմ ունենում, թե Ֆեյսբուք կոչվածն այն վայրն է, ուր մարդիկ փորձում են գտնել ինքնաձևավորման ճանապարհը՝ արտառոց մտքեր երկնելով, որոնք բացի այն, որ որևէ առնչություն չունեն իրականության հետ, պարզապես բառակույտային շղթայով գալիս են տրամաբանության պարանոցին փաթաթվում՝ ուղղակի խեղդամահ անելու տրամաբանությանն ու բանականությանը։ Իսկ ավելի սարսափելին, երբ ստիպված ես լինում դարձվածքային այնպիսի վիժումների հանդիպել, որ ամենամսագործ գինեկոլոգն անգամ նախանձով պիտի նայեր։ Սրանով չի ավարտվում ամենայն ինչ, քանի որ մեր որոշ բլոգիստներ՝ ատրակցիոն կազմակերպելու իրենց շոումենյան մոլուցքով լեցուն, իրենց արտառոց վերնագրերով գալիս են այլանդակելու առաջ քաշված հարցն այնպես, որ սկսում ես մտածել, ի՞նչ հավաքականության մեջ ես ապրում և բարոյական ինչպիսի՞ դրոշակակիրներ են գնում հանրության առաջամասում։ Երբ մտահոգություն ես հայտնում երևույթների մասին, որոնք կանխամտածված ջանք չեն խնայում այլանդակելու մեր հավաքական կյանքը։ Երբ ոմանք հայ ժողովրդի «բոլոր խնդիրները լուծելուց հետո» փորձում են 5-6 տարեկան մանուկների սեռական-սեքսի դաստիարակությունը շեփորահարել, և ոմանք, մտահոգ այս ոչ բնական երևույթներից, խղճիդ, ցավացող հոգուդ աղաղակն են բարձրացնում, հանկարծ, չգիտես որտեղից, որ տրամաբանության կաճարի տանիքից լսվում է մի իմաստակի այնպիսի մտքի սունամի, որը գալիս է ամեն ինչ իրար խառնելու, և երբ փորձում է ինչ-որ մեկը նրան հասկացնել, թե ամեն միտք հայտնված դեռ տրամաբանության սահմանագծի մեջ երևացող գաղափար չէ, հանկարծ բլոգյան ինչ-որ էջում հայտնվում է «Հոգևորականներին (նաև Կոմիտաս Վարդապետ Հովնանյանին) քննադատելը «ՄԵՂՔ» է» վերտառությամբ անորոշ մի գրություն, ուր տրամաբանությունը՝ խառնված տրամադրության հետ, կերտում են բանականության հոգեհանգիստը։ Նախ՝ ամեն մեկը, երբ ինքն իրեն դնում է քննադատի տեղ, որևէ բան քննադատելուց առաջ կարողություն պիտի ունենա ճիշտ մտածելու՝ ոչ միայն ինչ-որ բան շարադրելու համար, այլ մեկ ուրիշի շարադրածը ճիշտ հասկանալու, ընկալելու, ուղեղային ծալքերում տեղավորելու համար։
Ցավում եմ, որ հաճախ ոմանք, տառապելով գրանդոմանիայի ախտով, իրենց դնելով մեծ գրաքննադատի տեղ, պատրաստ են այլոց քննադատել, նույնիսկ եթե ասվածը որևէ առնչություն չունի խոսվածի հետ, սակայն երբ այդ նույն անձի հայտնած հայտնած մտքերը քննադատվում են ուրիշի կողմից, նա անմիջապես մեղադրանքի աղեղն ուղղում է հոգևորականների ուղղությամբ՝ մեղադրելով ոչ թե ինքն իրեն իր մտային ոչ ճիշտ մոտեցման համար, այլ այն բանի, իբրև թե «Նրանք (հոգևորականներն) են մեզ ուղղորդում ամեն ինչում, մկրտում են մեզ, պսակադրում ու ճանապարհ գցում: Նրանք են բացահայտում սիրո ու երջանկության գաղտնիքները: Հիմա արդեն գիտական, հասարակական, քաղաքական, տնտեսական, կարճ ասած՝ ամեն ինչին անդրադառնում են անխտիր: Դարբնին` հարվածել, ջութակահարին՝ նվագել, մասնագետ բժիշկներին էլ` դարման անել են սովորեցնում»:
Ավելի մեծ անհեթեթություն քան վերոգրյալ տողերը անհնարին է պատկերացնել։ Մարդ, որի երևակայությամբ - Հոգևորականներին քննադատելը «ՄԵՂՔ» Է – չի հասկանում, որ քննադատել նախ նշանակում է նյութը քննության առնել և հետո միայն դատողություն կատարել, և ոչ թե դատողությունը հիմնել ինչ-որ երևակայական ընկալման վրա։ Առնվազն անբարոյականություն է զրպարտությունը, որ կատարվում է ծայրահեղության օրորոցում օրորվող այս անձը, թե հոգևորականը «Դարբնին` հարվածել, ջութակահարին՝ նվագել, մասնագետ բժիշկներին էլ` դարման անել են սովորեցնում»։ Այս տողերն իսկ գալիս են խոսելու, թե ինչ միջակության հետ գործ ունեն մարդիկ, թե ինչ մակարդակ է տիրում մեր ֆեյսբուքյան էջերում։ Երբ մեկ հասարակությունը ողողում են կուսաթաղանթներով, մեկ հասարակական երանգով Թոխմախ գյոլում թաղում են կարմիր խնձորը, երբ երեխաներին ուսուցանելու փոխարեն սեռական դաստիարակության մասին են մտածում, և երբ հայ հոգևորականն իր ձայնն է բարձրացնում, թե ի՞նչ ենք անում, ո՞ւր ենք գնում նմանատիպ այլասերությամբ, հանկարծ պլատոնյան տոնայնությամբ հնչում է «սեքսոպաթոլոգին (որը, իմ կարծիքով, շատ լավ տիրապետում է իր գործին) նա անընդհատ ընդհատում ու հակասում է» չհարդուկված դարձվածքը։ Նախ՝ ոչ թե հակասում է, այլ հակառակում, իսկ մեր քննարկման խնդիրը ոչ թե սեքսոպաթոլոգիայի մասին դասախոսություն լսելն էր հեռուստաընկերությունում, ուր հրավիրված էինք, այլ մանուկ երեխաների սեռական դաստիարակություն տալու կամ չտալու հարցը։ Այնպես որ, հարգարժան երիտասարդ, շատ կուզենայի քեզ տեսնել հայրացած և դուստր ունենալուց հետո ինչպիսի սեքսոպաթոլոգիական դաստիարակություն կտայիր նրան, որ ողջ ազգը հիացած օրինակ վերցներ…
Հարգանքներով
Կոմիտաս վարդապետ Հովնանյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել