Կատարվածը կատարվելիքին միացնող աննշան գիծը, որ օրըստօրե մարում է մեր իրականության մեջ… Ի՛նչ գույն է այն... Ինչպե՞ս կամ որտե՞ղ նշմարեմ այն…
Երբեւէ չեմ նկարել, գուցե միայն մանուկ ժամանակ, իսկ հիմա զգում եմ անհագ տենչանք վրձինը գունանյութի մեջ շաղախելու, կերտելու իմ աշխարհը: Ինձ հաճախ չեն հասկանում, չեմ էլ փորձում բացատրել էությանս էությունը որեւէ մեկին: Չեմ էլ ուզում ինձ հասկանան`այսպես հանգիստ է…
Բարձրանում եմ ձեղնահարկ, բացում պապիկիս փոշոտ պորտֆելը, հանում մի քանի ներկանյութ. սրանք ինձ պետք չեն:
Վերցնում եմ մեկ գույն. իմ գույնը, իմ ընտրած ու անդադար վերապրած հոգեվիճակի նուրբ երանգը…
Կտավ ունենալ պարտադիր չէ, ես նկարում եմ երազում… Նկարում եմ ապրիլի գույներով` պարուրված տիեզերական հանգստությամբ, փշալարերով պատված խաղաղությամբ…
Վրձինս տատանվում է օդում` հյուսում է սեւ-դարչնագուն մի երազ… Նրանց եմ նկարում` այնքան տարբեր, այնքան մրսած ու միայնակ, անպատասխան սիրով պարուրված… Իսկ ովքե՞ր են նրանք, չեմ էլ ճանաչում: Միայն գիտեմ, որ մենք անբաժան ենք, ինչ-որ անբնական ու տարածական սիրով շղթայված…
Հարցնում եք` ինչ կնկարեի, եթե նկարիչ լինեի… Հոգիս կնկարեի, նրանց հոգին կնկարեի…