Արա, ես չեմ հասկանում, էս R&V Comfort-ում աշխատողները գողակա՞ն են գնում, թե՞ աշխատանքի են ընդունում մենակ մի քանի սռոկ ատբիտ արած դեմքերի, մեկ էլ ընտրություններին հանրապետականին ձեն բերողների։ Մի անգամ սխալվեցի, ոտք դրեցի դրանց Օրբելու խանութը ու նենց տպավորություն էր, ոնց որ գաղութի «կամեռ» եմ մտել։ Մի դրանց մուննաթին նայեք, խոսալու ձևին, հաճախորդ սպասարկելու ունակություններին…
Ուրեմն կարճ-կոնկրետ՝ նախապատմությունը. ռեմոնտի մեջ եմ, ասի մտնեմ, մի հատ լավ հիդրոմերսումով լոգախցիկ պատվիրեմ ու տեսնեմ, կարո՞ղ եմ լավ զեղչ ստանալ, եթե ողջ գումարը միանգամից վճարեմ։ Ու հենց տենց՝ տնային շորերով իջա Օրբելիի R&V Comfort որտեղ սկի չբարեհաճին մի հատ մոտենալ, տեսնել, թե ինչով կարող են օգնել, երբբ ներս մտա։ Սրճում էին պարոնայք։
– Կներեք, ինձ կարո՞ղ եք օգնել։
Աշխատակիցներից մեկը՝ ոտքից գլուխ ինձ չափեց ու ասում է.
– Չե՞ս տենում, պերեռիվ ենք անում։
– Կներեք, բայց ինչո՞ւ եք հետս «Դու»-ով խոսում։ Հետո էլ, խանութը բաց է ու ոչինչ գրված չէր դռան վրա, որ այս ժամերին հաճախորդներին չեն սպասարկում, հակառակ դեպքում չէի անհանգստացնի Ձեզ։
– Հա դե հո ամեն ինչ չպիտի՞ գրվի, ընկեր ջան։ Մի վայրկյան սպասի, հեսա կոֆես պրծնեմ, տեսնեմ ինչ ա ուզածդ, ավելի ճիշտ ուզածՆԵՐԴ, – քմծիծաղով ու վերջին վանկին շեշտ դնելով, պատասխանեց զրուցակիցս։
Ես՝ շոկի մեջ նման վերաբերմունքից, այնուամենայնիվ որոշեցի կուլ տալ դա, որովետև մի հատ լոգախցիկ կար, որը աչքովս էր ընկել ու շատ հավանել էի, ասեցի մարդ ես, կարող է թարս ոտից է զարթնել ու չարժի հանուն իրա անտակտության ձեռք քաշել դուր եկած ապրանքից, առավել ևս, եթե լավ առաջարկ լինի՝ գնային իմասով։
«Մի վայրկյանը» տևեց մի քանի րոպե ու այնպիսի տպավորություն էր, որ դիտավորյալ ու ցուցադրական էին ինձ սպասել տալիս՝ անկապ ֆրազեր փոխանակելով իրար հետ ու բարձր ծիծաղալով ամենևին ոչ ծիծաղելի կատակների վրա։ Վերջապես, աշխարհի «ամենակուլտուրական» վաճառողը բարեհաճեց մոտենալ ինձ։
– Այ հիմա ուՇՇՇՇադիր լսում եմ ՁԵԶ, – հեգնական տոնայնությամբ ասաց նա։
– Ես լոգախցիկների գներին եմ ուզում ծանոթանալ, – անտեսելով նրա անտակտությունը, պատասխանեցի ես։
– Էդ դուշեվՕն հո աղջիկ չի՞ որ ծանոթանաս… բայց դե դու գիտես, արի ծանոթացնեմ «ծտերի» հետ։
Ես շոկի մեջ չգիտեմ էլ ինչ ասեմ։ Սկսեցի լսել նրա միատոն ու արագարագ «Էսի 100… էս՝ 120.000… էս՝ 279.000»-ը, մեկ էլ շրջվեց, էլի որքից գլուխ չափեց ինձ ու ասում է.
– Չնայած 279.000 երևի շատ թանկ լինի քո համար։
Էստեղ արդեն նյարդերս տեղի տվեցին։
– Լսի, ընկեր ջան, դու քեզ ո՞ւմ տեղն ես դրել։ Կարո՞ղ ա գիտես եկել եմ ու խնդրում եմ, որ ինձ նվիրես ինչ որ բան, որ մի հատ էլ մուննաթ ես գալիս իմ վրա ու քեզ նման կերպ ես պահում։
– Հա լա՜վ, ի՜նչ մի բորբովար ընգեր ջան։
– Ընգեր ջան չի։ Բորբոքվա, որովհետև քեզ էնպես ես պահում, ասես դու էս աշխարհի տերն ես, ես էլ ինչ որ ծառա եմ։ Ես եկել եմ էստեղից առևտուր անելու, իսկ դու 20 րոպե է իմ ժամանակն ես վատնում հերիք չէ, մի բան էլ ինչ որ ռեպլիկներ ու նամյոկներ ես անում։
– Հանգստացի ընգեր ջան, արի դուրս գանք՝ խոսանք։
– Ի՞նչ ունեմ ես քո հետ խոսալու, տնօրենիդ հետ եմ ուզում խոսամ։
– Տնօրենի հետ ինՇ կա՞։
– Թե «ինՇ» կա, էդ արդեն ես գիտեմ։
– Ստեղ չի ապԷ, ասա՝ կփոխանցեմ։
– Հա՞։ Դե փոխանցի, որ քեշ փողով գնորդ կար, ով էլ կյանքում Ձեր խանութից չի օգտվի, եթե անգամ անվճար լինի ապրանքը ու չի անի դա՝ հենց քո պատճառով։
Ասեցի ու նյարդայնացած դուրս եկա, իսկ էս խելոքը իրան ուզում էր հետևիցս գցեր, հավանաբար «դուրսը հետս խոսալու» համար, այն էլ վրա հասած մյուս աշխատակիցները մի կողմ քաշեցին, թե բա «Թարգի, ախպեր…», «Արի-արի, բռատ, ինչ ես հավայի ՉէՊէ անում»…
Ես չեմ հասկանում, ի՞նչ բառդակ է այս խանութում։ Ես հիմա ամենևին ցանկություն չունեմ ստուգել, թե ցանցի մյուս խանութներում ինչպես է իրավիճակը, որովհետև Նուբարաշենի քրեակատարողականի բանտախուց հիշեցնող այս վաճառակետում ստացածս տպավորություններն «անմոռանալի էին»։
R&V Comfort-ին էլ առաջարկում եմ անվանափոխություն ունել ու կոչվել R&V Discomfort: