Անկեղծ ասած, ամեն անգամ, խորը զզվանք եմ ապրում՝ ֆուտբոլային մեր երկրպագուների վարքից, երբ Հայաստան է ժամանում ինչ որ մրցակից հավաքական։ Երկրպագուները որոշծել են կրկնօրինակել ամենարատավոր երևույթները, որոնք առկա են ֆան-մշակույթում։ Մասնավորապես, տանել չեմ կարողանում, երբ երկրպագուները ժամանելով օդանավակայան, սկսում են հայհոյանքներ ու վիրավորական այլ բաներ վանկարկել մրցակիցների հասցեին։
Դա ստորություն է ու անձամբ ես թքած ունեմ, թե ուրիշները ինչ են անում։ Սպորտն ունի սպորտային էթիկա, որի բաղկացուցիչ մասը հարգանքն է՝ մրցակցի հանդեպ և նրանից, որ այլ երկրներում երկրպագուները ղալլաթ են անում, այդ ղալլաթը ղսմաթ չի դառնում։ Ժողովրդական հայտնի խոսք կա. «Գուլխը պատով է տվել, դու էլ տուր»։
Երեկ հերթական անգամ զզվանք ապրեցի՝ ՖԱՖ-ի երկրպագուների պահվածքից՝ օդանավակայանում, երբ վերջիններս հայհոյում էին Ռոնալդուին ու Պորտուգալիայի հավաքականին։ Հիմա ես էլ չեմ սիրում այդ տղային, բայց դա չի նշանակում, որ կարող եմ ողջունել նման ոչ սպորտային վարքը։ Հետո էլ բողոքում ենք, որ դուրսը մեր հավաքականին են այդ կերպ դիմավորում ու սադրում։ Եթե ինքներս զերծ չենք մնում նման ստորությունից, ի՞նչ իրավունք ունենք վիրավորվել, երբ դա անում են մեր հանդեպ։
Փոխարենը, վստահ եմ, որ պետք է մենք դրական օրինակ ծառայենք, առավել ևս, որ փորձը ցույց է տալիս, որ երկրպագուների լկտիությունը առանձնապես չի օգնում՝ հաղթանակ ձեռք բերելու հարցում, իսկ այդ դրական ընկալումը երկրի ու ազգի հանդեպ՝ փոխվում է, ինչպես փոխվեց մեր ընկալումը բուլղարացիների ու ալբանացիների հանդեպ։