Գորիսի արդեն նախկին ոստիկնապատետին աշխատանքից ազատել են Լիսկայի որդու պատճառով, ինչը անձամբ ինձ ամենևին էլ չի զարմացնում, բայց համաձայնվեք, խիստ զայրացնելու պատճառ է, առավել ևս, եթե գիտես, թե ինչ է թաքնված այդ պատմության հետևում։

Բանն այն է, որ երբ Տիգրան Խաչատրյանն իր ոհմակով ծեծի էր ենթարկել էն երկու եղբայրներին, ոստիկանությունը այնուամենայնիվ ահազանգ ստացել էր, որովհետև նրանք ժամանել էին դեպքի վայր, սակայն սարսափելին այն է, որ նրանց ժամանելու պահին, եղբայրներից մեկը՝ Հարությունը, ծեծված ու անգիտակից վիճակում դաշտում ընկած է եղել, իսկ մյուսին Լիսկայի որդին իր հրոսակախմբի հետ «գերի էր» վերցրել ու տարել էր մոտակա հանգստյան տուն, որտեղ շարունակել էին հաշվեհարդարը։

Ու ի՞նչ եք կարծում, ի՞նչ է արել ոստիկանությունը ստեղծված իրավիճակում։ Փոխանակ անմիջապես հիվանդանոց ուղարկեն մարմնական ակնհայտ վնասվածքներով ու անգիտակից զոհին, ոստիկանությունը ոտքը կախ է գղցել և պարզապես շրջափակել է այն հանգստյան տունը, որտեղ գտնվելիս են Լիսկայի որդու բանդան ու իրենց պատանդը և սպասել են, մինչև ժամանի ամենայն Զանգեզուրի սատրապ Լիսկան ու որդու սանձերը քաշի, համ էլ ցուցում տա, թե ինչպես պետք է գործի ոստիկանությունը։

Արդյունքում, ինչպես գիտեք, տղաներից մեկի առողջականը խիստ տուժել է ու առ այսօր հայտնի չէ, թե կհեռացնե՞ն նրա վնասված աչքը, թե՞ չէ։ Դե իսկ քաջ Լիսկայի քաջ որդին, առ այսօր առօք-փառոք ֆռֆռում է ազատության մեջ՝ անտեսելով դատարանի ծանուցագրերը, միինչդեռ ցանկացած այլ քաղաքացի, եթե աներ նույնը, ինչ նա և այսքան մանրամասներ հայտնի լինեինն արդեն վաղուց փտելիս կլիներ քննչական մեկուսարանում։

Արդարություն, ես քո ինչն եմ ասել, որ այսպես լքել ես մեզ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել