1. Հետաքրքրիր փաստեր

1. «Հարյուր տարվա մենություն»-ը գրվել է 18 ամիսների ընթացքում, 1965-1966թթ., Մեխիկոյում: Գրքի գաղափարը հայտնվել է 1952 թվականին, երբ հեղինակը մոր ուղեկցությամբ այցելեց իր հայրենի Արակատակա գյուղը: Սկզբում Մարկեսն ուզում էր անվանել իր ստեղծագործությունը «Տունը», սակայն հետագայում մտափոխվեց, քանի որ արդեն տպագրված էր իր ընկեր` Ալվարո Սամուդիոյի «Մեծ տունը» վեպը:

2. «Հարյուր տարվա մենություն»-ը իսպաներեն լեզվով գրված ամենակարդացվող և թարգմանվող ստեղծագործություններից մեկն է։ Նշվել է որպես իսպաներեն լեզվով գրված, նշանակությամբ երկրորդ (Սերվանտեսի «Դոն Կիխոտից» հետո) ստեղծագործությունը իսպաներեն լեզվին նվիրված IV միջազգային կոնգրեսի ժամանակ (անցկացվել է Կոլումբիայի Կարտախենա քաղաքում 2007 թ.-ի մարտին):  Առաջին անգամ հրատարակվել է Բուենոս-Այրեսում 1967 թ. հունիսին 8000 տպաքանակով։ Ներկա դրությամբ վաճառվել է գրքի ավելի քան 30 միլիոն օրինակ աշխարհի 35 լեզուներով: Արժանացել է Ռոմուլո Գալյեգոսայի մրցանակի, իսկ 1982թ.-ին`Նոբելյան մրցանակի:

3. «Հարյուր տարվա մենություն»-ը թարգմանվել է անգլերեն 1970թ.-ին, և Մարկեսն ասել է, որ նա թարգմանությունն ավելի է գերադասում, քան օրիգինալը:

4. Գարսիա Մարկեսն այն չորս լատինամերիկյան գրողներից է, ովքեր 1960-1970-ականներին համարվել են լատինամերիկյան գրականության նշանավոր դեմքերից:

5. Վեպի համարյա բոլոր նախադասությունները կառուցված են անուղղակի խոսքով և բավականին երկար են։ Ուղղակի խոսքը և երկխոսությունները գրեթե չեն կիրառվում։ Հատկանշական է 16-րդ գլխի այն նախադասությունը, որում Ֆերնանդա դել Կարպիոն խղճում է ինքն իրեն. տպագիր տեսքով այդ նախադասությունն զբաղեցնում է համարյա երկուսուկես էջ:

4. Կաֆկայի գրական գործունեության ազդեցությունը Գաբրիել Գարսիա Մարկեսի վրա ստեղծագործությունների վրա:

«Երբ ես երիտասարդ էի, իմ ձեռքն ընկավ Կաֆկայի «Կերպարանափոխություն» ստեղծագործությունը: Ես իսկական շոկ ապրեցի այդ գիրքը կարդալիս: Հիշում եմ, մտածեցի. «Ահա թե ինչ, եթե սա է գրականությունը, ուրեմն արժի ստեղծագործել»: Կաֆկան ինձ ցույց տվեց մի բան, որը ես համարում էի անթույլատրելի ու անհասանելի գրականության մեջ, սակայն որը պետք է և կարելի է անել: Ես վերցրեցի թուղթն ու գրիչը ու սկսեցի գրել: Կաֆկայի ազդեցությամբ ծնունդ առան իմ առաջին ստեղծագործությունները»:

5. Գաբրիել Գարսիա Մարկեսը իր կնոջը՝ Մերսեդես Բարչային, հանդիպել է 14 տարեկանում: Վերջինս այդ ժամանակ 10 տարեկան է եղել: Նրանք ամուսնացել են 1958 թվականին և ունեցել 2 որդի:

6. Գրքի միջոցով Մարկեսը փորձել է ներկայացնել իր մանկության մի շարք դրվագներ, իսկ գիրքը շարադրել է ինչպես նրա տատն էր պատմում որևէ պատմություն:

7. Գրքի շնորհիվ Գաբրիել Գարսիա Մարկեսը 1982թ.-ին ստացել է նոբելյան մրցանակ գրականության ոլորտում:

8. 2006 թվականին Մարկեսի ծննդավայրի՝ Արակատակա քաղաքի քաղաքապետ Պեդրո Սանչեսը հանդես եկավ քաղաքի անունը փոխելու և Մակոնդո վերանվանելու նախաձեռնությամբ։ Այդ ժամանակ անցկացված հանրաքվեի արդյունքում քաղաքի բնակիչների 90 տոկոսից ավելին նախաձեռնությանը կողմ քվեարկեցին, սակայն անվանափոխությունը տեղի չունեցավ, քանի որ հանրաքվեին մասնակցությունը քիչ էր պահանջվող նվազագույն շեմից։

2. Կերպարներ

1. Ուրսուլա Իգուարա. Խոսե Արկադիո Բուենդիայի կինը և ընտանիքի մայրը

«100 տարվա մենություն»-ը, լինելով իրական և ֆանտաստիկ ժանրերի միաձուլման վառ ստեղծագործություն, իր մեջ ներառում է մի շարք կերպարներ, որոնցից յուրաքանչյուրն առանձնանում է իր մարդ տեսակով, բնավորությամբ, սակայն բոլորին էլ միավորում է միևնույնը` մենությունը…Այս գրքում յուրաքանչյուրն առանձնահատուկ է իր մենությամբ:
Բազմաթիվ կերպարներից «հոգեհարազատ» է Ուրսուլայի կերպարը, ով ապրելով մինչև խոր ծերություն, չկորցրեց իր աշխուժությունը, հոգատարությունը և աշխատասիրությունը:
Սկզբում նա ներկայանում էր որպես համեստ և խելամիտ կին, այնուհետև որպես տան համար գումար աշխատող՝ ունենալով իր սեփական փոքրիկ բիզնեսը, հետո քաղաքական գործիչ՝ կառավարելով Մակոնդոն, բայց այդ բոլորի հետ մեկտեղ բարեհոգի, ազնիվ և աշխատասեր կին, ով կարող էր օրինակ ծառայել ամբողջ Մակոնդոյի համար:
Ապրելով բնակիչներով լի տանը՝ նա միևնույն է իրեն շատ միայանակ էր զգում, և փորձում էր իր մենությունը լցնել աշխատելով, հոգ տանելով իր երեխաների, թոռների, ծոռների, կոռների և մյուս հարազատների մասին: Այս ամենը լավ ներկայացվում է հետևյալ նախադասության մեջ՝ «…նրանք ոչ միայն մայր ու որդի էին, այլև մենության ընկերներ…»: Եվ չնայած Ուրսուայի իր այդ հոգատարույանը, ցավոք, իր երեխաները նրան հիշում էին լոկ այն ժամանակ, երբ միայանակ էին զգում իրենց:

2. Ամարանտա Բուենդիա. Խոսե Արկադիո Բուենդիայի և Ուրսուլայի երրորդ երեխան

Ամարանտան մեծանում էր Խոսե Արկադիոյի և Պիլար Տերներայի որդու` Արկադիոյի հետ, մինչ Ռեբեկայի հանկարծակի հայտնվելը Բուենդիա ընտանիքում: Վերջինս Ամարանտայի գրեթե հասակակիցն էր: Բայց Ռեբեկան մեծանալուն պես գերազանցում է իր գեղեցկությամբ Ամարանտային: Իսկ Ամարանտան, թեև նրբագեղ չէր, «հանգուցյալ տատից ժառանգել էր ազնվություն և սեփական արժանապատվության զգացում»: Շուտով քույրերը սիրահարվում են միևնույն տղամարդուն` Պիետրո Կրեսպիին: Ի տարբերություն Ռեբեկայի՝ Ամարանտայի սերը անպատասխան է լինում: Եվ այս պահից սկսած նրա սրտում բույն են դնում նախանձը, ատելությունն ու վրեժխնդրությունը: Նա իրեն փորձում է հանգիստ պահել, բայց մենության մեջ անվերջ ծրագրեր է կազմում Ռեբեկայի հարսանիքը խափանելու: Նա նույնիսկ մահաբեր թույն է նախապատրաստում քրոջ համար, որը պատահաբար դառնում է Ռեմեդիոսի մահվան դատավճիռը: Բայց, երբ երկար փորձություններից հետո,Պիետրոն որոշում է առաջարկություն անել հենց Ամարանտային, վերջինս մերժում է ստանում: Սիրո հարցում Ամարանտայի պարբերաբար մերժումները դառնում են Պիետրոյի ինքնասպանության պատճառը, որից հետո Ամարանտան դիտմամբ այրում է ձեռքն ու կապում այն սև վիրակապով: Սև վիրակապը մինչև կյանքի վերջ ծածկում է Ամարանտայի այրված դաստակը` դառնալով նրա մենության խորհրդանիշը: Նա մինչև կյանքի վերջ կույս է մնում մերժելով և՛ Գերինելդո Մարկեսին, և՛ եղբորորդիներին:
Ամարանտայի մենությունը առանձնանում էր մյուս հերոսների մենությունից սկզբում` չարությամբ ու ցասումով, ապա` լուռ թախիծով ու անվերջ սերը մերժելու հակումով:

3. Ռենատա Ռեմեդիոս (Մեմե). Ֆերնանդայի և Աուրելիանո Երկրորդի առաջին դուստրը

Նախնական տեղեկություն.
Ավարտել է կլավիկորդի ուսումնարանը։ Այն ժամանակ, երբ իրեն նվիրել էր այդ գործիքին, Մեմեն զվարճանում էր խնջույքներում, ինչպես իր հայրը։ Ծանոթանում և սիրահարվում է բանանի ընկերության մեխանիկի աշակերտ Մաուրիսիո Բաբիլոնիային, ում միշտ շրջապատում էին դեղին թիթեռներ։ Երբ Ֆերնանդան իմանում է նրանց սեռական հարաբերությունների մասին, ալկալդից պահանջում է, որ իրենց տան մոտ գիշերային պահակախումբ կարգի։ Մաուրիսիոյի գիշերային այցերից մեկի ժամանակ նրա վրա կրակում են և նա ամբողջ կյանքում մնում է անկողնուն գամված հաշմանդամ։ Իսկ Մեմեին Ֆերնանադան տանում է մենաստան, որպեսզի կոծկի դստեր ամոթալի կապը Մաուրիսիոյի հետ։ Բաբիլոնիայի վիրավորումից հետո Մեմեն լռեց իր ամբողջ կյանքում։ Մի քանի ամիս անց Մեմեն որդի է լույս աշխարհ բերում, որին տանում են Ֆերնանդայի մոտ և անվանում Աուրելիանո՝ պապի պատվին։ Ռենատան մահանում է ծերության մեջ Կրակովի հիվանդանոցում՝ այդպես էլ ոչ մի բառ չարտասանելով և մտածելով իր սիրելի Մաուրիսիոյի մասին:

Վերլուծություն.

Մեմեն վեպի այն բացառիկ կերպարներից է, ով կարողանում է սիրել, նվիրվել և հավատարիմ մնալ: Կարծում եմ դա է նաև պատճառը, որ չնայած նրա անունը Ռենատա Ռեմեդիոս է (այսինքն կրկնվում է նույն անունը), բայց հեղինակը նրան առանձնացնում է, անվանելով՝ Մեմե: Նա մատնվում է մենության ոչ թե սիրելու անկարողությունից, այլ մոր՝ Ֆերնանդայի պատճառով, ում մեղքով կորցրեց սիրելիին ու այնուհետև իր կյանքը անցկացրեց լռության մեջ, որտեղ գուցե պահում էր իր միակ սիրո նկատմամբ տածած մեծ ջերմությունը և կորստի ցավը:
Նա նաև առանձնանում է մյուս կերպարներից նրանով, որ ջերմ հարաբերությունների մեջ էր հոր հետ, ինչը չենք տեսնում մնացած և ոչ մի ծնող ու զավակ հարաբերություններում:
Եվ չնայած այս տարբերություններին, նա վեպի մեջ էր, քանի որ իր մեջ կրում էր այն մենության գաղափարը, որը կար մյուս հերոսների մեջ…

3. Մեջբերումներ

► Կանցնեն շատ տարիներ, և գնդապետ Աուրելիանո Բուենդիան, գնդակահարության պատի տակ կանգնած, կմտաբերի հեռավոր այն իրիկունը, երբ հայրն իրեն սառույց տեսնելու տարավ:

► Ամենուր նրան հանդիպում էին իր աչքերին շատ նման աչքերով նայող, իր ձայնին նման ձայնով խոսող, իր անվստահության պես անվստահ ողջունող պատանիներ, որոնք հայր էին անվանում իրեն: Նա տարօրինակ զգացում էր ապրում, ասես բազմացրել էին իրեն, բայց դրանից մենությունը դարձել էր առավել տառապալի:

► ► -Էհ, Աուրելիանո,- հառաչեց Գերինելդո Մարկեսը,- Ես գիտեի որ դու ծերացել ես, բայց այսօր միայն հասկացա, որ ավելի ծեր ես քան ցույց ես տալիս:

► Մինչ Ամարանտա Ուրսուլան երգում էր հաճույքից և մեռնում էր ծիծաղից, Աուրելիանոն ավելի ու ավելի էր մտախոհ ու լռակյաց դառնում, որովհետև նրա սերը ընկղմված էր իր մեջ, նրա սերը մոխրացնող սեր էր:

► Հետաքրքրասիրությունը վեր է ահից:

► Հենց մեր կողքին, գետակի մյուս ափին բազմատեսակ կախարդական սարքեր կան, իսկ մենք այստեղ շարունակում ենք ապրել անասունների նման:

► Աուրելիանոն փնտրում էր Ռեմեդիոսին կարի արհեստանոցում, վարագուրածածկ պատուհաններով նրա տան շրջակայքում, կորեխիդորի գրասենյակում, բայց գտնում էր միայն իր սրտում, և այդ պատկերը գեղեցկացնում էր Աուրելիանոյի սարսափելի մենությունը…

► – Չպիտի՞ քնենք: Ավելի լավ: Այդպիսով կհասցնենք ավելի շատ բան ստանալ կյանքից:-Խոսե Արկադիո Բուենդիա:

► Իրերն էլ շնչավոր են, միայն թե պիտի կարողանաս արթնացնել նրանց հոգիները:-Մելկիադես

► Հնարքներով շռայլ իր ճակատագրի հերթական չար կատակ համարեց նա այն իրողությունը, որ չհասավ ծովին, երբ անհամար զրկանքներ ու տառապանքներ կրելով փնտրում էր մի ժամանակ և գտավ հիմա, երբ որոնելու միտք էլ չուներ:

► Հիմնադրումից մի քանի տարի անց արդեն Մակոնդոն դարձել էր ամենամաքուր, ամենաբարեկարգ բնակավայրը բոլոր այն բնակավայրերի համեմատությամբ, ուր եղել էին նրա երեք հարյուր բնակիչները: Դա, իրոք, երջանիկ բնակավայր էր, որտեղ ոչ ոք չէր անցել երեսնամյա տարիքի սահմանը, որտեղ դեռ ոչ ոք չէր մեռել…

► Խոսե Արկադիո Բուենդիան բացարձակապես չգիտեր շրջակայքի աշխարհագրությունը: Նրան հայտնի էր միայն, որ արևելքում վեր է խոյանում անանցանելի մի լեռնաշղթա, իսկ դրանից էլ դենը հինավուրց Ռիոաչա քաղաքն է, որտեղ ժամանակին,- նրա պապ, առաջին Աուրելիանո Բուենդիան էր պատմել,-սըր Ֆրենսիս Դրեյքն էր զվարճանում՝ թնդանոթներով կայմանների վրա կրակելով: Սպանված կենդանիներին նրա հրամանով կարկատում էին, լցնում հարդով և ուղարկում էին Ելիզավետա թագուհուն:

► Գիտությունը ջնջել է հեռավորությունը: Շուտով առանց տնից դուրս գալու մարդը հնարավորություն կունենա տեսնելու այն ամենը, ինչ կատարվում է աշխարհիս ուզած անկյունում:-Մելկիադես

► Սերն առավել խոր ու խաղաղ զգացմունք կարող է լինել, քան գաղտնի գիշերների անզուսպ, բայց վաղանցիկ հաճույքը:

► Մինչ այդ նրա մտքով չէր էլ անցել, որ գրականությունը մարդկանց ձեռ առնելու նպատակով հորինված ամենալավ զվարճությունն է:

► – Շաբաթվա որ՞ օրն է:
– Երեքշաբթի է:
– Ես էլ էի այդպես կարծում, բայց հետո նկատեցի, որ այնուամենայնիվ երեկվա օրը` երկուշաբթին է շարունակվում: Այսօր էլի երկուշաբթի է:

►  Լավագույն բարեկամը նա է, ով հենց հիմա մեռավ:

► Վերջապես Խոսե Արկադիո Բուենդիան հասավ այնտեղ, ուր սովորաբար Մելկիադեսն էր վրան խփում. հիմա այստեղ թախծոտ դեմքով մի ՀԱՅ ԳՆՉՈՒ էր նստած, որ իսպաներեն լեզվով մարդուն անտեսանելի դարձնող հմայության խոսքեր էր մրմնջում: Գնչուն հենց նոր էր մի ումպով դատարկել սաթագույն, անհայտ հեղուկով լեցուն բաժակը, երբ Խոսե Արկադիո Բուենդիան ճեղքելով զմայլված հանդիսականների պատնեշը տվեց իր հարցը: Գնչուն պարուրեց նրան զարմացած հայացքով և տեղնուտեղը կերպարանափոխվեց ու դարձավ ձյութի գարշահոտ, ծխացող մի լճակ, որի երեսին դեռ հնչում էր պտասխանը. «Մելկիադեսը մեռավ»: Այս լուրից ցնցված Խոսե Արկադիո Բունեդիան քարացավ տեղում և փորձելով տիրապետել ինքն իրեն կանգնած մնաց այնքան, մինչև այլ հրաշքներով տարված հանդիսականները ցրվեցին, իսկ թախծոտ դեմքով հայ գնչուից մնացած լճակը գոլորշիացավ, ցամաքեց…

► Հաշտության րոպեն թանկ է բարեկամաբար ապրած մի ամբողջ կյանքից:

► Բայց դեռ վերջին տողին չհասած նա հասկացավ, որ իրեն վիճակված չէ դուրս գալ այս սենյակից, որովհետև ըստ մագաղաթների մարգարեության փոթորիկը պիտի հողին հավասարեցնի ու ջնջի մարդկանց հիշողությունից թափանցիկ (և կամ ցնորական) քաղաքը, և որ մագաղաթներում գրի առած ամեն ինչը երբեք և ոչ մի դեպքում չի կրկնվելու այլևս, քանզի մարդկային այն տոհմերը, որոնք դատապարտված են հարյուր տարվա մենության, երկրորդ անգամ չեն հայտնվում երկրի երեսին:

► Աուրելիանո 2-րդը տուն վերադարձավ իր սնդուկներով և վերադարձավ այն համոզմունքով, որ ոչ միայն Ուրսուլան, այլև Մակոնդոյի բոլոր բնակիչներն են սպասում անձրևի վերջին, որ մեռնեն:

► Նա Ռեմեդիոսի մեջ գտավ իրեն պակասող սեփական գոյության արդարացումը…

► Սարսափելին այն չէ, որ կորցնում ես քունդ, դրանից մարմիդ բնավ էլ չի հոգնում, սարսափելին այն է, որ հետո անխուսափելիորեն վրա է հասնում մոռացումը:-Վիսիտասիոն

► Երբ հիվանդը վարժվում է անքնությանը, նրա հիշողությունից նախ սկսում են ջնջվել մանկության հուշերը, հետո՝ իրերի անվանումներն ու նշանակությունները, իսկ հետո նա այլևս չի ճանաչում ծանոթներին, կորցնում է նույնիսկ իր սեփական անհատականությունը և, անցյալի հետ ամեն տեսակի կապերը խզած, ընկզմվում է ապուշությանը մերձեցող մի վիճակի մեջ:

► Ծերուկը խորհուրդ տվեց ընկերներին մոռանալ ամեն բան, ինչ սովորեցրել էր ինքը աշխարհի և մարդկային սրտի մասին և ամենուր, որտեղ էլ նրանք լինեն, միշտ հիշեն, որ անցյալը կեղծիք է, որ հիշողության համար վերադարձի ճամփա չկա, որ յուրաքանչյուր անցած գարուն կորած է և որ ամենախենթ և ամուր սերը սոսկ վաղանցիկ երևույթ է:

► Մոռանալու բուռն ցանկությունն է նրան հիշելու ամենաուժեղ խթանը…

► Նրա սիրտը, որ  վաղուց պաղած մոխրի կույտ էր,հաջողությամբ էր դիմադրում առօրյա հոգսերի ամենածանր հարվածներին,սակայն ցրիվ եկավ  կարոտի առաջին իսկ ճնշումից: Անցնող տարիների հետ վշտի մեջ ուրախություն գտնելու պահանջը վեր էր ածվել արատի: Մենությունը նրան մարդկայնացրել էր:

► – Լավագույն բարեկամը նա է, ով հենց հիմա մեռավ:-Գնդապետ Աուրելիանո Բուենդիա

► Սրանք բոլորն էլ մի սանրի կտավ են,- բողոքում էր Ուրսուլան:- Սկզբում խելոք են, լսող, լուրջ, ճանճ էլ չեն տրորի, բայց հենց բեղ ու Մորուսը ծլեց, ոտով գլխով մեղքի մեջ կկորեն:

► – Ավելի լավ է, երբ չգիտես թե հանուն ինչի ես կռվում, կամ, երբ կռվում ես, հանուն ինչ-ինչ բանի, որը ոչ մեկի համար արժեք չի ներկայացնում:-Գնդապետ Աուրելիանո Բուենդիա

► Նա այն ժամանակ մտածում էր, թե սիրո մի տեսակը ոչնչացնում է մյուսին, որովհետև այդպես է ստեղծված մարդը, հագեցնելով քաղցը՝ նա կորցնում է հետաքրքրությունը ուտելիքի նկատմամբ:

►  Խոսե Արկադիոն ծռել էր վիզը ամուսնական լծի ծանրության տակ: Ռեբեկայի ուժեղ բնավորությունը սանձահարել էին ամուսնու վայրենի բնությունը. ծույլ ու կնամոլ Խոսե Արկադիոն դարձել էր խոշոր և ամեհի բանող մի անասուն:

► Հավանաբար աստծո դեմ կռվում հաղթել է սատանան և այդ նա է հիմա բազմած երկնային գահին, որը սակայն չի հայտնում իր ով լինելը, որպեսզի ծուղակը գցի միամիտներին:-Պադրե Անտոնիո Իսաբել

► – Մեռնելն այնքան էլ հեշտ չէ, ինչպես կարծում են:-Գնդապետ Աուրելիանո Բուենդիա

► Անցյալը կեղծիք է, հիշողությունների համար վերադարձի ճամփա չկա, յուրաքանչյուր անցած գարուն կորած է, և նույնիսկ ամենաանկեղծ ու ամենաամուր սերը սոսկ վաղանցիկ երևույթ է:

► Նա հանգստություն էր գտել վերջապես այս տանը, ուր անգութ երևակայության կանչով հայտնված անցյալի պատկերները, մարմին առած, մարդ-արարածների նման, թափառում էին զմռսված սենյակներում…

► Աշխարհի վերջը կգա այն ժամանակ, երբ մարդիկ, գրքերն ապրանքատար վագոնները բարձած, կսկսեն երթևեկել առաջին կարգի վագոններով…

► Խաղաղ ծերության գաղտնիքը ոչ այլ ինչ է, եթե ոչ մենության հետ ազնիվ դաշինքի կնքում:

► Թվում էր, թե գերբնական ինչ-որ ուժ օգնում էր նրան տեսնելու իրերի էությունը, մի կողմ շպրտելով դրանց արտաքինը, առերևույթը:

► «Տեր Աստված,- աղոթեց Ուրսուլան,- մեզ նորից աղքատ դարձրու, ինչպիսին էինք այն ժամանակ, երբ այս քաղաքն էինք հիմնում, որպեսզի այն աշխարհում շռայլության համար մեզ չչարչարեն»:

► Իրականում նա վերջին երկու տարվա մեջ մաքրել էր կյանքի հետ բոլոր հաշիվները, և նույնիսկ ծերությունը արդեն անցյալում էր:

► Արկադիո Բուենդիան չէր հետաքրքրվում որդիների կյանքով մասամբ այն պատճառով, որ մանկությունը համարում էր մտավոր տհասության շրջան:

► Մահը նստել էր Ամարանտայի կողքին ու կարում էր: Սարսափելի չէր. պարզապես կապույտ շրջազգեստ հագած կին էր, երկարամազ, փոքր-ինչ հնաոճ և ինչ-ինչ բանով նման էր այն օրերի Պիլար Տերներային:

► Ննջեցյալները դուրս չեն գալիս գերեզմանից, պարզապես խիղճն է մեզ տանջում:-Խոսե Արկադիո Բուենդիա:

► Բաց մի թողեք բախտը, կյանքն ավելի կարճ է, քան դուք կարծում եք:

► Այս աշխարհում մենք ապրում և մահանում ենք միայնակ:

► Գնդապետ Աուրելիանո Բուենդիան եռեսուներկու պատերազմ սանձազերծեց, խախտեց մահվան  հետ կապված բոլոր պայմանագրերը, խոզի պես փռվեց փառքի աղբի մեջ, որպեսզի շուրջ քառասուն տարվա ուշացումով կարողանա հայտնագործել սովորական կյանքի առավելությունը:

► Նա համոզված էր` աշխարհի երեսին դեռ չի ծնվել այն տղամարդը, որն իր կիրքը բավարարելուց հետո ընդունակ լինի թեկուզև մեկ օր տանել կնոջ սահման չճանաչող անփութությունը:

► Գնդակահարության պատի տակ կանգնած Արկադիոն խստորեն ամփոփում էր ապրած կյանքի արդյունքները, հիմա միայն հասկանալով, թե որքան է, իրականում, սիրում այն մարդկանց, որոնց ամենքից շատ էր ատում: Մահը, ի վերջո, նրա համար նշանակություն չուներ, ԱՐԿԱԴԻՈՅԻՆ ԿՅԱՆՔՆ ԷՐ ՊԵՏՔ. ահա թե ինչու դաատավճիռը լսելով նա ոչ թե վախ, այլ ԿԱՐՈՏ ապրեց…

► Անմիտ սիրտը դատապարտված է անվստահության հավիտենական տառապանքի:

► Մարդ մեռնում է ոչ թե այն ժամանակ, երբ պարտավոր է, այլ այն ժամանակ, երբ կարող է…

► Ժամանակը պտտվում է շրջանագծով, և մենք հասնում ենք այնտեղ, որտեղից սկսել ենք:-Ուրսուլա

► Տարիները հիմա անցնում են ոչ այնպես, ինչպես առաջ:

► Գործը պետք է հարթել խաղաղությամբ:

► Նա զգաց, որ մոռացել են իրեն,- մոռացել են, սակայն ոչ սրտի, այլ ուրիշ, առավել դաժան ու վերջնական մի մոռացումով, որ քաջ ծանոթ էր նրան,որովհետև դա մահվան մոռացումն էր:

► Բայց երբ Պիլար Տերներան հայտնվում էր Բուենդիայի տանը` միշտ ուրախ, անտարբեր, ծաղրանքով, Խոսե Արկադիոն ջանք չէր թափում թաքցնելու իր հուզմունքը, որովհետև այդ կինը, որի հնչուն ծիծաղը վախեցնում էր բակում քջջող աղունիկներին, ոչ մի ընդհանրություն չուներ անըմբռնելի այն ուժի հետ, որը սովորեցրեց իրեն շունչը պահած հաշվել սրտի զարկերը և օգնեց հասկանալու, թե ինչից է, որ տղամարդիկ վախենում են մահից:

►  Մարդը կապված չէ այն հողին, որտեղ հանգուցյալ չունի:-Խոսե Արկադիո Բուենդիա:

► Եթե աստծուց չես վախենում, վախեցիր մետաղներից:

► Նա կարող էր հոտով փնտրել կնոջը, բայց այդ հոտն ամենուր էր՝ մշտապես իր ներսը կցկված, անորսալի և միաժամանակ իր մեջ շատ որոշակի…

► Քիչ անց, երբ դագաղագործը հանգուցյալի չափսերն էր առնում, նկատեցին, որ դրսում մանրիկ, դեղին ծաղիներով անձրև է մաղում: Անձայն տեղատարափի նման այդ ծաղիկները թափվեցին ողջ գիշեր, ծածկեցին տանիք ու դուռ, խեղդեցին դրսում գիշերած անասուններին: Երկինքն այնքան ծաղիկ էր մաղել, որ Մակոնդոն առավոտյան կարծես գորգապատված լիներ:

► Ոչինչ այնքան լավ չի բնութագրում մարդուն, քան այն, թե ոնց է նա մեռնում:

► Նա դեռ չգիտեր, որ ավելի հեշտ է սկսել պատերազմը, քան ավարտելը…

► Ժամանակը նույնպես իր շարժման ընթացքում արգելքների է զարնվում ու վթարվում է. Ահա թե ինչու ժամանակի մի պատառ կարող է պոկվել ու խցանվել որևէ մի սենյակում, որպես առաջ սուրացող հոսանքի անշարժ մի մասնիկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել