Գիտեմ՝ փոքր-ինչ բարդացել է այն ցավը, որը գիտակցաբար դրել եմ քո փափուկ ուսերին, գիտե՛մ, գիտե՛մ քո զգացածը, գիտեմ քո տանջանքը, գիտեմ քո լուռ հառաչանքը, բայց ի՞նչ անեմ, ասա՛, ՄԱՄ, ի՞նչ անեմ, երբ անգիտակցաբար եմ տանջվում, ո՛չ իմ ցանկությամբ, ի՞նչ անեմ, ասա՛, ՄԱՄ, ես ինչպե՞ս քայլեմ, որ ոտքս չդիպչի ինչ-որ քարի, ես ինչպե՞ս քեզ հետ խոսեմ, որ չզգաս այն մեծ ցավը, որը դուրս է գալիս իմ ամեն շնչից, ների՛ր: Մայրի՛կ, ների՛ր այնքա՜ն, ինչքան որ քո սիրտն է մեծ, ների՛ր, որ գիտակցաբար, ա՜խ գիտակցաբար քո ուսերին եմ թողնում այն բեռները կյանքի, որոնք ինձ ցավ են պատճառում: 
Ուզում եմ ամեն բան ավարտվի, լռի աշխարհը, ու նորից ննջեմ քո անուշ գրկում, որ այդ լռության մեջ նորից լսեմ օրորդ անուշ, ա՜խ ների՛ր, ՄԱՅՐԻԿ, որ ուշացա հասնել քո հոգուն:

Երբ մեղմ գրկում եմ քեզ, փոքր-ինչ ուզում եմ կյանքը ավարտվի, ու այդպես ես և դու դառնանք մի հուշարձան, արձանվենք, բայց եթե անգամ սառը քար լինենք, գիտե՛մ քո հոգին. դու այս սառը քարից նորից կմարմնանաս ու հոգի կառնես հանուն ինձ: Երբ ձեռքդ բռնում եմ, զգում եմ՝ այնքան մեծ է սրտիդ ցավը, այնքան մեծ է այն արցունքի ծովը, որը երբեք չի ալեկոծվում, որ ես չզգամ: Գիտեմ, որ հանուն ինձ կյանքում թողել ես ու թաղել ամեն բան քո ներսում ու քո նուրբ ձեռքերով անվերջ գուրգուրել ես, որ չմրսեմ, որ չմերկանա հոգիս :

Բայց գիտե՛մ՝ մի օր չի լինի քո ժպիտը մեղմ, ու ինքս իմ գլխին անվերջ տալով՝ կերազեմ նորից ծնվել, նորից գգվել քեզ: Խնդրում եմ ների՛ր: Գիտեմ՝ շատ ես ներել, ների՛ր ինձ, որ կյանքում այն չեմ, ինչ որ դու ես ցանկացել, ուզու՛մ եմ ներես, ուզու՛մ եմ հասկանաս ու նորից գրկես, մեղմ օրորես քո գրկի մեջ ու նորից արթնացնես այն երազը, որտեղ ես մանուկ էի, որտեղ ես երջանիկ էի, բայց երբ հասկանում ես, գիտակցում, սթափվում ու տեսնում, ավաղ, արդեն շատ ուշ է լինում, արդեն էլ չես լինում, արդեն քո ժպիտը ես էլ չեմ զգում: Տա՛ր ինձ այս կյանքից հեռու, տա՛ր նորից մանկություն, ուր կգրկես ինձ ամուր, ուր նորից ժպիտ կպատկերես իմ հիվանդ հոգում:

Բայց չէ՛, թո՛ղ հիվանդ հոգուցդ պատառներ քաղեմ, թո՛ղ ուսերիցդ ջարդված բեռները հանեմ, հիվանդ մարմինդ ես սիրով օծեմ, գրկեմ մրսած հոգիդ ու անվերջ ջերմացնեմ, միայն թե, միայն թե էլ չցավես, միայն թե ես էլ պիտանի զգամ, չէ՞ որ արդեն ժամանակից առաջ ընկած՝ հանուն ինձ դու անգամ մահվան շեմին ապրում ես ու դեռ տանում: Ա՜խ, ՄԱՄ, թո՛ղ ցավդ ես տանեմ, հոգնել ես, գիտեմ, ավարտվել ես,  գիտեմ: Թո՛ղ չորացած քո անապատին ես ջուր դառնամ՝ ծարավդ առնեմ, թո՛ղ քո խմորի մեջ մի խմոր դառնամ՝ անվերջ խմորվեմ ես քո ձեռքերում, որ քաղցած հոգիդ ես հագեցնեմ: Ա՜խ, ՄԱՄ, թո՛ղ ցավդ ես տանեմ :
____________________________
Նկրարեմ ժպիտ հոգնած այտերիդ, մեղմացնեմ կյանքդ, քեզ արև բերեմ, ա՜խ թե կյանքում ես քեզ հասնեմ, քո հոգուն հասնեմ, ու ես էլ քեզ գրկեմ: Այս անգամ դարձած մի արմատ՝ ես նորից տնկեմ քո ծաղիկն անմար, միայն թե հասնեմ հեռուներ ու քեզ գտնեմ: ՆԵՐԻ՛Ր, ՄԱՅՐԻԿ, ՆԵՐԻ՛Ր, ես գիտակցաբար երբեք չեմ ցավել:
Քնիր մեղմ, երազիր անքուն, ՔԵԶ սիրում եմ ավելին, քան թե սերն է, ես սիրում եմ քեզ սիրուց ավելին, սիրուց առավել:
_______________________________
Բացե՛ք ձեր հոգին, սիրե՛ք ՄԵԾ սիրով, մոռացե՛ք Հայրենիք, ազգություն, ԱՍՏՎԱԾ, բայց երբեք ՄԱՅՐ ՍԻՐՈՒՆ չմոռանա՛ք, քանզի նա թանկ է, նա թանկություն է ԱՎԵԼԻ ՔԱՆ... 
_______________________________Նվիրում եմ բոլոր մայրերին :
Վանիկ Հովակիմյան (Անանուն )

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել