՛՛՛Գազպրոմ՛՛ և ՛՛Ինտեռ ՌԱՕ՛՛ ընկերություններն իրենց Հայաստանյան ՛՛գռդոններով՛՛ մեծ վնաս են հասցնում հայ-ռուսական հարաբերություններին:
Զգոյշ եղէք սուտ մարգարէներից,
որոնք մօտենում են ձեզ ոչխարների զգեստներով,
բայց ներսից յափշտակող գայլեր են… Ղուկ. 6.43
Գրեթե ամեն տարի մեզանում գազի կամ էլեկտրաէներգիայի սակագների հետ կապված խնդիրներ են առաջանում, և այս ամենը, կարծես, վերջ չի ունենալու:
՛՛Չարի վերջը՛՛ հեքիաթի աղվեսի նման, սրանց սիրտը ժամանակ առ ժամանակ ՛՛կկվի միս՛՛ է ուզում, իսկ պետական ծառայություններում թուխս նստած մեր ՛՛հիմար կկուները՛՛, որոնք ի պաշտոնե կոչված են կոշտ հակահարված տալով զսպել ՛՛խարդախ աղվեսի՛՛ օրստօրե աճող ախորժակը, ՛՛անշահախնդրորեն՛՛ մի բան ՛՛քցում՛՛ են նրա բերանը: Ի տարբերություն հայտնի հեքիաթի, որն ինչպես գիտենք, վերջ ունի, մեր հեքիաթի վերջը չի երևում: Մեր հեքիաթի աղվեսի ախորժակն անսպառ է, ՛՛մարիկ կկվի՛՛ ձագուկների թիվը՝ անվերջ, իսկ կկվին խելք սովորեցնող ագռավն էլ, կարծես, ՛՛շառից, փորձանքից հեռու՛՛ ասելով, չի միջամտելու:
՛՛Գազպրոմ՛՛ -ը, ՛՛Ինտեռ ՌԱՕ՛՛-ն և սրանց նման հարյուրավորները, որոնց փաստացի հանձնված է Ռուսաստանի կառավարումը, օլիգարխիկ կառույցներ են, որոնց համար կարևորը սեփական շահն ու իրենց կառավարիչների և անգամ նրանց մանկլավիկների գրպանն է: Երևութապես հանդես գալով որպես մեր դաշնակից Ռուսաստանյան ընկերություններ, սրանք թքած ունեն թե՛ Ռուսաստանի, թե՛ Հայաստանի, թե հայ- ռուսական հարաբերությունների, թե՛ հայ և ռուս ժողովրդների ու նրանց բարեկամության վրա:
Հասկանալու համար, թե ով են սրանք և ու՞մ կողմից են ՛՛խաղում՛՛, բավական է մի հայացք նետել Ռուսաստանի այսօրվա վիճակի վրա: Սրանց կառավարման հետևանքներն ակներև են: Աշխարհի ամենամեծ հողատարածք, լավագույն սևահող, օգտակար հանածոների անսպառ պաշարներ ունեցող, ծովերով ու օվկիանոսներով շրջապատված Ռուսաստանն այսօր ինքն իրեն անգամ չի կարողանում կերակրել…