Ոսկեգործության ոլորտը տնտեսության այն ճյուղերից է, որն ունի զարգանալու մեծ միտում: Բնականաբար զարգացման համար առաջին հերթին պետք է լուծել այս ոլորտում առկա խնդիրները:
Որպես օրինակ` թանկարժեք մետաղների ու դրանցից պատրաստված իրերի ինքնարժեքը բարձր է, սակայն վաճառքը ձևակերպվում է ցածր գնով: Խնդիր կա նաև փաստաթղթերի գծով. այս ոլորտում այն խիստ սահմանափակ է: Նման հարցերը բնականաբար դժգոհություն են առաջացնում տվյալ ոլորտում առևտրով զբաղվող մարդկանց մոտ:
Այսօր գործադիր մարմնի նիստում քննարկվել և լուծում է տրվել վերը նշված խնդիրներին: Մասնավորապես կառավարության նիստի ժամանակ հավանություն է տրվել «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին, որով լուծվելու է թանկարժեք մետաղների առևտրով զբաղվողների շրջանառության հարկի հետ կապված խնդիրը։
Նոր օրենքով մինչև 115 մլն դրամ իրացման շրջանառություն ունեցող ընկերությունների համար կսահմանվի արտոնագրային վճար՝ Երևանում 35 հազ. դրամ մինչև 0.7 գծամետր տարածքի համար, գումարած 5000 դրամ՝ յուրաքանչյուր 0.1 գծամետրի համար։
Ինչ վերաբերում է մարզերին, ապա այստեղ սահմանվում է 0.7 գծամետրի համար՝ 25 հազ. և 3000 դրամ յուրաքանչյուր 0.1 գծամետրի համար, այլ քաղաքներում՝ 20 հազ. դրամ և 2500 դրամ յուրաքանչյուր 0.1 գծամետրի համար,այլ վայրերում 15 հազ. դրամ և 2000 դրամ յուրաքանչյուր ավել 0.1 գծամետրի համար:
Հատկանշական է, որ սահմանամերձ վայրերում արտոնագրային վճարը սահմանվում է 0 դրամ։