Կրկին ամառ է, և զբոսաշրջությունն ապրում է իր վերելքը: Հայաստանը, համարվելով «թանգարան բաց երկնքի տակ», բազմաթիվ օտարերկրացիների ստիպում է գալ հենց Հայաստան: Չնայած զբոսաշրջիկներին ցուցաբերվող վերաբերմունքին՝ նրանք իրենց պահում են քաղաքակիրթ և իրենց գումարներով լցնում մեր համաքաղաքացիների գրպանները: Անդրադառնամ հասարակական զուգարանների խնդրին, ինչն առաջնային է համարվում Հայաստանում: Հայաստանի ցանկացած մարզում, ցանկացած տեսարժան վայրում, հանգստի գոտում կա լիարժեք զուգարան գնալու խնդիր` կա՛մ չկա զուգարան, կա՛մ զուգարանից օգտվելու համար պետք է ունենալ մեծ կամքի ուժ: Ինձ թվում է՝ մի օր հեռուստատեսությամբ կլսենք «Հայաստանի հասարակական զուգարանների ոչ բարվոք լինելու պատճառով ճանճերը հոշոտել են մի քանի զբոսաշրջիկների»։ Բիոզուգարաններ էլ ունենք, աշխարհը չունի: Երկու, երեք հատ են, բայց օգտվելուց մարդ իրեն լիարժեք մարդ է զգում, էլ չեմ խոսում հաճույքի մասին: Քանի շուտ է, «մեծեր ջան», մտածեք գոնե փոքր, բայց բարվոք զուգարաններ կառուցելու մասին, դրանից միայն մեզ է օգուտ լինելու: Իսկ ինչ վերաբերում է զբոսաշրջային երկիր համարվելուն, կասեմ, որ լիարժեք կհամարվենք միայն այն դեպքում, երբ ինքներս կհավանենք և գոհ կլինենք սեփական երկրի մատուցած ծառայությունների որակից:



