Կառլո Միքելանջելո Անչելոտտի (հունիսի 10, 1959, Ռեջիոլո, Իտալիա), իտալացի ֆուտբոլային մարզիչ, նախկինում՝ խաղացող (կիսապաշտպան)։ 2013-2015թթ. մարզում է Մադրիդի «Ռեալ» ակումբը։ Նրա մականունն է Կառլետտո։ Անչելոտտին խաղացել է որպես կիսապաշտպան Ռոմայում՝ լինելով թիմի ավագը և նվաճել է ակումբի հետ մեկ անգամ Իտալայի չեպիոնի տիտղոսը և չորս անգամ Իտալիայի գավաթը, ինչպես նաև խաղացել է «Միլանում» 1980-ականների վերջում, որի հետ երկու անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն և երկու անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը հինգ տարվա ընթացքում։ Իտալիայի ազգային հավաքականում անցկացրել է 26 խաղ և խփել մեկ գնդակ, մասնակցել է 1990-ի աշխարհի գավաթին։ Որպես մարզիչ աշխատել է «Ռեջիանայում», «Պարմայում», «Յուվենտուսում», «Միլանում», «Չելսիում» և ՊՍԺ-ում:
Անչելոտտին սկսել է իր կարիերան 1974 թվականին «Պարմայում»։ 1979 թվականին տեղափոխվել է «Ռոմա», որտեղ հետագայում ստացավ թիմի ավագի թևկապը։ 1983 թվականին թիմի հետ միասին հաղթել է Իտալիայի առաջնությունում, 4 անգամ նվաճել է Իտալիայի գավաթը, ինչպես նաև օգնել է «Ռոմային» 1984 թվականին հասնել Եվրոպայի Չեմպիոնների գավաթի եզրափակիչ։ 1987 թվականին տեղափոխվել է «Միլան», 1989 և 1990 թվականներին միլանյան ակումբի հետ նվաճել է Չեմպիոնների գավաթը։ «Միլանի» կազմում այդ ժամանակահատվածում հանդես էին գալիս այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են պաշտպաններ Պաոլո Մալդինիին, Ֆրանկո Բարեզին, Մաուրո Տասսոտտին և Ալեսանդրո Կոստակուրտան, կիսապաշտպաններ Ֆրենկ Ռայկարդը, Ռուդ Գուլլիտը և Ռոբերտո Դոնադոնին, հարձակման գծում գործում էր լեգենդար Մարկո վան Բաստենը։ «Միլանում» անցկացրած տարիների ընթացքում նրա ամենահիշարժան պահերից մեկը գրանցվել է 1989 թվականի Չեմպիոնների գավաթի Մադրիդի «Ռեալի» դեմ կիսաեզրափակիչ խաղում. Ռուդ Գուլլիտը, շրջանցելով մադրիդյան ակումբի երկու ֆուտբոլիստների, փոխանցում է կատարում Կառլո Անչելոտտիին, վերջինս հեռահար հարվածով գրավում է մրցակցի դարպասը: Այդ խաղում «ռոսսոներները» հաղթեցին 5։0 հաշվով, իսկ ահա Բուխարեստի «Ստյաուայի» դեմ եզրափակիչ խաղում Անչելոտտին անցկացնում է 90 րոպե, այդ հանդիպումը նույնպես ավարտվում է խոշոր 4։0 հաշվով։