«Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունին մեկ տարի ժամանակ էր պետք հասկանալու համար, որ Իրան-Հայաստան երկաթուղին անհեռանկար է: Նրա բնորոշմամբ` հայ-իրանական երկաթգիծը նույնն է, թե պատի վրա անցք բացես դեպի ոչ մի տեղ: Յակունինը դեռ մեկ տարի առաջ երկաթուղու կառուցումը համարում էր արդիական և բավականին հեռանկարային:

Մի կողմ թողնելով ռուս պաշտոնյայի հայտարարությունը` նշենք, որ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը ևս մեկ կարևոր գործոն է երկու երկրների զարգացող հարբերությունների համար: Փոխադարձ վստահությունն ու մի շարք համատեղ տնտեսական ծրագրերն էլ ավելի կամրացնեն վստահելի գործընկերային հարաբերությունները: 
Նախագիծը կարևոր է և՛ Հայաստանի, և՛ Իրանի համար: Երկաթուղին Իրանին թույլ կտա իրանական արտադրանքը հասցնել Փոթի և Բաթում, իսկ Հայաստանն այս նախագծի արդյունքում Իրանի տարածքով ելք կունենա դեպի Պարսից ծոց և Կասպից ծով:

Իրանական կողմը չափազանց բարձր է գնահատում Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը ու պարբերաբար տարբեր աղբյուրներով անդրադառնում երկաթգծի հետ կապված հարցերին ու հեռանկարներին:
Ինչ վերաբերում է Յակունինի հայտարարությանը, ապա ռուս պաշտոնյային ռեալ գնահատական տալու հարցում խանգարել է այն, որ Իրան-Հայաստան երկաթուղու շնորհիվ Հայաստանը կունենա նոր, այլընտրանքային ճանապարհ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել