Ուրեմն, ես ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ, թե հանուն ինչի՞ է ՀԷՑ-ն իր հայտում ներառել այնպիսի կետեր, որոնք անկասկած իրենց վրա են սևեռելու հանրային ուշադրությունն ու բողոքի ալիք էին բարձրացնելու, և միևնույն ժամանակ ինձ չէր լքում զգացողությունը, որ այս ամենը թատրոն է, քանի որ անսպասելիորեն մեր իշխանության ներկայացուցիչներն անողոք քննադատության էին ենթարկում ՀԷՑ-ին՝ շռայլության ու վատ կառավարման համար։
Ամեն ինչ իր տեղն ընկավ Ռոբերտ Նազարյանի հարցազրույցից հետո՝ Ռ-Էվոլյուցիա հաղորդման ժամանակ։ Հիմա ես վստահ եմ, որ այս ամենը թատրոն էր, որտեղ կային հստակ դերակատարներ ու մի քանի փուլանի հնարքներ, որոնք կարծես թե աշխատեցին։ Ահա թե ինչն էր այս ողջ բեմականացման նպատակը.
ՀԷՑ-ն աստղաբաշխական թանկացում է պահանջում՝ հիմնավորելով դա հնարավորինս անհեթեթ փաստարկներով։ Ողջ հանրությունը սևեռվում է այդ երկու գործոնի վրա, տաքանում է, սկսում է եռ գալ։ Հետո գալիս է անձնազոհ Նազարյանը, ով աշխարհի ամենաանշնորհակալ գործով է զբաղված ու հայտարարում է, որ, ժողովուրդ ջան, դուք էլ եք դժգոհ մնալու, ՀԷՑ-ն էլ, բայց մենք որոշել ենք, որ թեև թանկացում լինելու է, բայց ընդամենը 7 դրամով, իսկ այդ անբարո ՀԷՑ-ի ճոխությունների ու անհաջող կառավարման պատճառով գոյացած վնասները 0 են գնահատվել ու ոչ մի դերակատարում չեն ունենալու թանկացման մեջ։ Իսկ թանկացումը պետք է, որովհետև սակավաջրության ու այլ պատճառներով Հայաստանի էներգետիկ դաշտը 37 միլիարդ դրամի վնաս է կուտակել 4 տարում...
Այ այստեղ՝ STOP!
Ուրեմն, կետերով բացահայտեմ աֆյորան.
- Ենթադրենք, որ իրոք 37 միլիարդի վնաս է գոյացել, բայց ո՞նց կարող ենք վստահ լինել, որ այդ 37 միլիարդն էլ գոյացել է բացառապես օբյեկտիվ պատճառներով, ինչպես, օրինակ, սակավաջրությունն է, այլ ոչ թե էլի նույն վատ կառավարկման, յուրացումների ու անհարկի շռայլությունների պատճառով։ Քանի որ բոլորի ուշադրությունը ՀԷՑ-ի անհեթեթությունների վրա է, այս մի հարցը կարծես թե ուզում են պլստացնել հանրային ուշադրության կենտրոնից։
- Եթե որպես հիմնական պատճառներից մեկ նշվում է այն, որ Ատոմակայանի վերանորոգման ժամանակ ստիպված են եղել գնել ավելի թանկ էլեկտրաէներգիա ՀԷԿ-երից ու փոքր ՀԷԿ-երից, դա նորմալ է։ Աննորմալ է, երբ փոքր ՀԷԿ-երից էլեկտրաէներգիան գնում են աստղաբաշխական գներով։ Նման ընդամենը մի դրվագ բացահայտվեց, երբ պարզվեց, որ ռուսական ընկերության պատկանող մի փոքր ՀԷԿ-ի հետ նույն ՀԷՑ-ը պայմանագիր ուներ, որով պարտավորվում էր մի քանի տարի շարունակ գնել դրա արտադրած ողջ էլեկտրաէներգիան... 60 դրամով... Իսկ ինչպե՞ս կարող ենք իմանալ, թե քանի նման ատկատային գործարքներ են կնքվել հօգուտ փոքր ՀԷԿ-երի։ Ինչպե՞ս պարզենք, թե այդ փոքր ՀԷԿ-երի իրական սեփականատերերն ովքեր են (մեծ մասը մեր քաղաքական ու տնտեսական վերնախավի ներկայացուցիչներին են), ու արդյոք հենց սրա պատճառով չէ՞, որ մեր իշխանություններն անում են ամենը, որպեսզի Բիբինը հանկարծ չխոսի, որովհետև միամտություն կլիներ կարծելը, որ Բիբինը մենակ էր նստած մեր փողերն ուտում, իսկ մերոնք սուսուփուս նայում էին այդ ամենին։
- Ասվում է, որ 7 դրամով թանկացնում են, որպեսզի մեկ տարում չեզոքացնեն այդ 37 միլիարդ դրամի վնասը։ Կներեք, բայց այդ ո՞վ է որոշել, որ ժողովուրդը պարտավոր է չեզոքացնել այդ վնասը, այն էլ մեկ տարում։ Ինչո՞ւ, ասենք, ոչ 7 տարում (այդ դեպքում պետք է թանկացնեին ընդամենը 1 դրամով) և ընդհանրապես, հերիք չէ՞ ժողովրդին փաստի առաջ կանգնեցնեք ու անմեղ գառան հայացքով նայեք նույն այդ ժողովրդի վրա, երբ զայրացած բազմությունը դուրս է թափվում փողոցներ։
Մի բան հաստատ է, մեզ էլի հիմարեցնում են, ու ըստ երևույթին ամեն ինչ հիմա ժողովրդի ձեռքում է, և միայն բողոքի հզոր ալիքը կարող է փոխել էլեկտրականությունը 7 դրամով թանկացնելու մասին կարծես թե կայացրած որոշումը։