Ինչպես եւ խոստացել էի, ներկայացնում եմ մամուլի տեսություն` հակիրճ

«Հրապարակ»
Հովիկ Աբրահամյանը փոխել է իր անձնական խոհարարին` նշանակելով ընդդիմադիր, ՀԺԿ անդամ, 2008-ին ձերբակալված, այժմ ԱՄՆ-ում գտնվող Սամվել Կարապետյանի դստերը, ինչը հետաքրքիր է վերջին շրջանում ԲՀԿ-ՀԱԿ հարաբերությունների ջերմացման ֆոնին:

ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը պատգամավոր չընտրվելուց հետո ոչ միայն վերադարձավ խորհրդարան՝ ճիշտ է, մի քիչ այլ կարգավիճակում, այլև քննարկումների ժամանակ նստում է ՀՀ կառավարության ներկայացուցիչների համար նախատեսված շարքում: Մարդը լիովին ինտեգրվել է իշխանական կառույցի մեջ:

Նոյեմբերի 8-10-ը Դուբլինում տեղի է ունենալու Եվրոպայի լիբերալ-դեմոկրատների կուսակցության հերթական համագումարը, որին Հայաստանից մասնակցում են ՀՀՇ-ի չորս անդամներ` Արամ Մանուկյանի գլխավորությամբ, և «Ազատ դեմոկրատներից» Խաչատուր Քոքոբելյանը և Ալիկ Արզումանյանը: Ըստ թերթի` նրանք մեկնելու են նույն ինքնաթիռով: 

«Չորրորդ ինքնիշխանություն»
Օրերս ՕԵԿ գրասենյակում է հավաքվել կուսակցական «վերնախավը», որը կոնկրետ հարցերի շուրջ երկար քննարկում է անցկացրել։ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը իր կուսակիցներին նախևառաջ հորդորել է հնարավորինս զուսպ ձեւակերպել իրենց մտքերը հատկապես լրագրողների առաջ, երկրորդ՝ խստիվ զգուշացրել է ավելորդ ոչ մի բառ չարտաբերել ԲՀԿ-ի հասցեին, չխառնվել ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններին, և, վերջապես, ինչքան հնարավոր է` մասնավոր և հրապարակային զրույցների ժամանակ ՕԵԿ-ի գոյության ու «մեծության» մասին խոսել։ Բաղդասարյանի ցուցումներով ՕԵԿ-ականները առաջիկայում պետք է ակտիվորեն բարձրաձայնեն այն մասին, որ ՕԵԿ-ը ՀՀԿ-ի «հալալ ընկերն է», այլ ոչ թե «խորթ բարեկամը», ինչի մասին շատ հաճախ գրում են ԶԼՄ-ները։

«Ժողովուրդ»
Իրանը մեր նկատմամբ «պատժամիջոցներ» է կիրառում. Իրանը դադարեցրել է 52 անուն ապրանքատեսակների արտահանումը Հայաստան, օրինակ՝ պոլիէթիլենային և պլաստմասե տարաներ: Ընդ որում, չի նշել, թե որքան ժամանակ կտևի դա։ Իրանի փոխարեն մենք դա այլ երկրներից ենք ներկրելու, ինչը նշանակում է, որ բավական կբարձրանա ինքնարժեքը։ Ասել է թե՝ առաջիկայում հերթական թանկացումներն են սպասվում մեր երկրում` մոտ 7 տոկոս։

«Հայկական ժամանակ»
Ուստա Հրանտը գրում է. «Միջին հայկական «ֆեյքը», պետք է ասել, շատ պարզունակ է սարքած և արագ ճանաչելի է: …Ենթադրվում է, որ «իքս ժամին» «ֆեյքերի» կուռ գումարտակները պետք է կատարեն իրենց գործը` տարածելով նույն վարկաբեկող կամ վիրավորական տեղեկությունը համացանցով մեկ կեղծ օրակարգեր և ուշադրության կենտրոններ ստեղծելով: Դա, սակայն, շատ պարզունակ տեխնոլոգիա է, որի դեմն առնելը բարդ չէ: 
Ավելի հետաքրքիր է, որ նույն «ֆեյքային» մարտավարությունը, փաստորեն, կիրառվում է ոչ միայն սոցիալական ցանցերում, այլև լրատվական դաշտում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել