Վերջին մի քանի օրերին գազի պայթյունների ողբերգական լուրերը բավականին հաճախակիացել են:
Այս խնդիրն իրականում խորը ուսումնասիրություններ է պահանջում, մասնավորապես հարց է առաջանում` վարորդների անփութությո՞ւնն է պայթյունների պատճառը, գազաբալոնների անսարքությո՞ւնը, թե՞ գազալցակայանների տեխնիկական թերությունները:
Ահա այս հարցի վերաբերյալ ՏԿԱԻՆ-ը մի շարք հանձնարարականներ է ստացել վարչապետի կողմից: Անցած կառավարության նիստի ժամանակ նախարարության կողմից կատարված ուսումնասիրությունների մասին որոշակի տեղեկատվությունն արդեն փոխանցվել էր: Այսօր ՏԿԱԻՆ նիստի ժամանակ զեկուցվել են գազալցակայաններում կատարված ուսումնասիրությունների արդյունքների մասին:
Անդրադառնալով նախարարի՝ գազալցակայաններում իրականացվող անվտանգության ռեժիմի վերահսկողության խստացման մասին հանձնարարականին` նիստի ժամանակ զեկուցվել է Երևան քաղաքի գազալցակայանների ստուգումների արդյունքների մասին: Շաբաթվա ընթացքում փրկարար ծառայությունն արձագանքել է 402 դեպք:
Հանրապետության բոլոր մարզերում ստուգումները շարունակվում են, և այն գազալցակայանները, որտեղ կարձանագրվեն խախտումներ, կտուգանվեն: Գործընթացի սկզբից ի վեր 11 գազալցակայան արդեն տուգանվել է:
Այնուամենայնիվ, միայն տուգանելով սահմանափակվել պետք չէ: ՏԿԱԻՆ նախարարը հանձնարարել է խստացված ռեժիմով ստուգումները շարունակել՝ վերահսկողության տակ պահելով նաև շարժական գազալցակայանները:
Ինչ խոսք, սա այն հարցերից է, որի լուծման համար անհրաժեշտ է դիմել ցանկացած քայլի: