Վերջին օրերին ֆեյշն աշխարհը պարզապես թնդում է Դամասկոսից ստացված կադրերից։ Որոշ ֆեյշն դիզայներներ այս ամենն անգամ ֆեյշն հեղափոխություն են կոչում։ «Հանրապետականները վերափոխում են դիզայնի աշխարհը», «Մագնուս Կարլսենի սարսափը նոր թրենդ է թելադրում», «Կոնսերվատիվ ջավախեցու հեղափոխական լուծումները»... Սրանք վերնագրեր են New York Times-ի, The Guardian-ի, Esquire-ի էջերից։
Ամենի պատճառը հանրապետական Տաճատն է, ով օրերս մի խումբ հայ պատվիրակների հետ առիթ ունեցավ Դամասկոսում հանդիպել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ։ Կոտրելով համընդհանուր կարծրատիպերը՝ Վարդապետյանը նախագահի հետ հանդիպման էր գնացել պաշտոնական հանդիպումների համար խիստ արտասովոր հանդերձանքով՝ սև սմոքինգը փոխարինելով գայթակղիչ կլեչատնի կոստյումով ու անբռնազբոս կարիշնիվի կոշիկներով։ Այս ամենը նա համեմել էր յուրահատուկ փայլուն փողկապով, որը ինչպես և իր կոշիկները կարիշնիվի գույնի էին։
Սիրիական պարբերականները նախագահի և հայկական պատվիրակության հանդիպումը լուսաբանելիս հատկապես սևեռվել էին նախագահի դեմքի շփոթված արտահայտության վրա։ Իսկ նախագահը հանդիպումից հետո լրագրողների պարզաբանել էր, որ իրեն մի փոքր անհարմար է զգացել՝ տեսնելով պրն Տաճատին, քանի որ հասկացել է, որ սև կոստյումներն այդ պահից էլ մոդայիկ չեն ու հնարավոր է, որ իրեն քննադատեն հնաոճ լինելու համար։
Տաճատ Վարդապետյանն էլ սիրիական պարբերականներից մեկի հետ զրույցում, անդրադառնալով իր ոճին, պատասխանել է, որ սա հանրապետականների հերթական նվերն է մարդկությանը, որը, վստահաբար, մի քանի տասնյակ տարով առաջ կմղի մոդայի աշխարհը։ «Ասում են նորը լավ մոռացված հինն է։ Սա կարծես այս դեպքի մասին է։ Հագուստիս դիզայնն անձամբ եմ արել և նշեմ, որ ոգեշնչվել եմ սովետական տարիների ցիրկի արտիստ Օլեգ Պոպովի ոճով, որով միշտ անթաքույց հիացել եմ»,-նշել է Տաճատը։
Մինչ պրն Տաճատը համեստորեն պարզաբանում է իր նորարարությունը, կուսակցությունում շունչները պահած սպասում են, թե նրա գրաված հաջորդ բարձունքը որ բնագավառից է լինելու։