Հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմության էջերում հայդուկային շարժումը կարևորագույն տեղ է զբաղեցնում։ Այդ շարժման ականավոր ներկայացուցիչներից էին Աղբյուր Սերոբը (Սերոբ Վարդանյան), Հրայրը, Անդրանիկը, Գևորգ Չաուշը և այլք։ Աղբյուր Սերոբը, սակայն, միայնակ չէր մարտնչում թշնամու դեմ, այլ կնոջ՝ հերոսուհի Սոսեի հետ…
Աղբյուր Սերոբը ծնվել է Խլաթ գավառի Սոխորդ գյուղում։ Հետապնդումների ենթարկվելով թուրքական իշխանությունների կողմից՝ նա 1891թ հեռացել է իր ծննդավայրից։ Սերոբը բնակվել է Կոստանդնուպոլսում և Ռումինիայում, իսկ 1895թ վերադարձել է Արևմտյան Հայաստան և հայկամավորական երիտասարդներից կազմել հայդուկների խումբ։ 1898թ Աղբյուր Սերոբը հաստատվել է Գելիեգուզանում։ Նույն տարվա գարնանը մի շարք ականավոր հայդուկներ Ցրոնք գյուղում դավաճանության զոհ էին դարձել։ Զոհված հերոսների հուղարկավորության ժամանակ Աղբյուր Սերոբն ասել է. «Նրանք մեռան՝ մենք մնացինք, սրանից հետո և մինչև վերջ մենք նրանց գործը պիտի շարունակենք»։
Աղբյուր Սերոբի մտերիմներից էր Անդրանիկը։ Նրանք միմյանց շատ էին սիրում ու հարգում։ Սերոբն Անդրանիկին միշտ էլ բարձր է գնահատել՝ ասելով. «Այս տղան մեծ անուն պիտի ունենա»։ Իսկ Անդրանիկը գրել է. «Մինչև վերջին շունչը ինձ իր զավակիցն ալ ավելի կսիրեր։ Ես հոգով հավատացած էի այդ բանին։ Ինչ որ ալ հարցնեի իրենց բացակայությամբ ըրած գործողությանս` նա միշտ կը սեր՝ «Ինձնից մի հարցներ, ինչ որ խելքդ կտրե, էն ըրէ»(«Անդրանիկի հուշերը»)։ 
Խիզախ հայդուկը իր խմբի, եղբայրների, որդու` Հակոբի, կնոջ` Սոսեի, ընկերների հետ միասին մարտնչում էր սուլթանական բռնապետության դեմ։ Աղբյուր Սերոբի սիրելի կինը միշտ ամուսնու կողքին էր և նրա պես խիզախորեն պայքարում էր հայ ժողովրդի ազատագրության համար։ Սոսեն հայրենասեր հայ կնոջ կերպարի մարմնավորումն էր։ Հայդուկների շրջանում, սակայն, Սոսեի ներկայությունը շատերի համար անցանկալի էր։ Նրանցից ոմանք ասում էին. «Մենք բոլորս էլ ամուսնացած ենք, կնոջ, զավակի տեր ենք։ Եթե մենք ալ մեր կիները մեզի հետ բերենք, այլևս ինչպե՞ս կրնանք ազատ շարժվիլ։ Սոսեն ղրկենք Կովկաս կամ ուրիշ ապահով տեղ մը»։ Չնայած այս տրտունջներին՝ Սոսեն, որպես կին մարտիկ, այնուամենայնիվ, ոգեշնչում էր նրանց։ Թշնամուն դժվար էր Սերոբին որսալը. թուրքերը շարունակ ճիգեր էին գործադրում նրան իրենց ճանկը գցելու համար, և ոչինչ չէր ստացվում։ Բայց, ի վերջո, Հուսեյն էֆենդին կաշառում է ոմն սասունցի Ավոյի, ով 1899թ թունավորում է Սերոբին և վերջինիս գտնվելու վայրի մասին հայտնում ցեղապետ Խալիլ աղային։ Խալիլն իր խմբով գիշերը պաշարում է Գելիեգուզան գյուղը և լուսաբացին հարձակման անցնում։ Սերոբը, կատաղի մարտնչելով, իր զինակիցների հետ բարձրանում է Անդոկ լեռը։ Այնտեղ նրան շրջապատում է Խալիլ աղայի ավազակախումբը։ Քաջ հայդուկն այդ անհավասար մարտում մինչև վերջին շունչը կռվում է և նահատակվում։ Զոհվում են նաև Սերոբի եղբայրները։ Կռվի թեժ պահին Սոսեն որդու հետ հասնում է ամուսնու գրաված դիրքերը և հերոսաբար շարունակում կռիվը։ Զոհվում է նաև որդին։ Դրանից հետո միայն թուրքերը գերի են վերցնում վիրավոր և ուշակորույս Սոսեին։ Խալիլ աղան հրամայում է Աղբյուր Սերոբի անկենդան մարմինը գլխատել, հերոսի գլուխը սվինի ծայրին ցցել և պտտեցնել Մուշի փողոցներով. դրանով նա ցանկանում էր ահ ու սարսափ տարածել հայերի շրջանում։ Սակայն թուրքական կառավարությունը, տեսնելով հասարակական հուզումների ուժը, զգուշավորություն է ցուցաբերում և գլուխը հանձնում է բիթլիսահայերի հոգևոր առաջնորդին, որն էլ իր հերթին այն հողին է հանձնում Ս. Կարմրակ եկեղեցու բակում։ Հայ հայրենասերները հետագայում հուշարձան են կանգնեցնում քաջ հայդուկի շիրմի վրա։ 
Սերոբի կորուստը ցնցում է հայ ազատագրական պայքարի մարտիկներին։ Նրա մահվանից հետո հայդուկների խմբի ղեկավար է ընտրվում Անդրանիկ Օզանյանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել