Արդյոք հաջողվե՞ց մեզ անկախության թանկ ու խիտ քսանհինգ տարիների ընթացքում կառուցել քաղաքացիական հասարակություն, հասնել սեռերի փաստացի իրավահավասարության։
Հանրային, քաղաքական կյանքի բազմաթիվ երևույթների պես այս հարցին նույնպես դժվար է միանշանակ պատասխան տալը։
Եթե քաղաքացիական հասարակությունը դիտարկենք որպես հասարակական կազմակերպությունների, ինստիտուտների կամ խմբերի կամավոր գործառույթ, որի շուրջ համախմբվում են տվյալ երկրի քաղաքացիները՝ փոփոխելու/հակազդելու որևէ մասնավոր կամ պետության կողմից որդեգրված քաղաքական, սոցիալական տնտեսական գործընթաց (սա Լոնդոնի քաղաքական դպրոցի սահմանումն է), ապա դժվար է դրական գնահատական տալը։
Քաղաքացիական հասարակությունը նաև հանրության տարբեր շերտերի, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց համագործակցության ու փոխազդեցության բազմաշերտ հարաբերություն է ենթադրում, ուր անխուսափելի անհրաժեշտություն են պետության կողմից երաշխավորված մարդկային իրավունքներն ու ազատությունները, անհատի տնտեսական անկախությունը, նրա անհատական իրացման ու անհատական ինքնորոշման իրավունքը։
Եվ, իհարկե, սրանք ժողովրդավարական պետության արմատական բաղադրիչներն են, օդի պես անհրաժեշտ ոչ միայն սոցիալական պետության, այլև հանրային ու քաղաքակրթական առաջընթացի համար։
Հայաստանի Հանրապետության և ոչ մի օրենք սեռերի անիրավահավասարության հիմք չի տալիս, ավելին՝ այն հասարակական և քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում տղամարդկանց և կանանց հավասար իրավունքներ ու հնարավորություններ է երաշխավորում։
Բայց, ինչպես սիրում եմ ասել, մենք երկու ճշմատությունների Հայաստանում ենք ապրում, մեկը՝ թղթի վրա, սևը սպիտակի վրա գրած, մյուսը՝ իրական. դժվար, անհասկանալի, իրարամերժ ծայրահեղությունների Հայաստանը։
2014-ին, ըստ Համաշխարհային տնտեսական համաժողովի (WEF) սեռերի իրավահավասարության վարկանիշի, 142 երկրների մեջ Հայաստանը 103-րդ տեղում է։ Այս վարկանիշը ձևավորվում է տնտեսական, կրթական, առողջապահական ոլորտներում սեռերի հնարավորությունների, նրանց իրացման մակարդակով, ինչպես նաև քաղաքական կյանքում կանանց մասնակցության ցուցանիշներով։
Անկախությունից այսդին Հայաստանն ընդունել է տասնյակ իրավական ակտեր ու նույնքան էլ միջազգային համաձայնագրեր, ներառյալ ՄԱԿ-ի մի քանի կոնվենցիաներ՝ հանձնառություն ստանձնելով պաշտպանել մարդու հիմնարար իրավունքները, վերացնել սեռերի միջև խտրականության բոլոր դրսևորումները։ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պատավորությունների շրջագծում է նաև խորհրդարանում կանանց ընդգրկվածության 30%-անոց շեմի հաստատումը։ Սակայն փաստացի պատկերն այլ է, ու մենք այս առումով հայտնվել ենք Գանայի ու Մալազիայի հետ ոչ այնքան պատվաբեր հարթակում (10.7%)։
Պատճառներն, իհարկե, հստակ են, բացահայտ և ոչ, հասկանալի և ոչ, մեծ մասը՝ բացատրվող մեր պատմական նստվածքով, քաղաքական մշակույթի որակներով և, անշուշտ, քաղաքական համատեքստով։
Աղքատության, գործազրկության, կոռուպցիայի, ինքնավերարտադրվող քաղաքական մշակույթի ու արժեքների ներկա անկման պայմաններում կանանց անկաշկանդ ու ազատ քաղաքական իրացման մասին խոսելն իրատեսական չէ, բայց նույնքան էլ արդարացված չէ սպասելը, մինչ կհասունանա իշխանություն իրականացնողների քաղաքական կամքն ու ընտրողի քաղաքացիական գիտակցությունը։ Ի վերջո, քաղաքականություն նշանակում է փող և իշխանություն, երկուսից էլ դժվար է բաժանվելը։
Մինչ եվրոպական շատ երկրներ քաղաքականության մեջ քվոտավորման համակարգից անցել է իրական հավասարության գաղափարին, մեր հասարակությունը փորձում է քաղաքականության մեջ կանանց մասնակցությունն ապահովելու քվոտավորման աշխատող մեխանիզմներ ճշտել։
Այն, որ Ռուանդայի, Բոլիվիայի կամ Անգոլայի խորհրդարաններում կանայք 50%-ից անց են, դեռ չի նշանակում, որ նշված երկրները կայուն զարգացման ու ժողովրդավարության առաջամարտիկներ են։ Եվ, այնուամենայնիվ, ժողովրդավարության թույլ ու խոցելի մակարդակ ունեցող երկրներում քվոտավորումը շարունակում է մնալ կանանց սոցիալական ու քաղաքական դերակատարությունն ապահովող հիմնական, եթե ոչ միակ միջոցը։
Իսկ մինչ այդ սպասենք քաղաքական ու բարոյական կլիմայի այն փոփոխությանը, որը հնարավոր կդարձնի վեր կանգնել իշխանությունն ամեն գնով պահելու կործանարար վարքից։
Ի վերջո, աղքատացնում ենք սեփական երկիրը՝ չօգտագործելով այդքան թանկ մարդկային ռեսուրսը։
Հստակ է, ժողովրդավարական որևէ գործընթաց չի կարող ամբողջական ու անդառնալի լինել առանց կանանց իրավահավասար դերակատարության։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Lilit.Galstian/posts/864465650296717?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել