Հայերիս պարագայում պետականամետ դիմադրողականությունը բախվում է ոչ միայն ներքին, այլև արտաքին մարտահրավերներին դիմագրավելու անհրաժեշտությանը՝ մի իրավիճակում, երբ արտաքին ուժի կենտրոնները բնական դաշինք են կնքել ներքին «լուսանցքի» հետ՝ անցումային տղմահարույց ճահիճն ամեն գնով հավերժացնելու և ազգային ներուժի երևակման ու հաղթարշավի հնարավորությունները՝ իմա՛՝ կենսունակ ազգային պետականության կայացումն արգելակելու նպատակով: Այս անհավասար պայքարում ինքնիշխանամետ ազգային զանգվածի ռազմավարությունը չի կարող հիմնվել գաղափարամետ բազմատրոհ կղզիացման և հակամարտային բևեռացման վրա: Առանց թերագնահատելու գաղափարական և կազմակերպչական կուռ և նեղ թիմերի կարևորությունը, ներկա համընդհանուր ապակողմնորոշվածության և բոլոր գաղափարախոսությունների ու արժեհամակարգային հանգանակների իմաստախեղման շրջանում, քաղաքական համագործակցության հիմքում կարող են դրվել միայն խիստ սակավ հիմնարար սկզբունքներ: Այդ սկզբունքներն իրենց բնույթով պետք է լինեն վերգաղափարական ու անառարկելիորեն պարտադիր:
Հայոց քաղաքական մտքի սնանկությունը և մեզանում արհեստականորեն հրահրվող տրամախոսությունների խառնիճաղանճ շփոթն էապես պայմանավորված են հայ «գաղափարաստեղծ» մտավորական շրջանակների մտահորիզոնի համատրոհ կաղապարմամբ: Պատմության փիլիսոփայության մեջ խորաթափանցելու և պատմական ընթացքը՝ որպես օրինաչափ անվերջանալի շղթա ու փոխկապակցված ամբողջականություն ընկալելու փոխարեն, մենք՝ մեկ-երկու-երեքդարյա «ուշացմամբ» ու բոցավառ անհանդուրժողականությամբ քննարկում ենք ազատականությունը, ազգայնականությունը, սոցիալիզմն ու ֆաշիզմը, կարծես թե, ապրում ենք Ռոբեսպյերի, Լենինի կամ Հիտլերի օրոք: Իհարկե, շատ հեշտ է կառուցել ներփակ մի աշխարհ և բաժանել մարդկանց յուրայինների և մերժելիների՝ ըստ «ազգայնական-ազատական», «ֆաշիստ-լիբերաստ», «քրիստոնյա-հեթանոս» և այլ նման փակուղային կաղապարների: Հենց այստեղ է լավագույնս արտացոլվում «արդի» աշխարհի զարգացման փիլիսոփայության սնանկությունը՝ հավերժը տրոհելու, արխայիկն ու անդրանցականը մոլեգնաբար մերժելու և սպառողական «պատմության ավարտն» ի սնոտիս «հավերժացնելու» ձգտումը:
Համընդհանուր ապակողմնորոշվածությունը ծնում է նաև հեղինակության խնդիր: Այսօր այլևս համարյա անհնարին է ունենալ ընդհանրական ընդունելություն վայելող անձնավորված հեղինակություն: Համապարփակ գզվռտոցի մեջ ոչ ոք չի ճանաչում հեղինակության անհատականացված մարմնավորումը: Գործում է հոգեբանական ինքնապաշտպանության հայտնի եղանակը, երբ իր իսկ «անլիարժեքությունը» գիտակցաբար կամ ենթագիտակցաբար ընկալող մարդը փորձում է ինքնիրեն համոզել և ի լուր աշխարհի բացականչել, թե «բոլորն էլ նույնպիսիք են», իսկ ինքը՝ «սոսկ ավելի անկեղծ»: Ուստի, հեղինակազրկման տենդով տառապող հանրության համար հեղինակության անկյունաքար կարող է լինել միայն վերանձնական գնահատման հիմնասյունը, այսինքն՝ վերստին՝ առարկայաբար սահմանված հիմնարար սկզբունքները:
Բոլոր մակարդակներում ապագաղափարականացված և ապակողմնորոշված հանրության համար իմաստախեղ պառակտումների դարմանը կարող է լինել միայն ոգու, գիտակցության, բարի կամքի և բնական շիտակության վերարժևորումն ու գործնական վերահաստատումը՝ ամեն ինչից առաջ և «ի վերոյ քան զամենայն»: Այսօր կեղծ, արհեստական կամ ժամանակավրեպ տրամախոսությունների մեջ խելակորույս չարամտությամբ գահավիժելու փոխարեն, պետք է հստակ սահմանել մեր ազգային ընդհանրական անելիքը և գիտակցել, որ ժամկետանց և ապակենսունակաբար պատճենված կաղապարներից կառչելով, մենք դավում ենք մեր ընդհանրական ապագան…
Ալեքսանդր Քանանյան
Ալեքսանդր Քանանյան
Նյութի աղբյուր՝ http://vaykuneci.livejournal.com/209889.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



