Esem.am-ը գրում է.
Կարծես սկանդալ է հասունանում «Բախտաբեր» հեռուստասերիալի, մասնավորապես՝ դրա համանուն սաունդթրեքի շուրջ: Միայն վերջերս հանդիսատեսի դատին հանձնված «Բախտաբեր» հեռուստասերիալի սաունդթրեքը, որը կատարում է երգիչ Արման Թովմասյանը, հասցրեց հայտնվել անդրկուլիսյան այնպիսի խոսակցությունների կիզակետում, որ որոնցից գրագողության հոտ է փչում:
Բանն այն է, որ տեսահոլովակի պատրաստ լինելու օրվանից բոլորիս հայտնի էր դարձել, որ երգի խոսքերի հեղինակը սերիալի սցենարիստ Անահիտ Մխիթարյանն է, երաժշտության հեղինակը` Ռիչարդ Մադլենյանը:
Սակայն ESem.am-ին հայտնի դարձավ, որ իրականում երգի խոսքերի հեղինակը ոչ թե սերիալի սցենարիստն է, ինչպես նշված է տեսահոլովակում, այլ դերասանուհի, մասնագիտությամբ ռեժիսոր Մերի Հակոբյանը: Վերջինս Ինստագրամի իր էջում նույնիսկ դրա առնչությամբ լուսանկար է հրապարակել՝ մակագրելով. «Հուսով եմ՝ շատ շուտով կուղղվի սխալը, Անահիտ Մխիթարյանը համահեղինակ է, երգը ստեղծվել է իմ գրած խոսքերի հիման վրա»:
Չնայած այս մակագրությանը՝ Մերի Հակոբյանը ESem.am-ի հետ զրույցում պնդեց, որ երգի խոսքերի հեղինակը հենց ինքն է: «Եթե այս թյուրիմացությունը չուղղվի. ես իմ իրավունքները կպահանջեմ: Դա իմ երգն է, ես ապացույցներ ունեմ»,- շեշտեց մասնագիտությամբ ռեժիսոր դերասանուհին:
Մեր այն հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ է նշել, որ Անահիտ Մխիթարյանը երգի համահեղինակն է, Մերին ընդգծեց. «Որովհետև որոշ բառեր փոխելով՝ երգի հեղինակ չեն դառնում»:
Այժմ ի՞նչ եք պատրաստվում անել, որևէ պահանջ ներկայացրե՞լ եք, ե՞րբ եք իմացել այս թյուրիմացության մասին և ESem.am-ի շատ այլ հարցերի Մերին հրաժարվեց պատասխանել՝ նշելով. «Հիմա լրացուցիչ մեկնաբանություններ չեմ տալիս. առայժմ՝ այսքանը»:
ESem.am-ը կապ հաստատեց նաև սերիալի սցենարիստ Անահիտ Մխիթարյանի հետ, որի հակիրճ պատասխանն առավել քան զարմանալի էր:
«Ես չեմ ճանաչում Մերի Հակոբյանին, խոսքերի հեղինակը ես եմ»,- մեր գրավոր հարցերին ի պատասխան՝ պնդեց Անահիտը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ