Վերջապես նկատում եմ, որ փորձ է արվում ինչ-որ համակարգվածություն մտցնել սոցիալապես անապահով ընտանիքների հայտնաբերման ու օգնության ցուցաբերման հարցում։ Հենց այդպիսի մի դրական օրինակ է «Հայի աչքեր» նախագիծը, որը մեկնարկում է Аrmenia TV-ի եթերում։ Ծրագրի շրջանակներում ամբողջ Հայաստանի տարածքում գտնելու են ծայրաստիճան անապահով ընտանիքներ, որոնք բոլորիս օգնության կարիքն ունեն, և ամեն հաղորդման ժամանակ ուղիղ եթերում ցուցադրվելու է երկու նման ընտանիքների պատմություն, ու հեռուստադիտողները կարող են հենց օնլայն ռեժիմով հանգանակություն անել այդ մարդկանց համար։
Ինչու եմ ես սա կարևորում։ Նախևառաջ, անձամբ ինձ համար, որպես մարդու, ով մի քանի անգամ բացասական փորձ է ունեցել «անապահովներին» օգնելու հարցում, հիմա արդեն կարևոր է, որ իմանամ, որ գոնե ինչ-որ հեղինակավոր կազմակերպություն մոնիտորինգի արդյունքում է պարզում անապահովներին, ինչն էապես նվազեցնում է հավանականությունը, որ մոլախոտի պես աճած այն կերպարները, ովքեր թե՛ աշխատունակ են, թե՛ առողջ, պարզապես հավես չունեն աշխատելու ու գերադասում են մեծապատիվ մուրացկանություն անել անօգնականի ու վատառողջի դիմակի ներքո, չեն անցնի այս ֆիլտրով։
Մյուս կողմից, հանգանակություն փոխանցելով «Հայի աչքերին»՝ ես կարող եմ հանգիստ լինել, որ իմ փոխանցած գումարը կհասնի հասցեատերերին, ու չեմ իմանա հետո, որ իմ հատկացված օգնությունը յուրացրել կամ էլ մասնակի է յուրացրել միջնորդի կարգավիճակում հանդես եկող կազմակերպությունը կամ էլ անհատը (այո՛, նման փորձ էլ ունեմ)։
Եվ վերջապես, երրորդ կարևոր հանգամանքը, որը ստիպում է ինձ այս աստիճան կարևորել այս հաղորդում-նախագիծը. այն պարբերական է լինելու և հետադարձ կապ է ապահովելու։ Այսինքն, այնպես չի լինելու, որ մի ընտանիքի օգնեցին ու վերջ, կամ էլ մոռացան։ Պարբերականության շնորհիվ ամեն թողարկումից հետո իմանալու ենք, որ ևս երկու ընտանիքի օգնության ձեռք մեկնվեց, ու հնարավոր է որոշակի պատկերացում ունենալ, թե ինչ գործնական արդյունք է տվել ցուցաբերված օգնությունը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1670804289816791&id=100006617070037
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել