Աղջիկները դա անում են ամենուր` առավոտյան տանից դուրս գալուց առաջ, վերելակում, տաքսիի մեջ, աշխատավայրի վերելակում, համակարգչի մոտ և նույնիսկ զուգարանում, չնայած ի՞նչ նույնիսկ, զուգարանում դա անելը նրանց ամենասիրելի զբաղմունքն է:Ճ Վերջին շրջանում աղջիկներից էլ շատ դա սկսել են անել նաև տղաները` մարզասրահում, մեքենայի ղեկին, հեծանիվ քշելիս և այլն: Խոսքը 21-րդ դարի գլխավոր հիվանդության` սելֆի անելու կամ սելֆիամոլության մասին է:
Տեխնոլոգիական առաջընթացը մեզ բերեց ոչ միայն գերժամանակակից գաջեթներ ու սմարթֆոններ, այլև նոր հոգեկան շեղումներ ու խանգարումներ: Աշխարհը գրավել է «սելֆի» անունը կրող էպիդեմիան: Այն հաշվի չի առնում ոչ մարդու տարիքը, ոչ սեռը և ոչ է սոցիալական կարգավիճակը: Այն իր ցանցն է գցում բոլորին, ովքեր իրենց ձեռքն են վերցնում տեսախցիկ ունեցող հեռախոս:
Ինքդ քեզ ռեժիսոր
«Սելֆի» բառն անգլերենից թարգմանաբար նշանակում է ինքնանկար, որը ժամանակակից աշխարհում լայնորեն օգտագործվում է թվային սարքերով, հիմնականում՝ բջջայինով սեփական լուսանկարն անելու երևույթը մատնանշելու համար։ 2013 թվականին selfie բառը ճանաչվեց աշխարհում ամենից շատ օգտագործվող բառ: Հոգեբաններն այս երևույթի հաջողությունը և մասայականությունը բացատրում են լուսանկարի հանդեպ լուսանկարվողի ամբողջական վերահսկողության առկայությամբ: Դու ազատ ես ընտրել լուսանկարվելուդ դիրքը, կարող ես բազմաթիվ անհաջող փորձերի արդյունքում ընտրել այն ճիշտ դիրքը, որով քո լուսանկարները գեղեցիկ են ստացվում, ազատ ես ջնջել չստացված նկարները և թողնել միայն նրանք, որոնք քեզ դուր են գալիս: Եվ քանի որ նարցիսիսզմը՝ սերը սեփական անձի նկատմամբ բնորոշ է գրեթե բոլոր մարդկանց, նրանք չեն կարող անտարբեր մնալ մի երևույթի նկատմամբ, որը բարձրացնում է իրենց ինքնագնահատականը:
Ասա՛ ինձ, Ֆեյսբո՛ւք, ո՞վ է ամենագեղեցիկն այս աշխարհում...
Մարդու էջը Ֆեյսբուք սոցիալական ցանցում ամեն ինչ կարող է պատմել նրա մասին և մի բան էլ ավել: Ուշադիր նայեք, թե ինչպիսի նկարներ է մարդը տեղադրում իր էջում. դա հենց այն կերպարն է, որով նա փորձում է ներկայանալ հասարակությանը, այն կերպարը, որին ձգտում է և ինչպիսին ցանկանում է իրականում լինել: Իսկ թե ինչքանով է դա համապատասխանում իրականությանը կամ համապատասխանո՞ւմ է ընդհանրապես, դա այլ հարց է: Սելֆիների մեծ մասն իրենց մեջ «Ես սելֆի եմ անում, նշանակում է՝ ես ապրում եմ» ենթատեքստն են պարունակում: Մեկը մյուսից գեղեցիկ ու վառ սելֆիներով օգտատերն ուզում է ցույց տալ, թե որքան ուրախ, գեղեցիկ և հետաքրքիր կյանք ունի ինքը, որքան նորաձև է, ինչ լավ վայրերում է լինում և այլն: Դուք երբևէ տեսե՞լ եք, որ մեկն իր տխուր կամ դժբախտ պահին սելֆի անի ու դա հպարտորեն հրապարակի: Իհարկե ոչ կամ էլ հազվադեպ, որովհետև դա իրեն չի օգնի մարդկանց մեջ նախանձ առաջացնել կամ էլ մյուսների հանդեպ իր առավելություններն ընդգծել:
Ոչ ոք ձեզ ավելի լավ չի լուսանկարի, քան դուք ինքներդ
1977 թվականին 3 հոգեբան շատ հետաքրիր մի փորձ անցկացրեցին` պարզելու՝ ինչու մենք չենք հավանում մեր որոշ նկարներ:
Ինչպես գիտեք, մարդիկ իրենց լուսանկարներից շատ քչերն են հավանում, պատճառն այն է, որ ստացված արդյունքն ամենևին էլ չի համապատասխանում հայելու մեջ մեր տեսած պատկերին ու մեր սպասումներին: Հետազոտության արդյունքում Թեդոր Միտը, Մարշալ Դերմերը և Ջեֆրի Նայթը եկան այն եզրակացությանը, որ մարդիկ նախընտրում են այն դիմանկարները, որոնք ավելի մոտ են հայելու մեջ իրենց արտացոլանքին: Այլ կերպ ասած, մենք ցանկանում ենք մեզ տեսնել այնպես, ինչպես հայելու առաջ կանգնած ենք տեսնում: Միայն մենք ինքներս գիտենք մեր թույլ ու ուժեղ կողմերը, գիտենք գեղեցիկ երևալու մեր «գաղտնիքը», իսկ հայելու առաջ մենք լիովին կարգավորում ենք մեր դիմախաղն ու հայացքը: Մարդիկ սելֆի անելն ու հայելու մեջ նայելը նույնացնում են:
Ինչպես հայտնի է, մարդու դեմքը համաչափ չէ, և մենք ու դիմացինը մեզ լրիվ այլ կերպ ենք տեսնում, սա ևս մեկ պատճառ է հայելային սելֆիներ անելիս կախվածություն ունենալու համար:
Սելֆիներն ամենից շատ են «լայք հավաքում»
Սովորաբար սելֆիներն ամենից շատն են լայքեր հավաքում: Պատճառն այն է, որ մադրիկ շատ են սիրում դիմանկարներ, դեմքեր: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Ինստագրամում դեմքի նկարները 38 %-ով ավելի շատ են հավանության արժանանում, քան այլ նկարները, որտեղ դեմքը չի երևում: Մարդու դեմքը ոչ վերբալ հաղորդակցության գլխավոր աղբյուրն է:
Ինչպես ճիշտ սելֆի անել
Լուսավորություն
Առաջինը, ինչի մասին պետք է մտածել, լուսավորությունն է: Ցանկալի է, որ լինի բնական լուսավորություն, քանի որ լամպի կամ այլ ոչ պրոֆեսիոնալ լույս արձակող սարքերի լուսավորության պատճառով հնարավոր է՝ կորչեն գույների մեծ մասը:
Լույսի աղբյուրը տեղադրեք Ձեր դիմաց, աչքերի գծից վերև: Եթե արևի ճառագայթները շատ արտահայտիչ են, տեղադրեք բարակ վարագույր, որպեսզի ցրվեն արևի ուղիղ ճառագայթները: Այսպիսի լուսավորության տակ նկարները կլինեն ավելի թեթև և գեղեցիկ:
Եթե բնական լույսը բավարար չէ, և նկատում եք ստվերներ տարածքում, ապա կարելի է օգտագործել այլ լույսի աղբյուր: Խուսափեք սարքի արձակող լույսից (вспышка), այն մոտ տարածությունից փչացնում է գույները և նույնիսկ ստեղծում կարմիր աչքերի խնդիր:
Ճիշտ անկյուն
Խորհուրդ չի տրվում լուսանկարնել դեմքը դիմային հատվածից, ուղիղ դիրքով: Դա կարելի է թողնել անձնագրի համար լուսանկարող մասնագետներին: Ավելի լավ է թեքել երեսը 30–45° ուղիղ դիրքից, իսկ որ ուղղությամբ թեքվելը Ձեր ցանկությունն է: Ընտրեք այն ուղղությունը, որում դուք Ձեզ հարմար եք զգում:
Դեմքի արտահայտություն
Ժպիտ՝ մարդու երեսին ամենագեղեցիկ արտահայտությունը: Սա կարտահայտի Ձեր գեղեցկությունը:
Ընթացքը
Խոսենք սմարթֆոնների դիմային խցիկների մասին: Հիմնականում նրանք օժտված են լինում 2 Մպիքսել որոշմամբ՝ իհարկե հաշվի չառնելով սելֆիի համար նախատեսված հատուկ սմարթֆոնները:
Մի՛ օգտագործեք թվային ֆոտոխցիկներ, ձեռքից լուսանկարը հիմնականում ավելի գեղեցիկ է: Իսկ եթե ցանկանում եք երևալ ոչ շատ մոտ խցիկին, կարող եք օգտագործել CamMe հավելումը iOS համակարգի համար: