Գազալցակայաններում ստուգումներ են ընթանում: Վերջին շրջանում իրար հաջորդող պայթյունները անհետևանք չմնացին: Ըստ լուրերի` որոշ գազալցակայաններ արդեն փակվել են կամ պարզապես հրաժարվում են լիցքավորում անել, հավանաբար պատճառը զգուշավորությունն է: 
Վարչապետի` խիստ վերահսկողություն իրականացնելու մասին հայտարարությունից հետո ՏԿԱԻՆ մասնագետներն լծվել են գործի:

Նախարար Երիցյանը զգուշացրել է` այն գազալցակայանները, որոնք չեն շտկի թերությունները, հնարավոր է` փակվեն: Թեև գազալցակայանների փակման մասին պաշտոնական տեղեկություն չկա, սակայն տարբեր աղբյուրներ արդեն նման լուրեր հաղորդում են: 
Նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին (Ճոյտ) պատկանող գազալցակայանում, որի պայթյունի հետևանքով մահացավ Հակոբյանի եղբայրը, ժամանակին տուգանքի է ենթարկվել: Վճարել են տուգանքն ու հանգիստ խղճով շարունակել անբարեխիղճ և նորմերին չհամապատասխանող աշխատանքը: Ստուգումներն ուղղված են այս տեսակ աշխատելաոճի դեմ:

Հարցի կարգավորման համար, իհարկե, անհրաժեշտ է նաև վարորդների ուշադրությունն ու զգոնությունը, ովքեր շահագործում են գազաբալոններ, քանի որ այս ընթացքում կարծիքներ են հնչել, որ որոշ դեպքերում պայթյունի հանգեցնում են մաշված, ոչ պիտանի գազաբալոնները:
Այս խնդրի դեպքում դրական արդյունք կարող է լինել պետություն-քաղաքացի համագործակցության արդյունքում:
Գազալցակայանների ստուգումներն ընթացքի մեջ են: ԱԻՆ-ը խոստանում է ավարտից հետո արդյունքների մասին լրացուցիչ տեղեկություններ հրապարակել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել