Մարդիկ դաժան են: Կյանքը նրանց դաժան է դարձնում, քանի որ այն մեզ պայքարի է պատրաստում: Քիչ-քիչ մարդիկ կորցնում են իրենց բնական նրբությունն ու նմանվում են քարի: Իսկ քարի նման մարդը մեռած է: Մենք ասում ենք, որ նա կենդանի է, սակայն նրա կյանքը զուրկ է իրականությունից:
Իրական կյանքը բաղկացած է նրբությունից, փափկությունից, անկեղծությունից: Մի´ վախեցեք գոյությունից, չէ՞ որ այն հոգ է տանում Ձեր մասին, սիրում է Ձեզ: Պետք չէ պայքարել Աստծո դեմ: Աստված արդեն պատրաստ է Ձեզ ավելին տալ, քան Դուք կարող եք պատկերացնել: Սակայն Աստված կարող է դա անել միայն այն դեպքում, եթե Դուք փափուկ եք ու նուրբ: Եթե Դուք դառնաք սպունգի նման, ապա Աստված կարող է Ձեր մեջ մտնել:
***
Աշխարհում ամեն ինչ գոյատևում է համաձայնության մեջ, սակայն մարդը չի գիտակցում դա: Նրա անգիտակցվածությունը դժբախտություն է բերում, և նա սկսում է տառապել հորինված մղձավանջներից: Իսկ մեր կյանքը անընդհատ ու անվերջ տոն է: Մենք պետք է մի փոքր ավելի անխռով դառնանք, որպեսզի կարողանանք լսել: Երբ մենք բացարձակ անխռով ենք, ապա մենք անէանում ենք, դառնում տիեզերական ներդաշնակության մասը: Տեղի է ունենում մարդու հանդիպումն Աստծո հետ, մասնիկի միաձուլումն ամբողջության մեջ: Մենք կորչում ենք, լուծվում որպես էգո, մարդ, սակայն ամբողջական ենք դառնում, այսինքն` առաջին անգամ ենք ի հայտ գալիս: Ցողի կաթիլը կորչում է, սակայն օվկիանոս է դառնում: Այն ոչինչ չի կորցնում: Ցողի կաթիլը կորցնում է միայն իր փոքրիկ սահմանները, որոնք չարժե պահպանել: