Իմ կարծիքով՝ հիանալի բան են մտածել Արմենիա TV-ում։ Խոսքը «Հայի աչքեր» հաղորդում-նախագծի մասին է, որի էությունը կայանում է նրանում, որ ամեն անգամ ցուցադրվելու է երկու անապահով ընտանիքների պատմություն, ու ուղիղ եթերով հնարավորություն է լինելու ֆինանսական օգնություն ցուցաբերել այդ մարդկանց։
Սա շատ օգտակար է թե՛ տվյալ ընտանիքների, թե՛ մեր հասարակության համար, որովհետև եթե ընտանիքների պարագայում գործ ունենք անելանելի իրավիճակում ու ծայրաստիճան չքավորության պայմաններում մաքառող մարդկանց խնդիրների լուծման հետ, ապա ավելի մեծ մասշտաբով գործ ունենք հասարակության առողջացման հետ, որովհետև ցանկացած կուռ հասարակության հիմքում ընկած է մարդասիրությունը, իսկ մարդասիրության ամենագործնական դրսևորումն անանուն ու մասսայական բարեգործությունն է։
Բացի դրանից, «Հայի աչքերը» մեկ այլ շատ կարևոր խնդիր է լուծում։ Ես շատ մարդկանց գիտեմ, ովքեր ի սրտե ցանկանում են օգնություն ցուցաբերել կարիքավորներին, բայց դժվարություն են ունենում ճիշտ հասցեատերեր գտնելու հարցում։ Երբեմն էլ լինում է նաև այնպես, որ օգնությունը հասնում է ոչ այնքան «ճիշտ» մարդկանց։
Ու այս առումով, «Հայի աչքերը» նաև շատ ավելի է դյուրինացնում օգնել ցանկացողի ու իրական կարիքավորի գործերը, քանի որ մի կողմից, օգնություն ցուցաբերողը հնարավորություն ունի տեսնելու, թե իրականում ում է օգնում և քիչ թե շատ հանգիստ կարող է լինել, որ գումար է հատկացնում հենց այնպիսի մարդկանց, ում համար այդ գումարն իսկապես կյանքի ու մահու հարց է, իսկ մյուս կողմից՝ իսկապես ծանր սոցիալական պայմաններում ապրող մարդիկ են կարողանում ելք գտնել դեպի բարեգործական միջոցներ՝ առանց կասկածելի միջնորդների ու ճանապարհին չհանդիպելով տարատեսակ խարդախների ու պորտաբույծ ձրիակերների։
Ուստի հաջողություն եմ մաղթում այս նախագծին և կոչ եմ անում բոլորին միանալ ու հնարավորության սահմաններում զորակցել այս նախաձեռնությանը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=488328791332034&id=100004647524817
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել