Ներկայումս առկա են բազմաթիվ խնդիրներ՝ կապված կառուցապատման մեջ գտնվող շենքերում բնակարանների ձեռբերման հետ: Բազմաթիվ դեպքեր են արձանագրվել, երբ մեկ բնակարանը վաճառվել է մի քանի գնորդի: Եղել են նաև այնպիսի դեպքեր, երբ կառուցապատողը ոչ միայն ուշացրել է կառուցապատման աշխատանքները, այլ նաև չի ավարտել այն, ինչի հետևանքով բազմաթիվ մարդիկ մնացել են անօթևան: Մինչ այժմ բացակայում էին հստակ մեխանիզմներ, որոնք պետք է զգաստ պահեին կանխավճար վերցնող, բայց կառուցապատման աշխատանքները ժամանակին չավարտող կազմակերպություններին:
Այս հարցը ներառված էր գործադիր մարմնի այսօրվա նիստի օրակարգում:
Ներկայացված նախագծերի փաթեթով ներդրվել է նոր իրավունքի հասկացություն՝ «կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք»:
Նախագծի ընդունմամբ պահպանվում է կառուցապատման իրավունքի փոխանցման մեխանիզմը, և ներդրվում է կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքը: Կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի հիման վրա առաջացած կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքը հնարավորություն է տալիս ձեռք բերել ապագայում կառուցվող անշարժ գույքը սեփականության իրավունքով:
Միաժամանակ չարաշահումներից խուսափելու համար նախագծով ներդրվում է գույքի նկատմամբ իրավունքի վերաբերյալ նախնական նշում կատարելու իրավունքը, որով ապահովվում է գործարքներից բխող իրավունքի պետական գրանցման պահանջը: Իրավունքի վերաբերյալ նախնական նշումը հատկապես կնպաստի նույն գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում ենթադրող գործարքներ կնքելը կանխելուն, երբ նույն գույքը տարբեր գործարքների միջոցով միաժամանակ օտարվում է մեկից ավելի անձանց: Այս ինստիտուտի ներդրմամբ կապահովվի նոր կառուցվող շենքերի և շինությունների նկատմամբ կնքվող գործարքներից ծագող իրավունքների գրանցման հստակությունը:
Նախագծով ներդրվել է վերահսկողության մեխանիզմներ բանկի, գանձապետարանի, նոտարների միջոցով: Մասնավորապես վճարումները իրականացվելու են այս մարմինների միջոցով՝ հիմնվելով այն ելակետից, որ կառուցապատողներն իրավունք կունենան ստանալ դրամական միջոցներ միայն շինարարական աշխատանքների որոշակի ծավալ ապահովելու դեպքում:
Այս օրենքի ընդունման արդյունքում լուծումներ կտրվեն պրակտիկայում կառուցապատման ոլորտում առաջացող խնդիրներին, կապահովվի կառուցապատողների կողմից իրեն պարտավորությունների պատշաճ կատարումը, նախնական նշման ինստիտուտի ներդրումը հնարավորություն կտա ապահովել գրանցման ենթակա իրավունքների պաշտպանվածությունը և կանխարգելել հնարավոր չարաշահումներից, կներդրվի կառուցվող անշարժ գույք ձեռք բերելու նոր մեխանիզմ: