Սքանչելի մի նախաձեռնության մասին իմացա՝ «Մշակութային վերածնունդի», որի նպատակն է հավաքագրել ու հանրամատչելի դարձնել հայկական ազգային մշակույթի լավագույն նմուշները։ «Հայկական ազգային երաժշտական գանձարան» ծրագիրն արդեն մեկնարկել է ու մարդիկ հարյուրավոր ժողովրդական և հոգևոր երգեր ու երաժշտություն են ձայնագրում՝ պրոֆեսիոնալ երաժիշտների միջոցով։ Եվ որ առավել է հիացնում ինձ, այս ամենը հանրության համար է արվում ու լինելու է միանգամայն անվճար։
Պատկերացնո՞ւմ եք, եթե մինչ այժմ օրինակ Կոմիտասի գործրի հավաքածուն կարող էիր գտնել միայն Վերնիսաժում ու Փոքր կենտրոնի սուվենիրների խանութներում և դրա համար ստիպված էիր վճարել բավականին շատ, հիմա այդ ամենը մինագմայն անվճար հասանելի է լինելու համացանցում և հասանելի է լինելու բոլորի համար։
Նախաձեռնության մասշտաբը պատկերացնելու համար, ասեմ, որ ծրագրի շրջանակներում ձայնագրվելու ու թվայնացվելու են կոմիտասյան ոճով արված շուրջ 600 կատարումներ՝ ինչպես ազգային երաժշտության գոհարներից, այնպես էլ՝ հոգևոր երաժշտության ոլորտից։ Ընդ որում, այս գործերի կատարաման համար ներգրավվել են ոչ թե պարզապես երաժշտական կրթություն ունեցող մարդիկ, այլ բարձրակարգ ու անվանի երաժիշտներ, ինչպես նաև Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դասախոսական կազմը։ Այսինքն՝ բացի նրանից, որ գործ ունենք Հայաստանի համար աննախադեպ ծավալներ ունեցող ծրագրի հետ, այլև մի իրավիճակի, երբ ջանք ու եռանդ չի խնայվում, որպեսզի բացի քանակից, լինի նաև որակ։
Ես սա շատ կարևոր ու կառուցողական քայլ եմ համարում, որը պետք է արվեր դեռ տարիների առաջ և գուցե այդ ժամանակ, մեր մատաղ սերնդի երաժշտական ճաշակն այս աստիճան աղավաղված չէր լինի։ Մյուս կողմից, լավ է ուշ, քան երբեք ու ես միայն հաջողություն կարող եմ մաղթել այս նախաձեռնությանը։ Երաժշտական նորաձևությունն անցողիկ է, իսկ դասականը՝ հավերժ, պարզապես այդ դասականը պահպանել է պետք ու մատչելի դարձնել՝ ժամանակակից կրիչների վրա։