Պաշտոնական այցով Չեխիայում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բարձր մակարդակի հանդիպում է ունեցել գործընկերոջ՝ Չեխիայի վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի հետ:
Երկու երկրների վարչապետներն էլ ընդգծել են, որ հայ-չեխական հարաբերությունները կարևոր փուլ են թևակոխել, ինչին նպաստել են բարձրաստիճան փոխայցելությունները, մասնավորապես մեկ տարի առաջ ՀՀ նախագահի Չեխիա կատարած պետական այցը:
Այս անգամ արդեն Բոհուսլավ Սոբոտկան և Հովիկ Աբրահամյանը կոնկրետացնում են համագործակցության առևտրատնտեսական հեռանկարները՝ էներգետիկա, գյուղատնտեսություն, կրթություն, գիտություն, մշակույթ և զբոսաշրջություն: Եթե առաջին ընթերցմամբ գնահատենք 2 բարեկամ երկրների վարչապետների առանձնազրույցի, ապա ընդլայնված կազմով հանդիպման պայմանավորվածությունները, ապա պետք է փաստենք, որ առկա է հարցերը կոնկրետ և հստակ ժամկետներում լուծելու վճռականություն:
Զբոսաշրջության զարգացման և գործարար կապերի ակտիվացման նպատակով, օրինակ, դիտարկվում է Երևան-Պրահա-Երևան կանոնավոր չվերթների վերաբացման հարցը:
Մշակութային կապերի առումով կարևորվում է 2016 թվականին Չեխիայում, իսկ 2017 թվականին Հայաստանում մշակույթի օրերի անցկացումը:
Տնտեսական կապերի խորացումը արդեն իսկ տեսլականից վերածվել է գործնական քայլերի. հայ 50 գործարարներ իրենց չեխ գործընկերների հետ գործարար համաժողովում քննարկում են կոնկրետ խնդիրներ:
Միջմարզային համագործակցության շրջանակը, ի թիվս Վայոց Ձորի մարզ – Կարլովի Վարի համագործակցության, ընդլայնվեց Տավուշի մարզի և չեխական Հրադեց Կրալովի երկրամասի միջև համագործակցության Հուշագրի ստորագրությամբ:
Քննարկվել են նաև Հայաստան-Եվրամիություն և Հայաստան-Եվրասիական տնտեսական միություն փոխգործակցության հարցեր, որոնց շրջանակում Հայաստանը կարող է նաև յուրօրինակ կամրջի դեր կատարել:
Ասվածից պարզ երևում է, որ Հայաստանի և Չեխիայի վարչապետների հանդիպումն անցել է խիստ գործնական մթնոլորտում, իսկ արդյունքները զգացնել կտան արդեն կարճաժամկետ հատվածում՝ երաշխիքներ ստեղծելով ապագա երկարաժամկետ զարգացումների համար: