Հնգամյա ֆեյսահետազոտական աշխատանքներս ինձ հանգեցրին զարմանալի արդյունքների մեր հայ հասարակության բնավորության գծերի վերաբերյալ։
Հասկացա, որ մենք ծայրահեղություններ սիրող ժողովուրդ ենք։ Սև կամ սպիտակ։ Ուրիշ գույներ մեզ համար գոյություն չունեն։ Միջանկյալ վիճակներ, կոմպրոմիսային լուծումներ, գունային բազմազանություն և նմանատիպ այլ բաները խորթ են մեր մարդու համար և անընդունելի։
Եթե քննադատում ես ասենք օրինակ Ռուսաստանի իշխանությունների այս կամ այն քայլը` ուրեմն ԱՄՆ-ի գործակալ ես։ Մի երկու օր հետո, որ ԱՄՆ-ի իշխանությունների թույլ տված սխալներից ես խոսում` ուրեմն Ռուսաստանի գործակալ ես։ Նույնիսկ կարողանում են Ադրբեջանի ու Թուրքիայի գործակալներ էլ տեսնել հայերի մեջ, օրինակ վերջերս մեկը գրել էր որ մեր երկրի երկրորդ և երրորդ նախագահները թուրքական ծագում ունեն և ծառայում են Ադրբեջանի շահերի օգտին։
Մերոնց ամենասիրած բառերից մեկը պատեհ, թե անպատեհ ստրուկ բառի օգտագործումն է։ Երկրին են այդ բառով «նախշում», առանձին անհատների կամ էլ կուսակցությունների։ Շատերը անչափ սիրում են «ծախված» տերմինի չարաշահումը։ Բոլորին ծախված են համարում։
Իրար վրա բոչկա գլորելը մեզանից շատերի սիրելի զբաղմունքն է։ Վախենամ վերջը հասնենք մի վիճակի, երբ այս ամենի արդյունքում բոլորովս մի մեծ բոչկի տակ ճխլված տափակացած կլինենք։
Մի խոսքով, չերկարացնեմ, լուրջ բուժման կուրսի կարիք ունենք ազգովի։