Newsline.am-ը գրում է.

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ը սիրիացի զինվորականներին մեղադրել է, որ նրանք իրենց ավիահարվածներով «Իսլամական պետության» զինյալներին օգնում են հարձակվել Հալեպում (Սիրիայի հյուսիս-արևմուտք) բազավորված հակակառավարական ուժերի դիրքերի վրա:

Սրա մասին նշված է Դամասկոսում ԱՄՆ դեսպանատան Twitter-յան էջում (դիվանագիտական ներկայացուցչությունը փակվել է 2012 թվականին, սակայն շարունակում է հայտարարություններ հրապարակել համացանցում):

Հայտարարության մեջ նշված է. «Վերջին տվյալներով` կառավարական ուժերը ոչ միայն խուսափում են ԻՊ-ի հետ բախումներից, այլև ակտիվորեն ձգտում են ուժեղացնել նրա դիրքերը»: Ընդգծվում է, որ ԻՊ-ի զինյալները շարժվում են դեպի Հալեպ, ուր ցայժմ մարտեր են ընթանում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հանդեպ բարյացակամ տրամադրված զորքերի ու ընդդիմության զորքերի միջև:

Սիրիացի իրավապաշտպանները հաստատել են կառավարական զորքերի կողմից Հալեպի ռմբակոծությունները: ԱՄՆ-ն ու սիրիական ընդդիմությունը նախկինում նույնպես Դամասկոսին մեղադրել են ԻՊ-ին աջակցելու համար, սակայն Սիրիայի իշխանությունները հերքում են այդ պնդումները:

Սիրիայում քաղաքացիական պատերազմն ընթանում է արդեն հինգ տարի: Այդ ընթացքում Սիրիայում զոհվել է ավելի քան 220.000 մարդ, միլիոնավոր մարդիկ դարձել են փախստականներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել