Բոլոր ժամանակներում այս կամ այն պետական գործչի` նախագահի, թագավորի կամ սպարապետի կատարած աշխատանքները հանրությանը ներկայացնելու համար օգտագործվել են որոշակի պրոպագանդման գործիքներ: Ցանկացած ղեկավար մինչև այսօր էլ ցանկություն ունի իր խոսքը, գրանցած հաջողությունները ներկայացնել հանրությանը, փոխանցել հաջորդ սերունդներին: Բացի դա, մյուս կողմից էլ բոլոր ժամանակներում խնդիր է եղել բացթողումներն ու պարտությունները քողարկել որոշակի մեխանիզների միջոցով:
Այսօր միայն փոխվել են մեթոդները, զանգվածային հաղորդակցության մեխանիզմները: Այն ժամանակ այդ «սուրբ» գործը կատարել են, օրինակ, պատմիչները կամ գրողները: Նրանց գործունեության հիմքում մեծ հաշվով դրված է եղել այս կամ այն սպարապետի կամ թագավորի կատարած սխրանքները ներկայացնելը, գրերի միջոցով ընթերցողին փոխանցելը: Այս գործընթացը շատ ժամանակ ուղեկցվել է բացթողումների քողարկմամբ կամ մանրուքներն ուռճացնելով. սա ժամանակակից աշխարհում նույնացվում է քաղաքական պրոպագանդայի հետ:
Տեղեկատվական տեխոնոլգիայի զարգացման հետևանքով այսօր այդ գործը հիմնականում կատարում են կա՛մ լրատվամիջոցները, կա՛մ էլ բլոգերները:
Բայց մի կարևոր հանգամանք ևս. ինչպես այսօր, այնպես էլ նախկինում ղեկավարները ցանկացել են, որպեսզի իրենց կատարած գործը ներկայացվի ավելի արժեքավոր, ավելի գունավոր, քան իր նախորդինը: Արքայական ընտանիքի քաղաքական ձեռքբերումների պրոպագանդման, հասարակությանը փոխանցելու հիմնական մեթոդը՝ PR կրիչները, հանդիսացել են պատմիչներն ու գրողները:
Բայց մի՞թե այն ժամանակ ավելի արդար են եղել նման գործունեությամբ զբաղվող մասնագետները և այդ գործը հանձնարարող ղեկավարներն ու սպարապետները, քան այսօր են: Իհարկե ոչ, այսօր շատ է խոսվում այն մասին, որ լրատվամիջոցների հիմնական մասը վերածվել է պատվեր կատարող քարոզչամեքենայի և սպասարկում են կոնկրետ անձանց շահերը: Իսկ այն ժամանակ վերոնշյալ PR կրիչ պատմիչները, գրողները կամ հրապարակախոսները միշտ արդար ու անաչառ են եղե՞լ պատմությունների, լեգենդների փոխանցման հարցում: Կարծում եմ՝ ոչ:
Օրինակի համար, այս կամ այն թագավորական ընտանիքին կամ սպարապետին մոտ գտնվող անհատ պատմիչը, լրիվ տրամաբանական է, որ կարող էր չափազանցնել ամենահասարակ բախումն այս կամ այն ցեղերի հետ: Դա կարող է ներկայացվել, ենթադրենք, այսպես. «իքս սպարապետը 10 հոգանոց զորքով ջախջախել է 30 հազարանոց թշնամու զորքին»:
Այսօր էլ ունենք նույն պատկերը, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ 21-րդ դարում ինֆորմացիոն հոսքերն անսամանափակ են՝ այսպես ասված ուռճացնելու գործընթացը դժվարացել է:
Ամեն դեպքում, բոլոր պատմիչներին չէ, որ սա կարելի է վերագրել, և մեծ հաշվով նրանց փոխանցած ցանկացած պատմության հիմքում ընկած են իրական դեմքեր և դեպքեր, իսկ մանրամասները վիճելի են: