Ուկրաինայի քաղաքացի դարձած և Վրաստանի քաղաքացիությունը կորցրած Միխեիլ Սաակաշվիլու նշանակումն Օդեսայի մարզի ղեկավարի պաշտոնում ուշագրավ է հատկապես Մերձդնեստրի Հանրապետության շուրջ ռազմաքաղաքական ընդհանուր իրավիճակի հնարավոր մոտակա սրման համատեքստում: Հավանաբար Սաակաշվիլին ընտրվել է հատկապես այն հիմնավորմամբ, որ նրա պարագայում մի շարք պատճառներով բացառվում է ռուսական կողմի հետ որևէ տեսակի համագործակցության նվազագույն իսկ հեռանկարը: Այժմ անգամ եթե Ուկրաինայի տարածքային ամբողջականության ապահովման տեսանկյունից առանցքային նշանակություն ունեցող Օդեսայի մարզի ողջ բնակչությունը հանկարծ որոշի դեմ գնալ կիևյան իշխանություններին ու դիմի Ռուսաստանին իր անվտանգությունն ապահովելու խնդրանքով, կամ էլ ինչ-ինչ պատճառներից ելնելով կիևյան իշխանություններն իրենք գերադասեն այդ մարզի նկատմամբ վերահսկողությունը հանձնել ռուսամետ ուժերին ու Ռուսաստանին, ապա արտաքին լիակատար աջակցությունը վայելող ու ՌԴ-ի գործող բարձրագույն իշխանության հետ քաղաքական ու մարդկային անհամատեղելիության բացառիկ որակներն ունեցող Միխեիլ Սաակաշվիլու գործոնը կարող է, անհրաժեշտության դեպքում, որոշիչ դեր կատարել իրադարձությունների նման զարգացումը կանխելու համար: Բայց կա նաև ուշադրության արժանի մեկ այլ հանգամանք՝ լինելով արտաքին ազդեցության գործակալ, Սաակաշվիլին նահանգապետի պաշտոնում զուրկ է սեփական քաղաքական կշռից և, անկախ ամեն ինչից, Օդեսայում ընկալվում է որպես օտար ու օտարածին մարմին, որի ցանկացած քայլը կարող է տեղացիների դժգոհությունն ու զայրույթ շարժել և դրդել նրանց դուրս գալ հենց Կիևի դեմ: Ամենակարևորն այն է, որ անձամբ Սաակաշվիլին իրադարձությունների ցանկացած զարգացման պարագայում քաղաքական առումով կորցնելու ոչինչ չունի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.melikyan.33/posts/623397107795984?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել