Փորձել պատկերացնել ժամանակակից մարդու կյանքն առանց ինտերնետի (համացանցի) նույնն է, ինչ պատկերացնել քարանձավային մարդուն առանց նետ ու նիզակի:
Սոցիալական ցանցեր, վիրտուալ աշխարհ…
Այս բառակապակցություններն այնքան ներդաշնակ ու միաձույլ են մեր առօրյա կյանքին, որքան, ասենք, ժամանակին գիրքն ու գրադարանը: Վերջինների մասին գուցե եւ ոչ հեռավոր ապագայում երեխաներն իմանան «միջնադարի պատմություն» առարկայից:
Բայց եւ չնկատել, թե ինչ փոփոխություններ է կրել մեր իրական կյանքը վիրտուալի գերակայության հետեւանքով, ուղղակի անհնարին է: Թվելու համար ինտերնետի բոլոր առավելություններն ու շահավետությունը չի բավականացնի տպագիր մամուլի անգամ ամենաընդարձակ հրապարակումը: Ինչեւէ… Ինչպես ասում են, ամեն ինչ լավ կլիներ, եթե չլիներ այդքան վատ:
Երբեմնի իրական մարդկային փոխհարաբերությունները մեզանից շատերի համար տեղափոխվել են վիրտուալ հարթություն` դրանց հետ աննկատելիորեն տեղափոխելով նաեւ մեզ, ստեղծելով մի նոր բնակավայր, տուն, տեղ, արժեհամակարգ, իմաստ…
Սկզբնական նպատակից զատ (գտնել կորած ու հեռավոր երկրներում բնակվող ընկերներին, համադասարանցիներին, մատչելի դարձնել նրանց հետ շփումը)` սոցիալական ցանցերը դարձնում են իրենց յուրաքանչյուր «բնակչին» Լյուիս Քերրոլլի հերոսուհի` Ալիսա, ով ապրում էր անսովոր հարթությունում, հարաբերվում տարօրինակ ձեւաչափում:
«Օդնոկլասնիկի» կայքի ի հայտ գալու տարիներից ի վեր շատ բան է փոխվել: Վիրտուալ աշխարհի պայմանական «դրուզյաները» ոմանց համար ձեռք են բերել ավելի քան իրական իմաստ: Մեզ հաճելի կամ «պետքական» մարդու հետ «դրուժիտ» անելը ոմանց համար հավասարեցված է կյանքի մեծ նվաճման կամ օլիմպիական հաղթանակի: Համենայն դեպս, հետո սակավաթիվ իրական շփումներում նույնիսկ պատկառելի ու լուրջ թվացող մարդիկ հպարտությամբ արձանագրում են` «իմ դրուզյաների մեջ կա…»: Դա էլ, ըստ էության, մի մեծ ողբերգություն չէ, եթե այսքանով մեր իրական քայլերին ու զգացմունքներին փոխարինելու չգան վիրտուալ աշխարհի կանոնները: Մենք երկար մտածում ենք` արժե՞ «մտնել» ինչ-որ մեկի մոտ «վ գոստի», թե՞ դա նրա համար ճոխ կլինի: Կամ ինքներս մեզ համար փաստում ենք, որ այնինչը այսօր ինձ «վ գոստի» էր եկել, տեսնես՝ ինչ էր ինձ մոտ փնտրում: Եթե հարաբերությունները լավ չեն, ապա ի հեճուկս իրական կյանքի, վիրտուալը մեզ բացառիկ հնարավորություն է ընձեռում գնալ մեկին այցելության` մնալով լիովին անտեսանելի` թողնելով «տանտիրոջը» մտորումների ու ենթադրությունների գրկում:
Բայց հանուն արդարության նշենք, որ ամեն ինչ այնքան էլ վատ չէ, եւ բոլորը չէ, որ լցված են չարակամությամբ ու նենգությամբ: Տոներ, ծննդյան տարեդարձներ, հարսանիքներ, կնունքներ… Եթե նախկինում հարկավոր էր մտապահել ընկերներիդ ծննդյան օրերը, նշանվող-ամուսնացող աղջիկներն ու տղաները չգիտեին ինչպես լուրն այդ մասին հասցնեին իրենց նախկին «ուզողներին», ապա հիմա դրա կարիքն էլ չկա. խնդրեմ` համեցեք: Ներբեռնեք լուսանկարներ եւ կարգավիճակներ (ստատուսներ) եւ աղաղակեք ուզածը` ի լուր աշխարհի: Ի դեպ, երբեմն նկատում ես, որ տեղադրել սոց.կայքում հարսանեկան լուսանկարները հարսանիքի ճիշտ նույն օրը, գիշերվա անսահմանության ժամին, ամուսնացող զույգի համար առաջին գիշերից էլ կարեւոր է եղել: Գուցե սա դեռեւս չգիտակցված, բայց արդեն իր ծիլերը տվող քաղաքացիական նոր հասարակության նոր պարտքի զգացում է… Մի բան էլ… Այլեւս պետք չէ շտապել խանութից խանութ` նվերներ ընտրելու համար: Այս խնդիրի մասին նույնպես հոգացել են վիրտուալ աշխարհը ստեղծողներն ու կառավարողները:
Ու հենց այսպիսի տոնական օրերին էլ ճանաչվում են իրական ընկերները, ովքեր չեն ափսոսում իրենց ընկերների համար ճոխ նվերներ շռայլել, բացիկներ ուղարկել: Չէ՞ որ այդ ամենը, ի վերջո, փող է: Ստացողներն էլ իրենց հերթին փորձում են մտապահել առատաձեռն ընկերներին, որպեսզի պարտքի տակ չմնալով` նրանց տոներին էլ փոխադարձ հատուցեն: Ինչպես կասեր պապս. «Նվերը պարտք է»: Ասես ամեն ինչ իրական կյանքի նման է:
Կասեք` ինչ վատ բան կա սրանում: Բնավ, ոչ մի: Ոչ մի, եթե դրան զուգահեռ` մարդիկ այդքան լուրջ չվերաբերվեին իրար «դրուզյաներից» հանելուն` հավասարեցնելով նման քայլը անձնական վիրավորանքի: Չփորձեին ինչ-որ բան հասկացնել կամ սպառնալ իրենց «վիրավորողներին» «ստատուսների» միջոցով: Ոչ մի վատ բան լինել ինչ-որ «գրուպայում», իսկ հետո մի օր որոշել դրանից դուրս գալ ու… չընկալվել իբրեւ ազգի դավաճան ու ԿոմԿուսը լքած անօրինակելի անդամ: Այստեղ տեղին է հիշել «սեւ ցուցակի» մասին, որում հայտնվելը հավասար է աշնանային ընկճախտին, իսկ ինչ-որ բանով զզվեցրած մեկին դրանում ներառելը` ռինգում հասցրած նոկաուտի:
Իսկ գնահատականները… Այլեւս, իրական տղամարդկանց իրական հաճոյախոսությունները մարել են 5+ բաղձալի գնահատականի կողքին: Copy-paste արված քոմենթները սկսել են առավել շոյել մեր բիբերը, քան ականջները: Վիրտուալ, ժամանցային բնույթի խաղերը վստահ ու համարձակ քայլերով մոնիտորից ներխուժում են մեր իրականություն եւ ներթափանցում իրական կյանք: Այս ամենի մասին մտորելիս սոց.կայքերի ստատուսներում, ֆորումներում ու բլոգերում աչքովս ընկան մի քանի բնորոշիչ, մտահոգող ու զավեշտի հասնող մտքեր. մեջբերում են առանց մեկնաբանությունների ու խմբագրության:

«Ցավալի է… սոց. կայքերից մեկում հանդիպեցի նախկինիս: Գրեց, որ ես ահավոր ծերացել եմ, եւ իմ 27-ում 35-ի տեսք ունեմ: Ես շոկի մեջ եմ, ինքնագնահատականս ահավոր ընկել է, խորհուրդ տվեք` ինչ անեմ»:
«Սա ինչ բնավորություն է: Հենց կկռվեմ սիրելիիս հետ անմիջապես հեռացնում եմ նրան ընկերներիս ցանկից: Հիմարություն: Հետո սկսում եմ մտնել նրա ընկերների մոտ տեսնելու համար` ցանցում է, թե ոչ»:

«Ստատուս»-սպառնալիք.
Ես ապրում եմ գերեզմանատան դիմաց, շատ համը հանես, կապրես իմ դիմաց:
… Ինչ-որ տեղ կարդացել էի, որ պետք է ԱՊՐԵԼ այնպես, որ սոցիալական ցանցերին ժամանակ չմնա: Եվ եթե դու սնվում ես խոհանոցում, քո սենյակը կարգի բերված է, եւ դու քնում ես երեկոյան ինին… ուրեմն դու ինտերնետ չունես: Դրանք, թերեւս, քաղաքակիրթ եզրահանգումներ են: Իսկ ահա այս մեկի հեղինակը կամ մասնագիտությամբ պրոկտոլոգ է, կամ վերջինիս ծառայությանը դիմաց. «Վիրտուալ կյանքի չարաշահումը բերում է իրական թութքի»:
Հազիվ թե նման փաստերի արձանագրությունները մի պահ սթափեցնեն վիրտուալ աշխարհի բնակիչներին, թեեւ այս տարանջատումները այլեւս ոչ միայն դարձել են պայմանական, ոչ միայն իմաստազրկվել են, այլեւ իրականում փոխվել տեղերով: Այն ինչ անվանում ենք վիրտուալ, արդեն վաղուց իրական է, իսկ այն, ինչ իրական է…
Հիշո՞ւմ եք, Լեոնիդ Ենգիբարյանի «Խոսափող» փոքրիկ նովելը…
«Ինչ է մարդ առանց ինձ,- մտորում էր խոսափողը:-Ոչ ոք չի կարող առանց ինձ` ո՛չ երգիչը, ո՛չ մեկնաբանը, ո՛չ տիեզերագնացը: Այդ ես` խոսափողս, սփռում եմ նրանց ձայները աշխարհով մեկ, այդ իմ առջեւ բոլորը կարկամում ու դողում են:
Այդ ժամանակ մարդը սկսեց պարբերաբար անջատել խոսափողը, եւ վերջինս դարձավ փոքր-ինչ համեստ ու հասկացավ, որ բոլորովին պարտադիր չէ մարդուն մշտապես օգտվել դրանից: Ավելին` ամենագլխավոր խոսքերը մարդիկ միշտ կասեն առանց խոսափողի, ինչպես օրինակ` ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ»:

Հեղինակ` Սուսաննա Հովհաննիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել