Ես հիշում եմ, որ մրսում էի: Քամի էր: Չէ, չպիտի մրսեի, բայց, միևնույն է. մրսում էի: Ինչո՞ւ: Չգիտեմ: Երևի չկատարված երազանքներն էին, որ ստիպում էին մրսել, խորտակված հույսերը, չասված խոսքերը: Ու ես մրսում էի: Ձեռքերս սեղմելով՝ տաքություն էի խնդրում չգիտեմ էլ ումից: Քեզնի՞ց: Ոչ: Կամ էլ երևի: Իսկ դու չկայիր: Չկայիր, որ տաքացնեիր: Իսկ գուցե երբևիցե չես էլ եղել: Հա՞: Չկայիր ու ես մրսում էի: Չէ՞ որ դու էլ էիր մրսում, իսկ ես կայի: Ես քեզ ջերմացնում էի: Ինչո՞ւ: Չգիտեմ: Բայց դու տաքացար, չէ՞: Քեզ հետ մրսել կուզեի: Բայց դու չկաս, ու ես մենակ եմ մրսում: Գուցե դու էլ այնտեղ ես մրսում, չգիտեմ: Բայց որ մրսեիր, ես կզգայի և կմոռանաի, որ ես եմ մրսում: Չէ, պարզապես դու տաքացնող ունես, իսկ ես...
Ես հիշում եմ, որ մրսում էի: Երկար էի մրսում: Սառը պատերն ավելի էին ճնշում մթնոլորտը՝ առավել ընդգծելով բացակայությունդ: Բայց կայիր: Իսկ գուցե չես էլ եղել: Չգիտեմ: Գիտեմ, որ հիմա ամենաշատը մրսելով կուզեի քեզ տաքացնել: Կուզեի նստել կողքիդ՝ ոչինչ չասել ու վայելել երկնային լռությունդ: Մի լռություն, որը խոսքերից ավելի գեղեցիկ է հնչում: Կուզեի խաղալ մատներիդ հետ ու շոյել ափերդ: Ինչպիսի՞ն են դրանք: Կուզեի մրսել և տաքանալ քեզ հետ ու միայն քեզնից ջերմություն խնդրել: Կուզեի պարզապես լինել: Իսկ հիմա չկամ, ու դու չկաս: Չկաս, ու ես էլ չկամ: Չկաս, ու կասկածում եմ՝ եղե՞լ ես, թե՞ ոչ: Չկաս ու միայն ներսիս դատարկությունն է ինձ հուշում, որ չես լինելու...
Նենե
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: