Հերթական գործուղման ժամանակ դիրքերից իջնելիս անցնում էինք սահմանամերձ գյուղի միջով: Բոլորիս ուշադրությունը միանգամից գրավեց խրոխտ բացականչությունը՝ «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»: Մեզ ողջունում էին 5-7 տարեկան չորս տղաներ՝ Մհերը, Դավիթը, Էդմոնը, Վահրամը: Բոլորս բառացիորեն դուրս թռանք մեքենայից: Անչափ հուզված, ոգևորված էինք: Հրամանատարի տեղակալը՝ փոխգնդապետ Բադալյանը, մոտեցել, բառեր չէր գտնում արտահայտվելու համար: Մեկ էլ պարզ, անմիջական ձևով, ինչպես կասեր իր երեխաներին, ասաց.
-Ես ձեր ցավը տանեմ...
Բոլորին ձեռքով բարևեց, գրկախառնվեց: Զրուցեցինք մի քանի րոպե և շարունակեցինք ճանապարհը՝ երեխաների փոխանցած ուրախ տրամադրությամբ ու ահռելի դրական էներգիայով լիցքավորված...
Այս փոքրիկները սահմանամերձ գյուղում են ապրում: Նրանք շատ հաճախ կրակոցի ձայներ են լսում, տեսնում են իրենց գյուղի գնդակոծված տները: Լսում են, որ մեծերն ասում են՝ «հիմա մերոնք պատասխանը կտան, և ամեն ինչ կհանդարտվի»: Նրանք շատ լավ գիտեն, թե ումից պետք է պաշտպանվել: Շատ լավ գիտեն, թե ով է իրենց պաշտպանում: Ընդ որում ամեն օր, ոչ միայն երեխաների պաշտպանության միջազգային օրը: Նրանք հավատում, սիրում և վստահում են հայ սպային ու զինվորին: Նրանք զգում են, տեսնում են այդ պաշտպանությունը:
Սիրելի՛ երեխաներ, դուք մեր երկրի ապագան եք, դուք պաշտպանված եք ամեն օր, ամեն ժամ, որովհետև հայկական բանակի զինծառայողն ապահովում է ձեր ուրախ և անհոգ մանկությունը, պարզապես ամեն օր ծառայում է Հայաստանի Հանրապետությանը:
Արսեն ԱՂԵԿՅԱՆ Arsen Aghekyan
Լուս.՝ Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ Areg Vardanyan