Իրական կյանքում սովորաբար ընկերներից նեղանում կամ նույնիսկ խռովում են՝ դավաճանության, շահախնդրության, ստախոսության, անձնական վիրավորանքի ու էլի շատ նման պատճառների համար: Իրական կյանքում ընկերների փոխհարաբերություններում շատ հստակ կերևա այն կուլմինացիոն պահը, որը հասցրել է ընկերական հարաբերությունների խաթարմանը: Այդ պահը հեշտ է տեսնել, զգալ ու ապրել, որից հետո և համապատասխան քայլ անել:
Սակայն ինձ շատ զարմացնում են վիրտուալ աշխարհի այն ընկերները, որոնք, չապրելով իրական աշխարհի փոխհարաբերություններում ստեղծվող վերոհիշյալ պահերն ու զգացմունքները, հանկարծ խռովում են իրարից: Եթե ֆեյսբուքում ընկերն ընկերոջը բացահայտորեն չի կոպտել կամ հայհոյել, ապա ուրիշ ո՞րը կարող է լինել իրարից խռովելու պատճառը: Եթե, ասենք, հայացքների, տեսակետների տարբերությունը, նույնիսկ հակասությունը, ապա դրա համար ոչ թե խռովել, այլ շնորհակալ է պետք լինել, որ իր ընկերների մեջ կան այլ կերպ մտածող մարդիկ, որոնց շնորհիվ ինքն ունենում է այլընտրանքային կարծիքի հետ ծանոթանալու հնարավորություն և համեմատության սուբյեկտ: Օրինակ՝ ազատ աշխարհում այլընտրանքային կարծիք, տեսակետ լսելու համար մարդիկ նույնիսկ վճարում են դրա համար, որը կյանքում իրենց խիստ անհրաժեշտ է այս կամ այն հարցում ճիշտ կողմնորոշվելու համար:
Կոմունիստների օրոք մարդիկ ոչ միայն խռովում էին «պետստանդարտից» դուրս մտածողություն ունեցող իրենց ընկերներից, այլ հաճախ նաև բռնել էին տալիս, էլ չխոսենք ԳՈՒԼԱԳ-ի ուղեգրով փոխհատուցելու մասին: Ճիշտ է, այդ ժամանակներն անցել են պատմության գիրկը, սակայն նման բաները մարդկանց ակամայից տանում են այդ տհաճ հիշողությունների ժամանակներ: Ֆեյսբուքում խռովկանությունը թարգելու լավագույն ձևը հաճախ այլակարծիք մարդկանց արտահայտած մտքերի շուրջ ընթացող քննարկումներին ակտիվ մասնակցելն է: Հոգուն և ականջին անծանոթ ազատ խոսքից ոչ թե հարկավոր է խռովել, այլ հասկանալ, որ աշխարհն այդ «հրաշքով» է զարգանում...