Լուսանկարը՝ hetq.am -իԳնդապետ Վլադիմիր Սոկոլյանը սիրով եւ հպարտությամբ է պատմում իր զինվորական անցյալի մասին, ուր առանձնահատուկ տեղ է գրավում մասնակցությունը Չեռնոբիլի աղետի հետեւանքների վերացման աշխատանքներին: Նա ցույց է տալիս իր բազմաթիվ պատվոգրերը եւ շնորհակալագրերը, որոնց թվում է նաեւ Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչմայի պատվոգիրը: «1986թ. ես Սովետական Հայաստանի քաղաքացիական պաշտպանության շտաբի հակաճառագայթման եւ հակաքիմիական պաշտպանության բաժնի պետն էի: Մենք շատ կարեւոր առաջադրանք ունեինք՝ փակել վթարի ենթարկված բլոկը: Չեռնոբիլում աշխատել եմ մոտ մեկ ամիս: Հուլիսին սկսված 60 մետր երկարությամբ եւ 15 մետր հաստությամբ սարկոֆագի շինարարությունը ավարտեցինք հոկտեմբերին», -պատմում է գնդապետ Սոկոլյանը:

Չեռնոբիլի աղետի հետեւանքների վերացման աշխատանքներին նախկին Խորհրդային Միությունից մասնակցում էր շուրջ 1,5 մլն մարդ, իսկ Հայաստանից՝ շուրջ 3000: Իրենց սոցիալական իրավունքների պաշտպանության եւ բժշկական աշխատանքների իրականացման նպատակով 1990 թ. ստեղծում են «Չեռնոբիլ ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը: Կազմակերպության նախագահ Գեւորգ Վարդանյանը նշում է, որ 3000 մարդկանցից մի մասը Չեռնոբիլ է մեկնել որպես զինծառայողներ, իսկ մի մասն էլ աղետի վայր է ուղարկվել հիմնարկ-ձեռնարկությունների կողմից, ընդ որում նրանցից շատերին չէին էլ զգուշացնում, որ մեկնելու են Չեռնոբիլ:

«1986 թ. ես 19 տարեկան էի, ծառայում էի Մերձբալթիկայում: Առանց զգուշացնելու մեզ տարան Չեռնոբիլ: Այդ օրերին այնտեղ հայտնված ամեն ոք հայրենիք է վերադարձել առողջական լուրջ խնդիրներով»,- ասում է Գեւորգ Վարդանյանը,-« եւ քանի որ ես ինքս էլ չեռնոբիլցի եմ, ինձ համար շատ կարեւոր է պայքարել մեր շահերի համար»:

1990 թ. չեռնոբիլցիներին տրվեցին նույն սոցիալական արտոնությունները, ինչ Հայրենական պատերազմի հաշմանդամներին: Նրանք կենցաղային ծառայությունների վարձը վճարում էին 50 տոկոս զեղչով, իսկ տրանսպորտից օգտվում էին անվճար: Այժմ այդ ամենի համար նրանց տրվում է ընդամենը 3500 դրամի փոխհատուցում: Առաջին խմբի հաշմանդամներին տրվում է մոտ 19.000 դրամ թոշակ, երկրորդ խմբին՝ 14.700, իսկ երրորդ խմբին՝ 9.700 դրամ: Թեպետ բուժսպասարկումն անվճար է, սակայն դեղորայքը, որը բավականին թանկ է, վճարովի է: «Մինչ օրս չի ընդունվել «Ճառագայթման ենթարկված մարդկանց պաշտպանության մասին» օրենք, մինչդեռ Ռուսաստանում նման օրենքներ ընդունվել են մի քանի անգամ», -ասում է Վլադիմիր Սոկոլյանը:

«Աղետի հետեւանքների վերացմանը մասնակցած 3000 մարդկանցից 200-ից ավելին մահացել է, սակայն նրանց ընտանիքները եւս որեւէ կերպ պաշտպանված չեն: Չեռնոբիլցիների ընտանիքներում ծնվել են առողջական խնդիրներ ունեցող երեխաներ, սակայն նրանց էլ որեւէ արտոնություն չի տրվում»,- նշում է Գեւորգ Վարդանյանը: Նա դիմել է ամենատարբեր գերատեսչությունների, սակայն որեւէ պաշտոնյա այդպես էլ օգնության ձեռք չի մեկնել: «Ամենից սարսափելին անտարբերությունն է: Եթե, Աստված մի արասցե, մեր ատոմակայանում վթար պատահի, ո՞վ կվերացնի, երբ երիտասարդներն այսօր տեսնում են, որ չեռնոբիլցիներին օգնության ձեռք մեկնող չկա: Մինչդեռ Հայաստանը առաջիններից մեկն էր ԱՊՀ երկրների շարքում, որ օգնության ձեռք մեկնեց Ուկրաինայի ժողովրդին, եւ մինչ օրս այդ անձնազոհ մարդիկ խիզախության համար պատվոգրերի են արժանանում», – ասում է Վլադիմիր Սոկոլյանը:

Մինչեւ 2004 թ. մայիսը գնդապետը դասավանդում էր Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում, իսկ այժմ՝ հանգստի անցնելուց հետո պատրաստվում է հուշեր գրել, որտեղ կանդրադառնա Չեռնոբիլին, քանի որ «գրելու շատ նյութ կա»:

Նյութը տպագրվել է ԱԶԳ օրաթերթում 2004 թվականին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել