Այս շաբաթ փակեցի, վարագույրը քաշեցի «Հարցական» հեռուստահաղորդման: Պատճառը նույնն է՝ բոլորիս հայտնի համահայկականը: Մենք ազգովի մահանում ենք, ինքներս մեզ դատապարտել ենք դանդաղ վրա հասնող մահվան: Ով, ինչ պատճառներ ուզում է բերի, ես մնում եմ իմ վաղուցվա կարծիքին՝ Ո՛Վ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ ՔՈ ՄԻԱ՛Կ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՎԱԽԴ ԲՌՆԵԼՈՒ ՄԵՋ Է, որովհետև չի կարող լինել մի կենդանի արարած, որը չցանկանա ապրել, որը կենդանական բնազդով գոնե ինքնափրկության չնետվեր: Դարերով պետականազուրկ, բազմաթիվ բռնակալների թրի տակով անցած, գոյություն քարշ տված մեր ժողովուրդը, վերջում էլ բոլոր «մեղքերի» վրա, բոլշևիզմի «պարգևած» անաստվածությունը, մեր գենի մեջ ներարկել է ազգասպան այս ՎԱԽԸ: Վախը մեր կյանքի արգելակն է, այն չի թողնում, որ մենք քայլ կատարենք, փոխենք մեր նողկալի գոյակերպը: Այսօր, ավելի քան երբեք, չտեսնված երևում է, որ քրիստոնեությունը ընդունել ենք «կասկածելի» պայմաններում, քանզի այդպես էլ քրիստոնյա չենք դառնում ու չենք հավատում հոգու հավիտենականությանը: Մենք գերադասում ենք վախից մահանալ, քան համարձակ քայլ անել, ստեղծել արժանապատիվ երկիր, արժանապատիվ ապագա: Մենք գերադասում ենք ծնել և մեծացնել ստրուկ զավակներ, քան արժանապատիվ երկրի քաղաքացիներ:
Այնպիսի տպավորություն է, կարծես ազգովի մահաբեր քնաբերի տակ, Նոյան Տապանում պառկած սպասում ենք ջրհեղեղին: Ինչ, որ լինելու է, թող մեկ րոպե շուտ լինի, միայն, թե վերջը դրվի այս ստորացմանը, վախի ճիրաններում իրականացվող մասսայական ինքնասպանությանը: Միգուցե հին ենք ու հնացած և երեսի զոռով հասել ենք 21-րդ դար: Միգուցե՞ հենց ջրհեղեղն է մեր փրկությունը, միգուցե՞ զտումն այդ միջոցով է լինելու և ողջ մնացածներինն է լինելու Նոր Երկիր Նաիրին...