ՀայաստանԱյս գրառումը երևի միակ թեման է, որն ավելի շատ բողոքի է նման, քան ինչ-որ ուսուցանող նյութի: Ինչու՞: Նախ նշեմ, որ յուրաքանչյուր երկրի ամենաառաջին մարդը ձեռնարկատերն է, այո, ձեռնարկատերը, մարդ, ով ինչ-որ մի բան ձեռնարկում է և առաջ է տանում տնտեսությունը: Ինչքան ձեռնարկատերերը շատ լինեն, այնքան բարիք կստեղծվի և այնքան աշխատատեղեր կապահովվեն: Մեր երկիրն այսօր այսքան վատ վիճակում է, որովհետև չկան այս կատեգորիային պատկանող անկախ շատ ձեռնարկատերեր, գաղտնիք չէ, թե ինչու:

Տարածաշրջանները բաժանվում են երկու տիպի, արևելքն ու արևմուտքը, նաև Եվրոպան: Ի տարբերություն արևմուտքի և եվրոպացիների, մենք՝ արևելքցիներս, ավելի շատ հակված ենք առևտրին: Իսկ նրանք ավելի շատ հակված են ստեղծելուն, արարելուն: Դե հիմա համեմատեք, թե ով է ավելի զարգացած: Ինչքան նոր բան ստեղծեք, այնքան հաջողության հասնելու հավանականությունը մեծանում է: Ասիացիները, որոնք նույնպես առևտրի հետ էին կապված, հասկացան, որ եթե չարարեն, ապա արդյունքի չեն հասնի և այսօր աշխարհն ունի Sony, Panasonic, LG, Samsung, Toyota և բազմաթիվ այլ ասիական բրենդներ:

Ինչու՞ եմ այսքան երկար ներկայացնում իրավիճակը: Յուրաքանչյուր հայ ասում է, բողոքում է, որ երկրի վիճակը լավ չէ: Ասում ես ինչ-որ բիզնես սկսիր, պատասխանում է ինչ սկսեմ, շաքար չեմ կարող բերել, բենզին չեմ կարող վաճառել, միրգ չեմ կարող արտահանել ու նմանատիպ բազմաթիվ պատճառներ: Լինում են նաև այնպիսիները, որ ասում են ուզում եմ, բայց չգիտեմ ինչ անեմ: Ու այստեղ ՍՏՈՊ: Գրողը տանի շաքարն էլ, բենզինն էլ ու նրանց բերողներին էլ, դա պատճառ է ինչ-որ բան չանելու համար: Եթե գիտեք, որ ավանդական այդ բիզնեսները հասկանալի պատճառով ձերը չեն, ուրեմն վե՞րջ, կանգնե՞ց կյանքը: Վերջացրեք խնդրում եմ, թե ոչինչ հնարավոր չէ, եթե ամերիկացին այսպես մտածեր, հիմա աշխարհի տերը չէր լինի: Նրանք անընդհատ մտածում են, թե ինչ կարելի է ստեղծել, իսկ մենք անընդհատ մտածում ենք, որ մեր երկրի վիճակը լավ չէ: Լավ չէ՞, միացեք աշխարհին, ո՞վ է Ձեր ձեռքը բռնել:

Ո՞րն է խորհուրդս, այդքան բողոքելու, նվնվալու փոխարեն մտածեք, թե ինչ կարելի է ստեղծել, ինչ գաղափար կարելի է կյանքի կոչել, բայց ինտերնետում: Այս տարածքում անգրագետները տեղ չունեն, նրանք ոչ մի ձևով չեն կարող ձեզ խանգարել, այնպես որ մտեք այս աշխարհը հենց Հայաստանից: Միացեք աշխարհին, ստեղծեք ինչ-որ գաղափար, ասեք ձեր ասելիքը, այլ ոչ թե նստեք ու մտածեք, Հայաստանում ոչինչ հնարավոր չէ: Ո՞վ է ասել: Փորձե՞լ եք, քանի՞ անգամ եք փորձել ֆրիլանսով գումար աշխատել, անգլերեն չգիտե՞ք, սովորեք, գաղափար չունե՞ք, գրքեր կարդացեք, Ֆեյսբուքը չի փախչի, դրա փոխարեն զբաղվեք ինքնազարգացմամբ: Հիմա կասեք փող չունենք, ինչպես անենք: Ասեմ, մտնում եք Odesk.com, գրանցվում, կատարում աշխատանքներ ու ունենում եք նախնական կապիտալ: Հեշտ չէ, բայց ոչ ոքի երկնքից գումար չի ընկնում: Պիտի գործել: Ինձ համար անընդունելի է այն մարդու փաստարկը, որ ասում են “ուզում եմ, բայց չգիտեմ ինչ անեմ”: Եթե ուզում ես, ապա փակիր Ֆեյսբուքը, մտիր Google ու գտիր տարվա լավագույն գաղափարները, համեմատիր, թե դու ինչ կարող ես առաջարկել աշխարհին: Եթե մտածում եք, որ Ցուկերբերգը, Սերգեյ Բրինն ու Լարրի Փեյջը, Սթիվ Ջոբսն ու Գեյթսը սկզբում մեծ կապիտալ են ունեցել, ապա սխալվում եք: Բայց նրանք մտածել են ինչ-որ գաղափար ու արել:

Ահա խնդիրը, ահա ՄԵԾ խնդիր, որ շատ հայերի մեջ է, նրանք չեն մտածում դուրս գալ աշխարհ, այլ մտածում են, որ բենզին չեն կարող բերել, շոկոլադ չեն կարող ներմուծել ու վերջ: Մի մոռացեք, որ ամեն ինչ հավերժ չէ, նրանք իրենց հետ ոչինչ չեն տանելու, իսկ Մակեդոնացին իր մահվանից առաջ ասել էր. “Ինձ թաղեք ձեռքերս բացած, որ տեսնեն՝ ես ինձ հետ ոչինչ չեմ տանում”: Ինչքա՞ն պետք է ամեն առավոտ անիծելով արթնանաք, բողոքելով աշխատեք, եթե դրա փոխարեն կարող եք մտածել, ստեղծել ինչ-որ գաղափար ինտերնետում ու հասնել հաջողության: “Ուզում եմ, բայց չգիտեմ ինչը” նույնպես պատճառ է, ուզողն այդպես չի լինում: Հիշում եմ իմ ուզելու ցանկությունն այնքան մեծ էր, որ աշխատանքի պատճառով առողջական լուրջ խնդիրներով գնացի բժշկի: Բժիշկն ասում էր, որ տղա ջան քեզ լավ նայիր, առողջությանդ հետևիր, բայց եթե անկեղծ, ավելի լավ է 10 տարի ապրեմ, բայց իմ ուզածով, քան 60 տարի, բայց գոյություն պահելով: Հենց այս պահից մտեք ինտերնետ, ոչ մի ամերիկացի մեզնից լավը չի, եթե նրանք կարողանում են, ինչու՞ մենք չանենք, ինչու՞ մի նորություն չստեղծենք, ինչու՞՞՞՞՞:

Հ.Գ. Հիշեցնեմ, որ ես չեմ պարտադրում, այլ ցանկանում եմ, որ այդպես լինի, քանի որ ինքս այդպես եմ անում: Կարծում եմ միտքս պարզ էր, որ բողոքելու փոխարեն ԳՈՐԾԵՔ, Դուք Ձեր խոսքն ասեք: Իսկական ձեռնարկատերը չի ասում, նա գտնում ու անում է, մտեք ինտերնետ, ահա ելքը: Ինչևէ, մարդու մտքին տեղ լինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել