Մենք սովոր ենք տեսնել Քլոե Քարդաշյանին վառ դիմահարդարմամբ ու տոնական էլեգանտ զգեստներով, սակայն նա ևս մեզ պես մարդ է ու միշտ չէ, որ պճնվելու տրամադրություն ունի։ 30-ամյա ռիելիթի աստղը երեկ շրջում էր Նյու Յորքում «քեժուըլ» ոճի մեջ։ Նա առանց դիմահարդարման էր, մի տեսակ խոժոռ դեմքով ու խառնափնթոր սանրվածքով։
Քլոեն կրում էր «Chanel» ընկերության ճամփորդական ուսապայուսակ, սև ճղած տաբատ ու կանաչավուն ճմռթված վերարկու, որի կոճակներն ու գոտին անփույթ արձակված էին։ Թեպետ Քլոեի ընդհանուր տեսքը «քեժուըլ» էր, նա երկարաճիտ բարձրակրունկ կոշիկներ էր կրում։ Լայնեզր գլխարկը ձեռքին պահած՝ Քլոեն շտապում էր հյուրանոցի իր համար։
Հատկանշական է, որ ռիելիթի աստղն այս անխնամ տեսքով դուրս եկավ այն բանից հետո, երբ «Twitter»-ում հայտարարեց, որ «DASH»-ն այսուհետ անհատական ոճավորում կկատարի հաճախորդների համար։ Քլոեն Քիմի ու Քորթնիի հետ միասին է ղեկավարում «Dash» խանութների ցանցը։ Անդրադառնալով խանութի նոր ծառայությանը՝ Քլոեն իր գրառման մեջ նշել էր.
DASH բուտիկում անհատական ոճավորում է կատարվում։ Հերթագրվե՛ք ու ստացե՛ք բարձրագույն ծառայություն։ Դուք խանութից դուրս կգաք շքեղ տեսքով։
Մայր խանութն Արևմտյան Հոլիվուդում է, իսկ մասնաճյուղերը Նյու Յրոքում և Ֆլորիդայում։ Թեպետ DASH խանութ-սրահում ոճաբանները նոր-նոր են սկսել աշխատել, Քարդաշյան քույրերը, վաղուց ի վեր լինելով շոու բիզնեսում, շատ լավ են սերտել նորաձևության դասերը։
Նրանք իրենց սեփական հավաքածուներն ունեն և համագործակցում են ոճաբան Մոնիկա Ռոզի հետ, ով ապահովում է Քարդաշյանների ընտանիքի գեղեցիկ սեռի ներկայացուցիչների գերազանց տեսքը։ Մի խոսքով, ոճավորման ծառայությունների բարձր որակը երաշխավորված է, միակ խնդիրն այն է, որ ամենայն հավանականությամբ գինն էլ պակաս բարձր չի լինի։