Հայաստանի 21-րդ առաջնությունում անցյալում մնացին 28-րդ տուրի հանդիպումները: Տուրն աչքի ընկավ ինտրիգային հանդիպումներով, և ինչ-որ տեղ անակնկալ հաշիվներով: Կայացավ 4 հանդիպում, որոնց ընթացքում գրանցվեց 12 գոլ: Այսինքն` մեկ խաղում միջինը 3 գոլ: Այս տուրում ձախողվեցին 2 առաջատարները, փոխարենը` լավագույն ռմբարկու Նորայր Գյոզալյանը հեղինակեց իր հերթական 2 գնդակները և էլ ավելի անհասանելի դարձավ իր մոտակա հետապնդողների նկատմամբ: Այսքանով անդրադառնանք Հայաստանի 21-րդ առաջնության 28-րդ տուրի կայացած հանդիպումներին` առանձին-առանձին:
Տուրն սկսվեց նոյեմբերի 3-ին, և կենտրոնական հանդիպումը կայացավ Արարատում` «Իմպուլսի» և «Շիրակի» միջև, քանի որ միմյանց դեմ էին դուրս եկել ընթացիկ առաջնության 3-րդ և 2-րդ հորիզոնականներում ընթացող թիմերը: Խաղն ընթացավ 2 տարբեր խաղակեսերով, և ամեն մի խաղակեսում հաղթեց մի թիմ: Առաջին խաղակեսն ամբողջությամբ անցավ տանտերերի` «Իմպուլսի» ֆուտբոլիստների խաղային և տարածքային առավելությամբ: Արդեն հանդիպման 2-րդ րոպեին ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկու Նորայր Գյոզալյանը, խփելով իր հերթական գնդակը, հաշվի մեջ առաջ մղեց «Իմպուլսին»: Հանդիպման 23-րդ րոպեին նույն Նորայր Գյոզալյանը խփեց իր 2-րդ գնդակը և «դուբլ» ձևակերպելով 2 գնդակի առավելություն տվեց «Իմպուլսին»: Այսքանով դեռ առաջին խաղակեսի գոլերն չավարտվեցին, քանի որ 45+2-րդ րոպեին դիլիջանյան ակումբի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը հաշիվը դարձրեց 3:0, և թիմերը գնացին ընդմիջման: Իսկ ահա 2-րդ խաղակեսը անցավ «Շիրակի» առավելությամբ, որի ֆուտբոլիստները, սակայն, կարողացան իրենց առավելությունը վերածել ընդամենը 1 գոլի: Հանդիպման 50-րդ րոպեին «Շիրակի» կազմից հաշիվը «թրջեց» Անդրանիկ Բարիկյանը: «Իմպուլսը» հաղթեց 3:1 հաշվով և լուրջ քայլ կատարեց 3-րդ հորիզոնականում ամրապնդվելու համար, իսկ ահա «Շիրակը» պարտվելով շատ կարևոր 3 միավոր կորցրեց չեմպիոնական մրցավազքում:
Նույն օրը կայացավ ևս մեկ հանդիպում, որտեղ միմյանց դեմ խաղադաշտ դուրս եկան «Փյունիկն» ու «Արարատը»: Տանտիրոջ կարգավիճակով հանդես էր գալիս «Փյունիկը»: Նախորդ 2 տուրերում «Փյունիկը» կրել էր միայն պարտություններ, իսկ ահա «Արարատը» նախորդ 2 տուրերի ընթացքում տարել էր միայն հաղթանակներ և հեռացել էր վերջին հորիզոնականից: Այսինքն` կարելի էր ասել, որ «Արարատի» ֆուտբոլիստների հոգեբանական վիճակն ավելի լավ էր, քան «Փյունիկի», սակայն տանտերերն էլ անպայման ձգտելու էին հաղթանակի, որպեսզի դուրս գային հոգեբանական ճգնաժամից: Առաջ անցնելով նշենք, որ «Փյունիկին» դա հաջողվեց և կարողացավ 1:0 հաշվով առավելության հասնել հյուրերի նկատմամբ: «Փյունիկի» միակ գոլը խփեց հիմնական կազմ վերադարձած պաշտպան Վարազդատ Հարոյանը հանդիպման 67-րդ րոպեին:
Վերջին 2 հանդիպումները կայացան հաջորդ օրը` նոյեմբերի 4-ին: Նախ` Կապանում նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր «Գանձասարը» սեփական հարկի տակ հյուրնկալել էր ընթացիկ առաջնության առաջատար «Միկային»: Այս հանդիպումն ընթացավ գրեթե նույն սցենարով ինչ «Իմպուլս» - «Շիրակ» հանդիպումը: Այս խաղում, ի տարբերություն «Իմպուլս» - «Շիրակ» հանդիպման, գրանցվեց ինքնագոլ, և 2-րդ խաղակեսում մյուս թիմը խփեց ոչ թե մեկ, այլ` 2 գնդակ: Այսպես` առաջին խաղակեսն այստեղ էլ անցավ «Գանձասարի» առավելությամբ, որ ևս հեղինակեցին 3 գոլ: Հանդիպման հաշիվը բացվեց 7-րդ րոպեին, երբ «Գանձասարի» սևամորթ լեգեոներ Դիակարիտիա Դումբիան բացեց խաղի հաշիվը, 18-րդ րոպեին տանտերերի առավելություւնը սեփական դարպասն ուղարկած գոլով կրկնապատկեց «Միկայի» բրազիլացի պաշտպան Ալեքսը: Իսկ առաջին խաղակեսում իր թիմին 3 գնդակի առավելություն տվեց «Գանձասարի» հոլանդացի լեգեոներ Ռոժելիո Զեեդորֆը հանդիպման 27-րդ րոպեին: 2-րդ խաղակեսում ամբողջությամբ խաղն անցավ «Միկայի» ֆուտբոլիստներին: Հանդիպման 52-րդ րոպեին «Միկայի» հարձակվող Նարեկ Բեգլարյանը «թրջեց» հանդիպման հաշիվը: Իսկ հանդիպման 78-րդ րոպեին էլ «Միկայի» կազմում փոխարինման դուրս եկած հարձակվող Հենրիկ Հարությունյանը կարողացավ խփել իր թիմի 2-րդ գնդակը և հաշիվը հասցնել նվազագույնի: Մնացած ժամանակահատվածում «Միկային» այլևս ոչինչ չհաջողվեց անել և չկարողացավ օգտվել «Շիրակի» սայթաքումից, իսկ «Գանձասարն» էլ հաղթեց 3:2 հաշվով և ամրապնդվելով 5-րդ հորիզոնականում՝ նորից պայքար է մղում լավագույն եռյակում հայտնվելու համար:
28-րդ տուրն ավարտվեց հերթական երևանյան դերբիով: Միմյանց դեմ մրցավեճի էին դուրս եկել «Բանանցն» և «Ուլիսը»: 2 թիմերի անհաջող մեկնարկը ընթացիկ առաջնությունում թույլ չէր տալիս այս խաղում ֆավորիտ առանձնացնելու: 2 հավասար թիմերի մրցավեճն ավարտվեց արդյունավետ ոչ-ոքի` 1:1 հաշվով: Յուրաքանչյուր խաղակեսում գրանցվեց 1 գոլ: Առաջին խաղակեսի 24-րդ րոպեին գոլով աչքի ընկավ «Բանանցի» սան և «Բանանցի» նախկին հարձակվող Արսեն Բալաբեկյանը, որը առաջ մղեց «Ուլիսին»: Միայն հանդիպման 82-րդ րոպեին «Բանանցին» հաջողվեց խույս տալ պարտությունից, երբ գոլ խփեց հիմնական թիմ վերադարձած Հայաստանի երբեմնի խոստումնալից ֆուտբոլիստներից մեկն` Արտակ Դաշյանը:
Հայաստանի 21-րդ առաջնությունում 28-րդ տուրից հետո անցկացրած 26 խաղից, վաստակած 18 միավորով 8-րդ հորիզոնականում շարունակում է ընթանալ «Բանանցը», 27 խաղից վաստակած 20 միավորով «Արարատը» 7-րդն է, 6-րդ հորիզոնականում էլ մնաց «Ուլիսը» 27 խաղից վաստակած 30 միավորով: 5-րդ հորիզոնականում շարունակում է ընթանալ Կապանի «Գանձասարը»՝ 26 խաղից վաստակած 37 միավորով, իսկ 4-րդ հորիզոնականում էլ «Փյունիկն» է՝ 26 խաղից վաստակած 39 միավորով: Լավագույն եռյակը բացում է Դիլիջանի «Իմպուլսը»՝ 27 խաղից վաստակած 41 միավորով, 2-րդ հորիզոնականում Գյումրիի «Շիրակն» է՝ 26 խաղից վաստակած 55 միավորով, իսկ առաջատարը նորից «Միկան» է՝ 27 խաղից վաստակած 58 միավորով:
Առաջնության լավագույն ռմբարկուն Նորայր Գյոզալյանն է, որը դարձել է 17 գոլի հեղինակ և իր մոտակա մրցակցին «Շիրակի» կոտդիվուարցի հարձակվող Իսմայիլ Ֆոֆանա Բեկոյին գերազանցում է 5 գնդակով. վերջինս խփել է 12 գնդակ:
Վերջում էլ պետք է նշել, որ առաջնության ինտրիգը պահպանվում է, քանի որ այս անգամ էլ վերնամասում գտնվող 2 առաջատարները անսպասելիորեն ձախողվեցին:
Նյութի աղբյուր՝ http://goaliseum.blogspot.com/2012/11/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել




