Երբ ծաղկի կոկոնը – ինքն իր մեջ պլուլված, ինքն իրենով արբած` ուզում է պատռվել, արևերես դուրս գալ – և ազատվում է ինքն իրենից, պատռում է կանաչ պատյանը, բացվում են մանուշակագույն թերթերը – և Ծաղիկը ամբողջ աշխարհին ասում է` ԵՍ ԿԱՄ – Ահա Սա Անկախություն է…
Երբ տան մուտքից դուրս է թռչում մի զարմանալի էակ – արևագույն բլուզը հազիվ զսպում է իր մեջ գրկված թրթիռները, բոցե-կարմիր շրջազգեստը չի կարողանում զսպել քմահաճ ու ազատ քայլքը – գնչուհու նման` հայացքով այրում է շրջապատը, այդպես երիտասարդ կինը աշխարհն ազատում է քաղաքային լանշաֆթից – կա միայն ինքը` չկան բետոնյա շենքերը, չկան հողը խեղդող ասֆալտները, չկան կապանքները, – և կինը ասում է` ԵՍ ԿԱՄ… Ահա Սա Անկախություն է…
Երբ մեկ տարեկան մանուկը – հայտնաբերած առաջին հնչյունները` գոչգոչում է, անհասկանալի խոսում, աշխարհի բոլոր լեզուներով կանչում, ավելի քաջ` քան ոմն Ալեքսանդր Մակեդոնացի` քայլքն առաջ է գցում, աշխարհը գրավում ու սիրում, աշխարհն առնում ու զարմանում, և ո՞վ կարող է այդ հմայիչ աստծո դեմն առնել – ով ասում է` ԵՍ ԿԱՄ – Ահա Սա Անկախություն է…
Երբ նորամայր կինը – թեքված զավակի սնարին` քնացնում է նրան. սիրուց սիրտը պատռվում է – ի՞նչ ասի իր անլեզու ձագին, ինչպե՞ս հանգստացնի, քուն բերի նրա աչքերին – և նորամոր կնոջ սիրտը հանկարծ համաթրթիռ գտնում է մի մեղեդի, որ սլանում է ինչ-որ ոլորտներում, ձգում է վար, շուրթերին առնում ու երգում – և այդպես ծնվում է օրորոցային երգ, որը 5000 տարի ապրում է էն բարձրիկ լեռնաշխարհում, և նրանով հոգի առած Արվեստը ապրում է, և այն կրող Համայնքը ասում է` ԵՍ ԿԱՄ – Ահա Սա Անկախություն է…
Երբ 70-ամյա պատանին, սպիտակին տվող երկար մազերը ետ է տալիս և ազատում է ճակատը, և ապրում է իր համար – ամբողջ աշխարհը իր հայրենիքն է, բայց այս երկիրը մի քիչ ավելի է սիրում, լեզուն է սիրում, Չարենց ու հայրեն է սիրում – և իր համար մեկ է որտեղ ապրել` պարտք չունի, պարտատեր չունի, տալ ու առնել չունի – իրենը` իր նրբիկ ուրախությունն է, իր մեղեդիներն են, իր կյանքն է, – և անգամ չի էլ ասում, բայց միտքը շողում է ամբողջ կերպարից` ԵՍ ԿԱՄ – Ահա Սա Անկախություն է…
Ինչը աշխարհում` այս ամենից մի նշույլ անգամ պակաս է – լավ քողարկված ճորտություն է…
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/levon.drnoyan/posts/3430529302505
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել