Esem.am-ը գրում է,

Ֆոտոմոդել Գոգ Մունն արդեն չորս տարի է` այս ասպարեզում է. բացի իր հիմնական մասնագիտությունը, զբաղվում է նաև մոդելինգով` նկարահանվել է տարբեր ընկերությունների գովազդներում և այլն: ESem.am-ը ոչ միայն բացահայտել է Գոգ Մունի «գաղտնի» կողմերը, այլև զրուցել է մասնագիտական ոլորտից ու տարածված կարծրատիպերից:

Կրթություն

Գոգ Մուն կեղծանունն ընտրած շիկահերը 21 տարեկան է: Ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան ուսումնարանը, այժմ էլ սովորում է Գեղարվեստի պետական ակադեմիայի` Հագուստի մոդելավորում բաժնում: Նրա խոսքով` շատ հաջողություններ է գրանցել իր համար, սակայն դժվարանում է առանձնացնել դրանք՝ նշելով. «Շատ հաջողակ մարդ եմ, իսկ դա լավատեսությունից է»:

Ըստ ֆոտոմոդելի` այս ասպարեզում նախկինում հաճախ է թևաթափ եղել, հուսահատվել դժվարություններից, սակայն այժմ դրանք միայն օգնում են կայանալու և ունեցածը գնահատելու հարցում:

Մոդելային կարիերա

Գոգ Մունը մոդելային աշխարհ մուտք է գործել մոտ չորս տարի առաջ: «Որոշ լուսանկարիչներ ֆեյսբուքում նկատել են նկարներս ու հրավիրել լուսանկարվելու. այդպես մեկը մյուսի հետևից հրավերներ եմ ստացել, որից հետո զգացի ու հասկացա, որ այն, ինչ անում եմ, իմն է և պետք է շարունակել»,- ասաց նա և շեշտեց, որ հիմնականում ներկայանում է որպես ֆոտոմոդել, թեև հաճախ է ստանում դեֆիլեների և հեռուստանախագծերի հրավերներ:

«Ֆոտոմոդելի ճանապարհը ստեղծագործող մարդու համար բավականին հոգեհարազատ է: Թիմային աշխատանքի արդյունքում տեսնում ես ռեալիզացված տարբեր մտքեր, որն էլ մեծ հաճույք է պարգևում: Միշտ ասել եմ, որ մոդելինգը դերասանության մի տեսակ է. աշխատելիս պետք է մաքսիմալ ընկալես կերպարդ և վերարտադրես ու մատուցես յուրովի»,- համոզված է երիտասարդ մոդելը, ով ազատ գրաֆիկով է աշխատում և օրվա մեծ մասը տրամադրում է դասերին:

Սևահերից շիկահեր

Ըստ Գոգի` բաց գույնի մազերով իր կերպարն ավելի լիարժեք է դառնում: «Մազի միակ գույնն է, որ արդեն մեկ տարի շարունակ պահպանում եմ: Ինձ հաճախ են  նմանեցնում սլավոնական ազգի ներկայացուցչի: Բայց շուտով թե՛ գույնի և թե՛ ձևի փոփոխություն է սպասվում»,- ասաց Գոգը և խոստովանեց, որ ինքն էլ է հաճախ շիկահերների` հիմարիկ լինելու հետ կապված կատակներ անում:

«Բայց, բնականաբար, մազի գույնը մարդու ներքինի հետ ոչ մի կապ չունի»,- շեշտեց նա:

 

Մոդելային բիզնես

Գոգը մասամբ է համամիտ, որ Հայաստանում մոդելային կյանքը կարծես մեռած է: Ըստ նրա` պետք է հաշվի առնել այն փաստը, որ ապրում ենք մի երկրում, որտեղ գրեթե բոլոր ոլորտները լճացման փուլում են: «Գրեթե զարգացում չի նկատվում, հետևաբար հույս կա, որ այս ոլորտը նույնպես մի օր դուրս կգա այս վիճակից և ավելի կզարգանա»,- ասաց զրուցակիցս:

Ըստ նրա` այս ոլորտում միակ դժվարությունը բոլորից տարբերվելն է: «Եթե տարբերվես ու աչքի ընկնես, հաստատ կնկատեն ու առաջ կգնաս, թեև Հայաստանում մոդելային եկամուտով շքեղ կյանքի մասին խոսելը ծիծաղելի է: Բայց, եթե հաշվի առնենք այն փաստը, որ զբաղվում ես սիրելի և հաճելի աշխատանքով, դրա դիմաց նորմալ վարձատրվում ես, դրանից գոհ չլինել չես կարող»,- համոզված է նա:

Գոգի համար համաշխարհային մոդելներից դիվա է Նաոմի Քեմփբելը: «Չնայած տարիքին՝ նա միշտ մնում է առաջիններից մեկը:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել