Կարծում եմ, որ մարդկանց մոտ ընդվզում առաջացնում է ոչ այնքան էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման գաղափարը՝ որպես էդպիսին, այլ այն, թե ինչպես են դա ուզում անել ու ինչ հիմնավորումներ են բերում։
Եվ այս առումով պետք է արձանագրենք, որ ժողովրդական վրդովմունքը տեղին է, քանզի նույնիսկ կրթական ոչ այնքան բարձր ցենզ ունեցողի համար խիստ վիճահարույց են ՀԷՑ-ի ներկայացրած ծախսերը, որոնց պատճառով ընկերությունն իբր վնասով է աշխատում։
Չթվարկեմ բոլոր այդ դետալները, առավել ևս, որ դրանք տասնյակներով ու հարյուրներով են։ Կարելի է առանձնացնել անհասկանալի բարձր գնով վարձակալած մեքենաների ու տների կետը, անհասկանալի պատճառով խիստ բարձր գնով էլեկտրաէներգիայի ձեռքբերումը ռուսական ընկերությունից, անհասկանալի բանկային հաշիվները, որոնք չպետք է լինեին, ու որի համար ՀԷՑ-ը տուգանվել է, բուն տուգանքները, որոնց համար, պարզվում է, կրկին պետք է մարդիկ մուծեն, և այսպես շարունակ անթիվ ու անհամար օրինակներ կարելի է բերել։
Մի կողմից մարդու մեջ կասկած է առաջանում, որ իրականում այս ողջ աղմուկը շոու է, քանի որ չեն կարող այն աստիճան անմեղսունակ լինել, որպեսզի նման խայտառակ հաշվետվություն ներկայացնեն, իսկ մյուս կողմից մտածում ես՝ «Ինչո՞ւ ոչ», չէ՞ որ գործ ունենք ԱՊՀ տարածքի ամենակոռումպացված ու խայտառակ վատ աշխատող ՌԱՕ ԵԷՍ-ի հետ, որի ձեռքը հենց ռուսներն են կրակն ընկել, ու ըստ այդմ ինչո՞ւ պետք է ակնկալենք, որ ՀԷՑ-ի ռուսական ՌԱՕ-ական ղեկավարությունն ավելի պրոֆեսիոնալ ու ադեկվատ պետք է լինի։
Ամեն դեպքում այս ամենից լավ հոտ չի գալիս, որովհետև սա հղի է սոցիալական պայթյունով, ու կարծես արվում է ամենը, որպեսզի այդ պայթյունն ուժեղ լինի։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1667436486820238&id=100006617070037&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել