Ցանկացած աղջիկ կյանքում մի քանի անգամ ինքն իրեն հարց է տալիս` ի՞նչ հագնել առաջին ժամադրության ժամանակ: Պատասխանը, թվում է, բացահայտ է` հագե՛ք այն, ինչ ձեզ ամենից շատ սազում է: Բայց հոգեբանները դրա հետ այնքան էլ համաձայն չեն. եթե նույնիսկ զգեստի ձեւը ընդգծում է ձեր արժանիքները, ոչ ճիշտ ընտրված գույնը կարող է փչացնել ընդհանուր տպավորությունը ձեր զգեստից եւ ընկերոջը սխալ ազդանշաններ տալ ձեր բնավորության վերաբերյալ: Եվ հակառակը` հաջող ընտրված գույները կարող են ուժեղացնել դրական տպավորությունը ձեր ռոմանտիկ ընկերոջ մոտ:
Զգեստի գույները ընտրելիս պետք է հաշվի առնել ինչպես ձեր բնավորության առանձնահատկությունները, այնպես էլ այն, թե հատկապես ինչպիսի տպավորություն եք ուզում թողնել:
Ժամադրության համար պոտենցիալ բարենպաստ գույները.
ԿԱՐՄԻՐ
Իհարկե, այդ գույնը ցուցակի գագաթին է: Կրքի, սեքսուալ գրավչության եւ ակտիվ կենսակերպի գույնը: Պատահական չէ, որ կարմիր զգեստով մարդիկ ձգում են հայացքը եւ հետաքրքրություն են առաջացնում: Բայց այդ գույնի հետ պետք է զգույշ լինել, եթե չեք ծրագրում մտերիմ հարաբերություններ հենց առաջին ժամադրությունից: Վառ կարմիր գույնը ընկերոջ ենթագիտակցությանը ազդանշան է ուղարկում. «Տիրացի՛ր ինձ, ես քոնն եմ»: Չե՞ք ցանկանում այդքան բացահայտ ներկայանալ: Դուք դեռեւս կարող եք ընտրել կարմիր գույնը, սակայն ավելի «համեստ» կամ ավելի մուգ երանգներով, օրինակ` մարջանագույնը (սեզոնի ամենանորաձեւ գույնը), բորդո գույնը կամ մորեգույնը: Այդ երանգները նույնպես ուղարկում են սեքսուալ գրավչության ազդանշաններ, բայց ավելի «համեստ». «Մեր միջեւ ամեն ինչ հնարավոր է»:
ՎԱՐԴԱԳՈՒՅՆ
Դա ընդհանուր առմամբ գրեթե նույն, բայց շաղված կարմիրն է: Անկասկած, վարդագույնը ազդանշաններ է տալիս ռոմանտիկայի եւ ֆլիրտի մասին, բայց, միեւնույն ժամանակ, ունի հանգստացնող էֆեկտ: Դա փոքրիկ հիմարիկ աղջիկների գույնն է, որոնք ցանկանում են երեւալ հասուն կին, եւ որոնց անհրաժեշտ է ուժեղ տղամարդկային թիկունքի աջակցությունը: Պատահական չէ, որ այն իրենից ներկայացնում է կարմիր «կրքի» եւ սպիտակ «անմեղության» խառնուրդ: Ընդհանուր առմամբ լիովին հնարավոր է, որ առաջին ժամադրության ժամանակ ամեն ինչ կախված է այն էֆեկտից, ինչը դուք ցանկանում եք թողնել: Եթե ցանկանում եք թողնել մանկական անմիջականության կամ զգայական էության տպավորություն, ապա այդ գույնը, ինչպես երբեք, լավագույնն է: Իսկ եթե ցանկանում եք թողնել առողջ խելքի եւ գործնականության տպավորություն, ապա մոռացեք այդ գույնի մասին:
ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ
Դա ամենավառ գույնն է: Նույնիսկ խունացած գունատ-նարնջագույն մարզաշապիկը կթվա ամենապայծառը բոլոր գույների մեջ: Եթե ձեր կերպարին չի բավականացնում պայծառությունը, ապա համարձակորեն հագեք ինչ-որ նարնջագույն հագուստ, եւ ոչ ոք աշխարհում ձեզ «գորշ մուկ» չի անվանի: Դա լավատեսության, հույսի եւ ոգեշնչման գույնն է, եւ կարծես թե դրանում ոչ մի վատ բան չկա: Բայց դա նաեւ արկածախնդրության եւ ժամանակին կանգ առնել չկարողանալու գույնն է: Ամեն դեպքում այդ գույնը համեստ եւ ամոթխած բնավորություն ունեցողների համար չէ: Եվ եթե ձեր ընկերը դրանց թվին է պատկանում, ապա ձեր զգեստի նարնջագույնը նրան ավելի շատ կխրտնեցնի, քան թե կգրավի:
ԿԱՆԱՉ
Կանաչի ցանկացած երանգ խոսում է կենսական էներգիայի, առողջության, ապրելու ցանկության մասին: Դա երիտասարդության գույնն է, որը ազդանշան է ուղարկում դրա կրողի մասին, որ նա քնքուշ, լավ մարդ է: Գերազանց գույն է նրա համար, որպեսզի թողնեք դրական տպավորություն:
ԿԱՊՈՒՅՏ
Այդ գույնը առաջին ժամադրության համար սազում է ոչ բոլորին, սակայն շատերին: Դա ինտելեկտի, զսպվածության, անկեղծության եւ չեզոքության գույն է, որը կարծես թե ասում է զրուցակցին. «Մենք պետք է միմյանց ավելի լավ ճանաչենք»: Եթե ձեր ընկերը կնոջ մեջ գնահատում է խելքն ու հավատարմությունը ոչ վերջին հերթին, ապա կապույտի ցանկացած երանգ առաջին ժամադրության համար տեղին կլինի:
ՄԱՆՈՒՇԱԿԱԳՈՒՅՆ
Դա դեկադենտական գույն է: Նախկինում այն հաջողության եւ թագավորական տոհմին պատկանելու խորհրդանիշ էր համարվում: Ժամանակակից հոգեբանության մեջ համարվում է, որ դա խոսում է ռոմանտիկ եւ ամաչկոտ բնավորությամբ մարդկանց մասին: Իզուր չէ, որ մանուշակագույնը կարմիրի եւ կապույտի խառնուրդն է: Այն ավելի առեղծվածային է, քան կարմիրը, եւ ավելի միստիկ է, քան կապույտը: Եթե կարմիր գույնը խոսում է չթաքցրած կրքի մասին, ապա մանուշակագույնը կրքի մեջ մտցնում է ռոմանտիկայի երանգ: Եվ եթե կապույտ գույնը վկայում է ինտելեկտի մասին, ապա մանուշակագույնը` ավելի շատ էզոթերիկայի:
ՍԵՎ
Այդ գույնը հարմար է ոչ միայն հուղարկավորությունների եւ գործնական ճաշերի, այլ նաեւ առաջին ժամադրության համար: Սեւ գույնը, կարծես թե, իրենից ներկայացնում է բոլոր գույների խառնուրդը միանգամից: Այն խոսում է ձեր հանելուկային լինելու ու գրավչության, էլեգանտության եւ ոճի մասին ու դրա հետ միաժամանակ բերում է վտանգի եւ իշխանատենչության ինչ-որ երանգ` ձեր մասին տալով ազդանշան որպես «ճակատագրական» կնոջ: Բայց սեւ գույնը միաժամանակ կարող է ճնշող ազդեցություն ունենալ շրջապատի տրամադրության վրա, այդ իսկ պատճառով, որպեսզի չծանրացնեք թողած տպավորությունը, ավելի լավ է լրացնել սեւ գույնը այլ գույներով կամ աքսեսուարներով:
Իսկ հիմա այն մասին, թե առաջին ժամադրության ժամանակ ինչ գույնի զգեստ չարժե հագնել.
ԴԵՂԻՆ
Շատ քիչ մարդկանց է սազում դեղին գույնը: Բայց եթե դա նույնիսկ դուք եք, ապա ամեն դեպքում ավելի լավ է պահել դեղին զգեստը հաջորդ հանդիպումների համար: Դեղին գույնը խորհրդանշում է իմաստություն եւ ինտուիցիա, բայց կարող է խոսել նաեւ ավելորդ ինքնավստահության կամ ինքնամփոփության մասին: Դա ավելի շատ ընկերության, քան թե սիրո գույն է: Իսկ մի՞թե, գնալով առաջին ժամադրության, դուք երազում եք հենց ընկերության մասին:
ՍՊԻՏԱԿ
Առաջին ժամադրությանը կարելի է հագնել սպիտակ շալվար կամ կիսաշրջազգեստ, բայց ոչ` սպիտակ զգեստ կամ ամբողջովին սպիտակ կոստյում: Սպիտակ բաճկոնակները նույնպես չափազանց ձեւական են եւ ավելի շատ ասոցացվում են աշխատանքի կամ ուսման, այսինքն` համազգեստի հետ: Ընդհանուր առմամբ սպիտակ գույնը խորհրդանշում է անաղարտություն եւ անմեղություն` կեղծավորության եւ անհասանելիության որոշ երանգներով: Առաջին ժամադրության համար դա չափազանց «ստերիլ» գույն է: Ավելի լավ է այն պահեք հարսանիքի համար:
ԴԱՐՉՆԱԳՈՒՅՆ ԵՎ ԳՈՐՇ
Դրանք ձանձրալի գույներ են, որոնք խորհրդանշում են անկում, ծերություն, պահպանողականություն: Սակայն դարչնագույնը ամեն դեպքում մի քիչ գորշից լավն է: Այն կարող է լինել ընդունելի, եթե խորը շոկոլադային երանգներով է կամ իր հիմքում ունի բորդո գույնի երանգներ: Այդ դեպքում դա վկայում է իմաստուն ծերության խառնուրդով էլեգանտության մասին: Բայց միեւնույն է` կարող է բնութագրել ձեզ որպես էմոցիաներից ժլատ անձնավորություն:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/alvina.babayan/posts/3783358473262
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել