Երեկվա երթի մասին ես էլ ասեմ, հա՞։
Հասկացա, որ ամեն մեկս մեր տեղում շատ կարևոր ենք: Իրոք կարևոր ենք:
Այն պահին, երբ երիտասարդների խումբը ներս մտավ հրապարակի կենտրոնական մաս իր պաստառով, բնականաբար ոստիկանների շղթայից մի քանի հոգի մեր կողմից ընդառաջ վազեց, որովհետև անհասկանալի իրավիճակ էր, որը պետք էր կարգավորել: Հրմշտոց սկսվեց: Ես մոտ էի կանգնած ոստիկաններին, երբ սկսեցին հրել, քիչ մնաց՝ հավասարակշռությունս կորցնեմ: Բարկացած ետ շրջվեցի ու տեսա մի քանի տղամարդու, որ ուզում են ճեղքել շղթան ու գնալ կենտրոնում գտնվողների կողմը: Լուրջ դեմքով հարցրի, թե ինչի՞ են հրում ինձ: Մի երկուսը կարմրատակած դեմքերով էին, այսինքն՝ հաստատ ուզում էին գնալ ներս, իսկ թե արդյունքն ինչ կլիներ` անգամ չեմ ուզում պատկերացնել: Մեկն ասում է՝ իրենք մեղավոր չեն, հրում են մյուս շարքերից: Հակադարձեցի, թե դուք էլ եք հրում, բայց ես ինձ պահում եմ: Այդ ընթացքում միջադեպը «խաղաղվեց», ոչ մի վատ բան չեղավ արդյունքում, բայց եթե ես էլ սկսեի ճղճղալ կամ ինքս էլ ինձ կորցրած վազեի առաջ, ապա այդ մասում էլ իրավիճակը դուրս կգար սահմաններից:
Հաջորդը: Քայլում ենք, մեկ էլ մեր ետևից եկող մի խումբ սկսեց հայհոյական բառով լոզունգ վանկարկել: Չեմ ասի ինչ, կարևոր չի: Մի պահ ետ նայեցի, տեսա, որ այդ խմբում տարիքով մարդիկ են, ու կանայք էլ կան, բայց վանկարկումը շարունակվում է: Չդիմացա, բարկացած դիմեցի այդ տղամարդկանց, թե ինչպե՞ս չեք ամաչում: Անկեղծ՝ մտածում էի մի տգեղ բառ կասեն ի պատասխան, բայց լռեցին, հայացքները խոնարհեցին, ու այլևս այդ լոզունգը չհնչեց: Եթե իրենց կողքի կանայք մի պահ գոնե հոնքերը կիտեին, երբ սկսվեց այդ վանկարկումը, ես հարկ չէի ունենա ինձնից մեծ տղամարդկանց նկատողություն անել:
Ազդեցիկ էր, երբ տեսա, որ երթին մասնակցում էր կույր մի տղամարդ… Եթե կույրն էլ է եկել, բա մենք` տեսնողներս, որքա՞ն ենք պարտավոր լույսը գնահատել…
Վերջում արդեն հասել ենք օպերայի մոտ, էլ չմտանք Ազատության հրապարակ, փողոցն անցանք ու գնում ենք դեպի կանգառ: Մի երկու մետր չանցած՝ մեկ էլ մի կին ոգևորված ընդառաջ է գալիս ու ինձ վրա բարկանում. «Էս քո լույսը ձրի ա՞, որ քեզնից գոհ գնում ես, ինչի՞ հետներս չես» ու ցույց է տալիս երթը: Չնկարագրեմ, թե ոնց բարձրացավ տրամադրությունս:
Լավն ենք էլի, լավը։ ))))