Այն, որ ժամանակակից աշխարհում առանց տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հնարավոր չէ էական ձեռքբերումներ ունենալ, նորություն չէ ոչ մեկի համար: Չնայած այդ գաղափարի գիտակցմանը, ինչպես նաև որոշակի դրական տեղաշարժին, հարցը լիարժեք լուծված համարել դեռևս չի կարելի, քանի որ ոլորտում առկա են ինչ-ինչ խնդիրներ, որոնք հանգամանալից լուծման կարիք ունեն:
Հարկ է նկատել, որ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հիմնական խնդիրը համապատասխան մասնագետների բացակայության և անհրաժեշտության հարցն է: Ըստ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հրապարակած տվյալների՝ այժմ ոլորտում ունենք մեծ թվով մասնագետների կարիք: Պետք է նկատել, որ հարցի լուծում չստանալու դեպքում հնարավոր է ապագայում ունենանք օտարերկրյա ընկերությունների կողմից հետաքրքրության նվազում:
Ուստի լուրջ հաջողություններ ունենալու համար պետք է ստեղծել ինչպես դրսի ընկերությունների ուշադրությունը գրավող ենթակառուցվածքներ, այնպես էլ աշխատանքներ տանել՝ վերջիններիս ներգրավելով հայաստանյան շուկայում, ինչին էլ ուղղված են ՀՀ կառավարության քայլերը:
Այս առիթով վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի նախագահ Դոն Գրանթամի գլխավորած պատվիրակությանը: Բարձր գնահատելով ներկայիս համատեղ ծրագրերի ընթացքը` Հովիկ Աբրահամյանը և Դոն Գրանթամը քննարկել են հետագա համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են հանդիպումից հետո ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև համագործակցության հուշագրի և փոխգործակցությանն ուղղված պայմանագրերի ստորագրումը, որոնք էլ կնպաստեն համագործակցության լավ հիմքերի ամրապնդմանը, ՏՏ ոլորտում առկա ներուժի լիարժեք իրացմանը և նոր համատեղ ծրագրերի կյանքի կոչմանը: