Նորություն չէ, իհարկե, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ցատկերը, հաղորդակցության դյուրացմանը զուգահեռ, նաև բարենպաստ իրավիճակ են ստեղծում հատուկ ծառայությունների համար:
Տվյալ դեպքում, առաջին հերթին պետք է նկատի ունենալ հատկապես Ադրբեջանի ու Թուրքիայի հատուկ ծառայություններին: Կարճ ասած, ամենասովորական դարձած սոցիալական ցանցերը հակառակորդի լրտեսների, գործակալների համար կարող են տեղեկություններ հավաքելու, որոշակի խնդիրներ լուծելու միջոց լինել:
Երեկ Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրությունը որոշակիորեն հենց դրան է վերաբերում: Հաղորդագրության մեջ ԱԱԾ-ն մասնավորապես հայտնել է.
«Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից գործադրված կեղծ էջերի բացահայտման ու մշակման գործընթացը և արդյունքում նրանց մատուցում այնպիսի ապատեղեկատվական նյութեր, որոնք մոլորեցնում և խուճապի են մատնում «տաղանդավոր հետախույզներին»:
Այս անգամ, «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում իրենց «հնարամտությամբ» աչքի են ընկել ադրբեջանական հատուկ ծառայությունների հետախույզ-օգտատերեր «Hovik Margaryan»-ը, «Edgar Minasyan»-ը, «Rafik Tovmasyan»-ը, «Norik Barsegyan»-ը և «Norik Margaryan»-ը, որոնց տրամաբանելու ունակությունները նույնիսկ թույլ չեն տվել փոփոխելու մեր քաղաքացիների հետ ծանոթություն հաստատելու և նամակագրություն իրականացնելու համար ընտրված ու արդեն բոլորին հայտնի առասպելները:
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը կրկին իր երախտագիտությունն է հայտնում հայրենասիրական դրսևորումներ ցուցաբերած մեր քաղաքացիներին և հերթական անգամ կոչ է անում զերծ մնալ սոցիալական ցանցերում պատահական շփումներից, իսկ կասկածելի օգտատերերի հայտնաբերման դեպքում դիմել ՀՀ ԱԱԾ»:
Պարզ ասած, «օդնոկլասնիկներում» ամեն մեկին «դռուժիտ» մի՛ տվեք, ամեն իմացած բան սրան-նրան մի՛ պատմեք, բացառապես վիրտուալ ծանոթների առաջ սրտներդ մի՛ բացեք: Վերջում կարող է ադրբեջանական շպիոն դուրս գա, ու ինքներդ ձեզ լավ չզգաք, չհաշված մնացած հետևանքները:
Ի դեպ, հետաքրքիր է, որ միայն «Օդնոկլասնիկիի» մասին է խոսվում, մինչդեռ կեղծ կամ ինչպես ընդունված է ասել՝ «ֆեյք» պրոֆիլներ կան նաև «Ֆեյսբուքում», միանգամայն հնարավոր է, որ նաև այլ սոցցանցերում: Դա մի առանձնակի բարդ խնդիր չէ՝ կեղծ պրոֆիլ բացելը:
Տարածված հաղորդագրություն-զգուշացման վերաբերյալ տեղեկատվական անվտանգության փորձագետ ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ, կարծում ենք, տեղին դիտարկում էր արել՝ իր «ֆեյսբուքյան» էջում մասնավորապես նկատելով, որ «ասվածը շատ հետաքրքիր է, բայց նման հայտարարության մեջ պետք է լինեն ակտիվ հղումներ պրոֆիլներին կամ սքրինշոթներ (այսինքն՝ կեղծ էջերի՝ լուսանկարի տեսքով ֆիքսված պատկերներ), որոնք թույլ կտան կոնկրետ նույնականացնել կեղծ պրոֆիլները»:
Նրա կարծիքով, առանց դրա, զուտ անուններ նշելով, կարող են հարվածի տակ հայտնվել բազմաթիվ այլ՝ նշվածների անուն-ազգանուններին նույնությամբ համընկնող տվյալներով քաղաքացիներ:
Մեր զրույցի ընթացքում Սամվել Մարտիրոսյանը նաև հավելեց. «Նմանատիպ հաղորդագրությունը պետք է կանխարգելիչ լինի, կարծում եմ։ Օրինակ, որ մնացածները, հանդիպելով այդ օգտատերերին, կարողանան զգուշանալ: Սակայն հաղորդագրությունը ոչ մի կերպ չի նկարագրում դրանց: Տալիս է միայն անուն-ազգանունները, ինչն էլ ավելի է խճճում իրավիճակը, քանի որ նման անուն-ազգանուն ունեն կամ կարող են ունենալ օրինապահ քաղաքացիները նույնպես, ու ստացվում է, որ հասարակական կասկածի ստվերը կարող է ընկել նաև հասարակ քաղաքացու վրա, որի «մեղքը» միայն նույն անուն ունենալն է»:
Տեղին է, իհարկե, դիտողությունը, բայց նաև մեր կողմից նկատենք, որ նման բացահայտումից հետո նշված անուն-ազգանուններով գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների վիրտուալացված հետախույզները կփակեն կամ կջնջեն այդ պրոֆիլները (եթե, իհարկե, հիմար չեն): Հա, ու կբացեն նորերը, հասկանալի է, հայկական այլ անուն-ազգանուններով:
Ինչևէ: Այստեղ, կարծում ենք, էականը զգոնության թարմացումն է: Համենայն դեպս միշտ էլ արժե զգոն լինել: Ի վերջո, մարդկանց մեծ մասը իրականում փողոցում, տրանսպորտում առաջին հանդիպածին «կյանքը չի պատմում»: Մինչդեռ վիրտուալ տարածքում նման բաներ պատահում են և հաճախ:
Հասկանալի է, որ ոչ մեկը չի հորդորում կամ ցանկանում սահմանափակել մարդկանց շփվելու, հաղորդակցվելու ազատությունն ու հնարավորությունը, բայց ամեն դեպքում պետք է իմանալ, թե ում հետ ես հաղորդակցվում:
Առավել ևս վաղուց արդեն ժամանակն է, որ մեդիա գրագիտությունը հասնի գոնե այն «խաղամակարդակին», երբ մարդիկ առանց կողմնակի հուշումների էլ գիտեն, որ այս, այն և այն մյուս ինտերնետ «լրատվական» ռեսուրսն իրականում ադրբեջանական կայք է, որի խնդիրը հենց քայքայիչ-դիվերսիոն աշխատանքն է: Հետևաբար, նախ, չարժե նման կայքերում զետեղված «ցնցող» տեղեկությունները թութակի կամ «քսերոքսի» ապարատի տրամաբանությամբ մեխանիկորեն տարածել՝ ակամայից դառնալով ադրբեջանական տեղեկատվական կամ քարոզչական դիվերսիայի գործիքը:
Օրինակ, նման ադրբեջանական ռեսուրսներից մեկը armenianreport.com կայքն է (այլ կայքեր էլ կան), որից հաճախ են «լուրեր» քաղում ու տարածում տարբեր հայ օգտատերեր՝ առանց խորամուխ լինելու, որ փաստորեն զբաղվում են ադրբեջանական քարոզչության տարածմամբ: Որպեսզի ոմանց ավելի հասկանալի լինի, դա գրեթե նույն բանն է, եթե սահմանը պահող, դիրքում կանգնած մեր զինվորի վրա թիկունքից կրակեն:
Եղեք աչալուրջ, առնվազն՝ լուրջ: